Ներմուծման մաքսատուրքից ազատեցին «ԷՆԻ ՖԼԱՈՒԵՐՍ» ՍՊԸ-ին

Ներմուծման մաքսատուրքից ազատեցին «ԷՆԻ ՖԼԱՈՒԵՐՍ» ՍՊԸ-ին

Գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում է ընդգրկված 52 հարց, որից 49-ը չեն զեկուցվում, ևս երեք հարց էլ գաղտնի է հանդիսանում։

Կառավարությունը քիչ առաջ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԷՆԻ ՖԼԱՈՒԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքում կառուցել ջերմոցներ։ Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել ծաղիկներ, մասնավորապես՝ վարդեր։ Ջերմատունը զինված է լինելու ժամանակակից արտադրական սարքավորումներով և վարդերի արտադրության կազմակերպման արդիական մեթոդներով։

Ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 950 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ջերմոցների արժեքը), 280 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և 30 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար։
Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 25 նոր աշխատատեղ՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 494 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 24․7 մլն դրամ: