«Հրապարակ». Սոցապնախարարությունում ասում են՝ չենք վստահում Արցախի օպերատիվ շտաբի տվյալներին

«Հրապարակ». Սոցապնախարարությունում ասում են՝ չենք վստահում Արցախի օպերատիվ շտաբի տվյալներին

Արցախից բռնի տեղահանված զինվորականները` թե՛ սպաները, թե՛ պայմանագրայինները, որոնք պատրաստ էին ծառայության անցնել հայկական բանակում, լուրջ խնդիրների են բախվում Հայաստանի Հանրապետությունում: Նախ իշխանություններն առաջարկեցին՝ ստացեք Հայաստանի գրանցում, փոխեք ձեր անձնագրերը` հրաժարվելով 070 կոդով անձնագրից, որպեսզի կարողանաք ծառայել «մեր» երկրում։ Նման անընդունելի ձեւակերպմամբ առաջարկ են ստանում անգամ այն մարդիկ, ովքեր ծնվել են Հայաստանում, սակայն հետագայում տեղափոխվել Արցախ, ապրել Արցախում, ծառայել եւ միայն 2023-ի սեպտեմբերին են վերադարձել ՀՀ։ Նրանցից եւս պահանջում են գրանցումը փոխել, «դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի»՝ այն պարագայում, երբ նրանք ՀՀ քաղաքացի են։ 
Մենք զրուցել ենք Արցախից բռնի տեղահանված պայմանագրային զինծառայող Դավիթ Կարապետյանի հետ, ով իր ընտանիքով 2006 թվականին տեղափոխվել է Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնք, գրանցվել Արցախի Հանրապետությունում։ 2020 թվականի պատերազմից հետո, երբ Որոտանը (ադրբ․ Կուբաթլու) հանձնել են, Կարապետյանն ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան: Հետո նորից հետ է վերադարձել Արցախ՝ Ասկերանի շրջանում ծառայելու։

«Սեպտեմբերի 27-ին եկել ենք Գորիս, թատրոնի շենքում գրանցվել եմ, մարդիկ 100 հազար, 40 հազարական դրամները ստացել են` մենք չենք ստացել։ Գնացել եմ սոցապնախարարություն, որ տեսնեմ, թե ինչու իմ տվյալները չկան, պարզվում է` ինձ ցույց է տալիս Հայաստանի Հանրապետություն, օպերատիվ շտաբի տվյալներով։ Փաստացի թղթերը բերել եմ, որ ապրել եմ Ասկերանի այդ գյուղում, գյուղապետի կնիքով փաստաթուղթը բերել եմ, որ այսինչ զորամասում եմ ծառայել, օպերատիվ շտաբի պետին եմ դիմել՝ սխալն ուղղել են, նոր տվյալներ են ուղարկել սոցապնախարարություն, որ 2020 թվականից հետո նորից գնացել եմ Արցախ»,- ասաց Կարապետյանը։

Նա նշում է, որ եթե իր դեպքում խնդիրն ինչ-որ կերպ լուծում է ստացել, ապա իր մյուս մարտական ընկերները բախվում են բազմաթիվ խնդիրների։ Իր մարտական ընկերներից շատերը սոցապնախարարությունում ստանում են պատասխան՝ չենք վստահում Արցախի օպերատիվ շտաբի տվյալներին։ Այնինչ օպերատիվ շտաբը զինվորականներին տեղեկացրել է, որ նոր ցուցակներն ուղարկված են։ «Սոցապնախարարությունը հրաժարվում է, ասում է` ի՞նչ իմանանք՝ այնտեղ ծառայե՞լ եք, թե՞ ոչ»,- պատմում է պայմանագրային զինծառայողը։ Մեզ դիմած զինվորականը խնդրում է աջակցել, հուշել, թե ինչպես կարող է ստանալ դրամական աջակցությունը, քանի որ թե՛ ինքը, թե՛ մարտական ընկերները կանգնել են լրջագույն խնդիրների առաջ։

Արցախից բռնի տեղահանությունից հետո նման երկընտրանքի առաջ զինվորականներին կանգ- նեցնելը բացասաբար է ազդում նաեւ ՀՀ զինված ուժերի համալրման վրա։ 

Շարքային պայմանագրային զինծառայողն ամսական ստանում է մինչեւ 200 հազար դրամ, նրանց ճնշող մեծամասնությունն անշարժ գույք չունի Հայաստանում եւ ապրում է վարձով, իսկ վարձով տների գները շեշտակի աճ են գրանցել, հետեւաբար, ստացված աշխատավարձով չեն կարող վճարել թե՛ տան վարձը, թե՛ հոգալ այլ կենցաղային ծախսեր։ Դավիթ Գասպարյանը խնդրում է օգնել՝ լուծելու նման խնդրին բախված ու նախկինում զինծառայությունն Արցախում անցկացրած զինվորականների հարցերը, քանի որ վերջիններս շատ խոցելի վիճակում են հայտնվել։ Գուցե հնարավոր է ինչ-որ ներքին մեխանիզմներ մշակելով` մարդկանց համար նպաստավոր պայմաններ ապահովել, որպեսզի նրանք չզրկվեն փախստականի՝ օրենքով իրենց համար սահմանվող օգնություններից եւ կարողանան իրենց ծառայությունն իրականացնել ՀՀ զինված ուժերում։