«Հրապարակ». Արվեստի գործչին չի կարելի կոչում տալ, իսկ նախարարին կարելի՞ է

«Հրապարակ». Արվեստի գործչին չի կարելի կոչում տալ, իսկ նախարարին կարելի՞ է

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է, որ Հայաստանին պետք չեն ժողովրդական արտիստներ, վաստակավոր գիտնականներ ու շինարարներ, որ վաստակավոր մանկավարժն ու, ասենք, վաստակավոր մարզիչն ավելորդություն են` պետք է ազատվել դրանցից։ Եվ կոչումները վերացնելու մասին նախագիծը տանում են ԱԺ` քննարկման, իսկ նրա թիմը սկանդալային ելույթներ է ունենում` ցույց տալով իր տգիտությունը եւ այն, որ ոչ միայն նորմալ կրթություն չեն ստացել, այլեւ չեն ճանաչում հեղինակավոր արվեստագետներին: Եվ հասարակությունը, մոռանալով Հայաստանի ծանրագույն խնդիրները, սկսում է վրդովված քննարկել այդ գործընթացը: «ՀՀ պետական պարգեւների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը, որով չեղարկվում են քաղաքացիական անձանց տրվող պատվավոր կոչումները, արդեն ԱԺ-ում է։

«Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է օրենքով սահմանված բնագավառներում գործող մասնագետների համար ապահովել հավասար պայմաններ՝ ինքնադրսեւորվելու ու գործելու, այդ թվում՝ ստեղծագործելու համար, ապահովել առանձին մասնագիտական հանրույթների ներսում առողջ մրցակցության ու բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի ձեւավորում»,- ասված է նախագծում... Բլա-բլա-բլա։ 

Կարելի է կարծել, թե վաստակավոր գործիչները, ժողովրդական արտիստները իրենց հեղինակությամբ ճնշում են մյուսներին, խախտում են հավասարության սկզբունքը, մյուսները՝ ոչ վաստակավոր գործիչները, կոմպլեքսավորվում են, ուստի պետք է ազատվել ոչ թե միջակություններից, այլ վաստակավորներից ու գրողի ծոցն ուղարկել եւս մի արմատավորված ավանդույթ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացատրում է․ «Գնացել են մեկի երեխայի հարսանիքին, երգել են, նստած շեֆն ասել է՝ սրան մի հատ կազմակերպեք, ժողովրդական կամ վաստակավոր արտիստ տվեք։ Մականունավոր մարդիկ կան, որոնց երաժշտության ոլորտում վաստակավորի կոչում են տվել։ Հիմա այստեղ էլ կա, չեմ ուզում անունը տալ․ իր անունը գրել չգիտի, գիտությունների թեկնածուի կոչում էին ստանում։ Այ, հիմա այդ սխալն ուղղում ենք»։

Թե ինչպես են ուղղում նախկինների սխալները հեղափոխական իշխանությունները, 5 տարի է՝ տեսնում ենք։ Իսկ կոչումների, խրախուսման ասպարեզում, ինչպես նախկինում, հիմա էլ որպես միակ արժանիք՝ դիտվել է իշխանության հրահանգները կատարելը, նրանց խոսափողը լինելը։ Օրինակ, 20 թվականի նոյեմբերին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Փաշինյանի միջնորդությամբ պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Պատերազմը նոր էր ավարտվել խայտառակ պարտությամբ, եւ յուրայիններին կոչումներ բաժանելն այն ժամանակ, երբ ժողովուրդը սպասում էր կառավարության հրաժարականին, ուղղակի չլսված լկտիություն էր։ Այն ժամանակ խրախուսվում էր նաեւ պատերազմում տարածքներ հանձնելը, հայկական դիրքերից նահանջելը։ Նման անձինք Փաշինյանի կողմից պարգեւատրվում էին պաշտոններով եւ կոչումներով, ինչպես, օրինակ, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը, ով 5-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր եւ Ջեբրայիլում պարտության ու նահանջի ակտիվ մասնակիցներից: Նրան «հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար» Ազգային հերոսի կոչում տվեցին, իսկ հետագայում նրա դեմ քրեական գործ հարուցեցին՝ կաշառքի մեղադրանքով։ 

Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին եւս Փաշինյանը պարգեւատրեց Հայրենիքին ծառայությունների համար շքանշանով, իսկ 1 տարի անց հրապարակավ հայտարարեց, որ կառաջարկեր Տիրան Խաչատրյանին՝ հրաժարվել Ազգային հերոսի կոչումից։ Հիշեցնենք․ Նիկոլի «Ազգային հերոս» Խաչատրյանը նույնպես այսօր քրեական հետապնդման է ենթարկվում։ Զինվորական կոչումներն ավելի ու ավելի շատ էին բաժանվում, ինչքան ավելի էր ընկնում բանակի վարկանիշը, ինչքան շատ էին պարտությունները եւ քրեական գործերը։ Մի ձեռքով մարդկանց հերոս էին դարձնում, մյուսով գործեր էին հարուցում` լրտեսության, դավաճանության, այլ հանցանքների մեջ մեղադրում։ 

Փաշինյանը մեկնում էր զորամասեր եւ անձամբ պարգեւատրում զինվորականներին` գուցե նաեւ կանխելով նրանց վրդովմունքն ու դժգոհությունը պատերազմը սխալ վարելուց, ռազմական ոլորտում առկա անտերությունից ու անկազմակերպ վիճակից։ 

«Պարգեւ», «կոչում» հասկացություններն արագորեն արժեզրկվում էին նաեւ քաղաքացիական կյանքում։ Ընդամենը 2 շաբաթ առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ոսկե մեդալ շնորհեց «Համահայկական խաղերի կազմակերպման գործում ներդրած ջանքերի համար» ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։ Սա առաջին դեպքն է, երբ պաշտոնով ցածր անձը պարգեւներ է տալիս իր վերադասին, եւ ինչպե՞ս կարող է կառավարության աշխատակազմի ղեկավարը մեդալներ շնորհելու իրավունք ունենալ: Բայց դա էլ չէ կարեւոր, այլ այն, որ ստացվում է` արվեստի գործչին չի կարելի կոչում տալ, նախարարին կարելի՞ է։ 

Սրան նաեւ պոպուլիստական սոուս է հավելվում՝ ժողովուրդը պետք է որոշի, թե ում կոչում տալ, կարծես ժողովուրդն էր որոշել Անահիտ Ավանեսյանին կամ Ժաննա Անդրեասյանին մեդալ տալը։ Իսկ գուցե խրախուսվելու համար անհրաժեշտ է ընդամենը հնազանդ նիկոլահպատա՞կ լինել։ Ի դեպ, Արայիկ Հարությունյանն առանձնահատուկ սեր ունի մեդալներ բաժանելու՝ 2020 թվականի պատերազմի առաջին օրերին, երբ դեռ ԿԳՄՍ նախարարն էր, Ուսուցչի օրվա կապակցությամբ ոսկե մեդալներ բաժանեց Արցախի Հանրապետության հերոսի կոչում ստացած 5 զինվորականներին կրթած դպրոցներին՝ այդ հերոսներին կերտելու համար։ Այն ժամանակ դեռ Արցախն Ադրբեջան չէին հռչակել եւ արցախցիներին էլ Հայաստանի «անվտանգության սպառնալիք» չէին համարում:

Իսկ ո՞վ է որոշել, որ մեր ժամանակների հերոսը մաթեմատիկայի ուսուցիչ Սեւադա Խոջաբաղյանը պետք է լինի` ժողովո՞ւրդը։ Ամենեւին էլ չնսեմացնելով Խոջաբաղյանին որպես մասնագետի՝ նկատենք, որ նրա ընտրությունը, մեղմ ասած, անսպասելի էր, եւ դրանով է բացատրվում այն նեգատիվ ալիքը, որ նրա դեմ բարձրացավ սոցցանցերում, մանավանդ նրա սկանդալային ելույթից հետո։ 

Ընդամենը երկու-երեք շաբաթ է անցել, ու հանկարծ բերում են նախագիծ, որը հենց Նիկոլի բաժանած կոչումներն է արժեզրկում, ինչպեսեւ դրանց արժանացած անձանց։ 

Ի վերջո, ի՞նչ պարտադիր է ոչնչացնել բոլոր մշակութային ավանդույթները։ Ո՞ւմ էր խանգարում հին ու բարի «Ժողովրդական արտիստ» կոչումը կամ, ասենք՝ «Վաստակավոր ուսուցիչ»-ը, եւ արդյո՞ք սրա ժամանակն էր` մենք չունե՞նք ավելի կարեւոր խնդիր։ Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ քաղաքացիները նոստալգիա ապրեն՝ Սերժի, Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի, անգամ սովետի ժամանակները հիշելով։