ԿԳԲ-ի գործակալներ. ինչպես հայտնաբերել նրանց  

ԿԳԲ-ի գործակալներ. ինչպես հայտնաբերել նրանց  

Նորից սկսել են խոսել լյուստրացիայի մասին` ցանկանում են Հայաստանում գտնել ԿԳԲ-ի նախկին գործակալների մասին փաստաթղթեր: Սին հույսեր: Ինչպես ցույց է տալիս Ուկրաինայի փորձը, դա անհնար է: Այդ փաստաթղթերն այնտեղ «Կամազ»-ներով տեղափոխել եւ ոչնչացրել են: Իսկ գործակալների ձեռքով գրված համագործակցության մասին համաձայնագրերը տեղափոխվել են այդ կազմակերպության կենտրոնակայան: Եվ դրանց օգնությամբ ՌԴ նորաստեղծ համապատասխան մարմինները հնարավորություն են ստացել նորից հավաքագրելու այդ անձանց: 

Հույս ունենալ, թե փաստաթղթերի հիման վրա Հայաստանում հնարավոր կլինի պարզել, թե ովքեր են համագործակցել ԿԳԲ-ի հետ, անհնար է: Եթե, իհարկե, չկատարվի հրաշք, եւ չբացվեն Ռուսաստանի համապատասխան արխիվները:

Բայց, ինչպես 1970-ականներին ծիծաղելով պատմում էր մոսկվացի մաթեմատիկոս Միխայիլ Ցալենկոն, 1917 թվականի հեղափոխությունից հետո «գաղտնի» մակագրություն կրող ցարական օխրանկայի փաստաթղթերի վրա նորից դրվել է  «գաղտնի» գրությունը, եւ դրանք մնացել են անհասանելի: Համոզված եմ, դրանք գաղտնի են մինչ այսօր: Գաղտնի են, որովհետեւ 1990-ականների սկզբին, երբ փաստացի անիշխանություն էր, որոշ արխիվներ դարձան հասանելի, եւ պարզվեց, որ 1917 թվականին եւ դրանից առաջ տեղի ունեցած իրադարձություններին մասնակցած ղեկավարների, կուսակցապետերի, նույնիսկ ցարական բարձրաստիճան չինովնիկներ սպանած ահաբեկիչների մեջ էլ կային օխրանկայի գործակալներ: Ցարական օխրանկան ամենակարող էր, ամենուր ուներ գործակալներ: Կհարցնեք, թե ինչու էր Ցալենկոն այդ մասին խոսելիս ծիծաղում. որովհետեւ ԽՍՀՄ վիճվարչության գիտահետազոտական ինստիտուտներից մեկում պաշտոնավարող Ցալենկոյին տրվել էր առաջադրանք` նա, այսօրվա լեզվով ասած, պետք է կոմպյուտերիզացներ ՍՍՀՄ արխիվներում պահվող բոլոր փաստաթղթերը, ի մի բերեր: Հնարավորություն ստեղծեր համակարգչի օգնությամբ գտնել ցանկացած արխիվում պահվող ցանկացած փաստաթուղթ: Մինչդեռ տասնամյակներ անց էլ նույնիսկ ցարական ժամանակների փաստաթղթերը համարվում էին գաղտնի:

Ինչպես պարզվեց, Ուկրաինայում շատ էին գործակալները, որոնք նպաստեցին այդ երկրի տարածքների օկուպացմանը: Մասնավորապես, երկրի հարավում գտնվող ականապատված տարածքները վերջին պատերազմից առաջ ականազերծվել էին, ինչը հնարավորություն էր տվել՝ Ղրիմի կողմից ծավալել հաջող հարձակում: Քանի որ «Բեռլինի պատի» փլուզումը, ի տարբերություն ԽՍՀՄ փլուզման, կատարվեց չափազանց արագ եւ անսպասելի, այնտեղի ՊԱԿ-ը՝ «Շտազին», չհասցրեց այրել բոլոր փաստաթղթերը, եւ հնարավոր եղավ լյուստրացիա իրականացնել: Բացի այդ, քաղաքացիներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու իրենց անձնական գործերին: Պարզվեց, որ շատ հանրահայտներ, պաշտոնյաներ համագործակցել են  «Շտազիի» հետ: Պարզվեց նաեւ, որ մատնագրեր են գրել շատերը, այդ թվում նաեւ ամուսինները՝ միմյանց վրա: 

Գաղտնիք չէ, որ Սովետմիությունում ԿԳԲ-ն ամեն ինչ վերահսկում էր: Չկար որեւէ հիմնարկ-ձեռնարկություն, որտեղ չգործեին նրա գործակալները: Ասում էին, որ բնակելի շենքերում յուրաքանչյուր շքամուտքի բնակիչներից մեկը՝ համապատասխան վարձավճարի դիմաց, ՊԱԿ-ին տեղեկացնում էր բնակիչների վարքուբարքի, նրանց կապերի մասին: Արտասահման գնացող եւ այնտեղից եկող նամակներն էին ընթերցվում` հատուկ սարքերի օգնությամբ: Երբ որեւիցե արտասահմանցի էր գալիս ԽՍՀՄ, նրան կցում էին ԿԳԲ-ի հետ համագործակցող մարդու, որը պարտավոր էր ամեն օր հաշվետվություն գրել, թե նա ում հետ է հանդիպել եւ ինչի մասին է զրուցել: Սովետական քաղաքացիները, հայտնվելով արտասահմանում, կորցնում էին զգոնությունը եւ ավել-պակաս խոսում էին` քննադատում էին խորհրդային կարգերը: Հետո պարզվում էր, որ արտասահմանյան նրանց զրուցակիցների թվում եղել են ԿԳԲ-ի գործակալներ… 

Նույնիսկ հակառակորդի վկայությամբ էր ՊԱԿ-ն ամենազոր: Նա փորձում էր ներթափանցել արտասահմանում գործող էմիգրանտական կազմակերպություններ ու կուսակցություններ, ինչպես նաեւ՝ եկեղեցի, որոնց բոլշեւիկները համարում էին գաղափարական թշնամիներ: Եվ կասկած չկա, որ ՊԱԿ-ի գործակալները մեծ չափերով ներթափանցել են մեր ավանդական կուսակցություններն ու եկեղեցին, այնտեղ գրավել ղեկավար դիրքեր: ԿԳԲ-ն այնքան հզոր էր, որ կարողանում էր գործակալներ ունենալ ոչ միայն այդ կազմակերպություններում, այլ նաեւ կապիտալիստական ամենակարեւոր երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների շրջանում: Չէ՞ որ ԿԳԲ-ն զգալի գումարներ էր վճարում արտասահմանում իր հետ համագործակցողներին:  

Մի խոսքով, ՊԱԿ-ի գործակալներն ամենուր էին: Սակայն լյուստրացիայի հարցը, ինչպես նաեւ ՊԱԿ-ի գործակալների հնարավոր ներկայությունը «Ղարաբաղ» կոմիտեում, ՀՀՇ-ում եւ այլ կուսակցություններում, չգիտես ինչու, այնքան էլ չի հետաքրքրում մեր հասարակությանը: Եթե հիշում եք, ՊԱԿ-ի արխիվները բացելու եւ նրա գործակալներին բացահայտելու փորձը խորհրդարանում տապալվեց: Ըստ երեւույթին, դրա դեմ քվեարկող պատգամավորների եւ նրանց քվեարկությունն ուղղորդող կուսակցապետերի մեջ էլ քիչ թիվ չէին կազմում ՊԱԿ-ի կողմից հավաքագրված անձինք: Մինչդեռ Հայաստանի հանրապետությունում վերջին 3 տասնամյակների ընթացքում իշխանափոխություն, փաստորեն, չի եղել: Առաջին 3 ղեկավարները ՀՀՇ վարչության անդամներ էին, իսկ վերջինը նրանց «դպրոցն» անցած, նրանց կողմից առաջ քաշված թեկնածու է: Այդ ղեկավարների միջեւ եղած հակասությունները գաղափարական չեն, նրանց չի հետաքրքրում այն հարցը, թե ովքեր են նախկին գործակալները, որոնք, բացառված չէ, շարունակում են մնալ այդպիսին: Այնպես որ, մենք պետք է բավարարվենք միայն անուղղակի հանցանշաններով: 

ՍՍՀՄ-ում սովորական մահկանացուներին արտասահման գնալը հակացուցված էր, եւ քչերին էր հաջողվում այցելել նույնիսկ արեւելաեվրոպական՝ այսպես կոչված, ժողովրդական դեմոկրատիայի երկրներ: Նրանց համար գործում էր հետեւյալ կարգը՝ այդ երկրներ կարելի էր մեկնել ոչ հաճախ, քան տարին մեկ, իսկ կապիտալիստական երկրներ՝ ոչ հաճախ, քան 5 տարին մեկ: Մինչդեռ որոշ մարդիկ հաջողացնում էին ամեն տարի այցելել մի քանի պետություն եւ պարծենում էին, թե տեսել են աշխարհի համարյա բոլոր երկրները:

Դրա հետ միասին, կային բազմաթիվ գրողներ, ակադեմիկոսներ, լրագրողներ, երաժիշտներ, դերասաններ, գիտնականներ, որոնք արտասահմանից անվանական հրավերներ էին ստանում, սակայն նրանց փոխարեն մեկնում էին ուրիշ, ընդ որում՝ միշտ նույն մարդիկ: Կա եւս մեկ անուղղակի եղանակ՝ ենթադրելու, թե տվյալ անձը համագործակցե՞լ է ՊԱԿ-ի հետ, թե՞ ոչ: Դա նրա կենսագրությունն է, ավելի ճիշտ` արագ եւ աներեւակայելի կարիերայի առկայությունը: Խորհրդային Միությունում ծառայողական առաջխաղացումը բարդ, տասնամյակներ խլող գործ էր: Որքան էլ մարդը տաղանդավոր, աշխատասեր, պարտաճանաչ ու խելոք լիներ, միեւնույն է, ոչ մի երաշխիք չկար, թե ղեկավարությունը դա հաշվի կառնի: Կային բազմաթիվ պաշտոններ, կոչումներ, մրցանակներ, որոնց անհնար էր հասնել առանց հզոր աջակցության: ԿԳԲ-ն այդպիսի աջակցություն ցուցաբերում էր: Երբ ուսումնասիրում ես որոշ մարդկանց աշխատանքային կենսագրությունը, պարզվում է, որ այդ մարդն ավարտել է, ասենք, ինչ-որ ինստիտուտի հեռակա կամ երեկոյան բաժինը, մեկ տարի աշխատել է գործարանում կամ ծառայել է բանակում, հետո միանգամից ստացել է պատկառելի պաշտոն: Որից հետո պաշտոնեական աստիճաններով արագ թափով առաջ է սլացել: Միաժամանակ ստացել է կոչումներ, մրցանակներ, հաճախակի այցելել է կապիտալիստական ու սոցիալիստական բազմաթիվ երկրներ: Նաեւ ընդունել եւ շփվել է այդ երկրներից ժամանած հյուրերի հետ, ինչը, ըստ ներքին օգտագործման կանոնների, արգելված էր կամ, գոնե, չէր խրախուսվում: Այդպիսի մարդիկ նաեւ կարող էին ասել ու գրել այնպիսի բաներ, ինչի համար մյուսներին հեռացնում էին աշխատանքից, նույնիսկ՝ ձերբակալում: 

Հետխորհրդային շրջանում այդ մարդիկ կարողացան տիրանալ Սովետմիության փլուզումից հետո անտեր մնացած համաժողովրդական սեփականությանը եւ դառնալ գործարանների, ձեռնարկությունների, բանկերի տերեր, կուսակցապետեր, հանքերի սեփականատերեր: Նրանք կարողացան ոչ միայն պաշտոններ եւ բիզնեսներ տալ իրենց ուզած մարդկանց, այլ նաեւ ընտրությունները դարձնել կառավարելի եւ այդ մարդկանց խցկել ընտրովի մարմիններ:

Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ