Կարանտին․Ինչպես են ապրում գյուղերում

Կարանտին․Ինչպես են ապրում  գյուղերում

Կորոնավիրուսն առաջրինը հարվածեց օրավարձով աշխատողներին, որոնք հանրապետությունում ստվար բազմություն են,ըստ որոշ հաշվարկների՝  50 %-ից ավելին օրավարձով է աշխատում։ Կա մի մեծ խումբ ևս՝ արտագնա աշխատողները, որոնց եկամուտն այս պահին անորոշ է՝ սահմանները փակ են, պարզ չէ, թե պետությունները երբ նորից կվերականգնեն օդային և ցամաքային հաղորդակցությունները։

Գեղարքունիքի Երանոս գյուղը համարվում է դասական «խոպանչիների գյուղերից» մեկը․ գյուղը սնվում է Ռուաստանի Դաշնությունից։ «Հրապարակի» հետ զրույցում գյուղապետ Սաշա Բավեյանն ասաց, որ որոշ մարդիկ արդեն գնացել են, մյուսներն էլ՝ հիմնական մասը սպասում է։ Հույս ունեն, որ մայիսի կեսերից հետո  հստակություն մտած կլինի։ «Մենք սպասում ենք, իրենք էլ , երևի վիճակը նորմալանա, գոնե մինչև , մայիսի 15-20, որովհետև եթե բանվոր են գնում, այդ ժամանակ նոր գնում են»,-ասում է գյուղապետը։
 
Նրա խոսքով՝ գյուղում սովորական ապրում են, որևէ արտառոց վիճակ չկա։ Ավելին, քանի որ 2020-ին գյուղատնտեսական տարին շուտ է եկել,  բարձադիր գոտիներում չէ, բայց ավելի ցածրադիր գոտիներում սկսել են գարնանացանի աշխատանքները։

Զանգարահեցինք Լոռու մարզի Խնկոյան գյուղ։ Գյուղապետ Վարուշան Համբարձումյանն ասաց՝ չէ, մեր մոտ գարնանացան չկա, մեր մոտ ձյուն է, ծայրամասային գյուղ է։ Հարցին, թե ինչպես են ապրում, գյուղում ունե՞ն պոլիկլինկա, որ բժշկին տեղեկացնեն իրենց առողջական վիճակի մասին՝ գյուղապետն ասաց՝ չէ, գյուղի մեջ անհանգիստ  մարդ չկա։ Ինչպե՞ս թե չկա։ Ասաց․ «Բոլորը փակվել են տներում»։

Ինչ վերաբերում է Խնկոյանի արտագնա աշխատողներին, ապա գյուղապետն ասում է․«Չէ, մեր մոտ շատ չեն, մեր մոտ անասնապահություն է, մի 3-4 տղա, էն էլ շատ կա, մայիսին են գնում»։

Փոխարենը՝ մարզի Կաթնաջուր համայնքի ղեկավար  Արմեն Պապոյանը «ճակատագրական» է համարում սահմանների չբացման հարցը։

«Մեր մոտ արտագնա աշխատանքի գնացող շատ ունենք,  մի ընտանիքում՝ երիտասարդները, մեկում ՝ մեծերի, բայց ահագին մասը գնացող են, ու եթե էդ խնդիրը չլուծվի, մեր վիճակը շատ կվատանա»,-ասաց գյուղապետը։

Ինչ վերաբերում է կարանտինին, ապա  Արմեն Պապոյանը հաճելիորեն զարմացած է, որ համագյուղացիներն իր սպասածից շատ ավելի զգուշավոր են՝ իրար հյուր չեն գնում, դուրս չեն գալիս, թերթիկները լրացնում են։