Արևմուտքի համար ցավոտ է լինելու. ի՞նչ է ծրագրում Ռուսաստանը

Արևմուտքի համար ցավոտ է լինելու. ի՞նչ է ծրագրում Ռուսաստանը

Մոսկվան, ի թիվս այլ միջոցների, դիտարկում է արևմտյան երկրների հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակի իջեցման հնարավորությունը՝ ի պատասխան հակառուսական գործողությունների։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Այժմ հնարավո՞ր է լուծում, որը ներառում է դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակի իջեցում։ Կարող եմ ասել, որ սա քննարկման առարկա է և այս ամենն ուսումնասիրվում է։ Նման որոշումները կայացվում են ամենաբարձր մակարդակով»,- ասել է նա «Известия»-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Արևմուտքի հետևողական հակառուսական քաղաքականությանը Մոսկվայի արձագանքի հնարավոր սցենարները։
Նրա խոսքով, Արևմուտքը հակառուսական միջոցներով մոտենում է անդառնալիության կետին, և Մոսկվայի արձագանքը նրա համար ցավոտ կլինի։

«Բայց հակառակորդները պետք է իմանան, որ քայլ առ քայլ իրենք իրենց մոտեցնում են անդառնալիության կետին։ Ի՞նչ առումով է անդառնալի այդ կետը: Թող իրենք մտածեն ու որոշեն, բայց արտաքին քաղաքական այս ամենաթողությունն ու իրենց անպատժելիությամբ տարված լինելն, ի վերջո, կհանգեցնի մեր կողմից այնպիսի արձագանքի, որը շատ ավելի ցավոտ կլինի, քան այսօր թվում է»,- նշել է փոխնախարարը։