Ո՞վ է դիմակայելու Հայաստանի դեմ ռուսական ագրեսիային

Ո՞վ է դիմակայելու Հայաստանի դեմ ռուսական ագրեսիային

Ի՞նչ են անելու 100 եվրոպացի դիտորդները` զինված թե անզեն, եթե Ադրբեջանն ագրեսիա սկսի Հայաստանի դեմ՝ հարցնում են շատ հայ վերլուծաբաններ եւ իրենք էլ տալիս են հարցի պատասխանը. անմիջապես մեկնելու են «Զվարթնոց» օդանավակայան եւ հեռանալու են Հայաստանից՝ հետագայում գուցե դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան: Իշխանությունները համաձայն չեն նման մոտեցմանը. նրանք ասում են, որ ԵՄ դիտորդական առաքելությունն այստեղ է, որ ոչ թե զենքը ձեռքին կռվի Ադրբեջանի զինված ուժերի դեմ եւ հետ մղի հարձակումը, այլ որ իր հեղինակությամբ թույլ չտա նման հարձակում, ամրապնդի կայունությունը եւ խաղաղությունը: Այս պնդումը եւս շատ համոզիչ չէ․ եթե ԵՄ-ն այնքան հեղինակություն ունի, որ կարող է կանխել Ադրբեջանի հարձակումը, կարող է դա անել առանց այդ 100 դիտորդների էլ, չնայած կարող են ասել, որ դա հավելյալ ազդեցության լծակ է՝ Ադրբեջանին զսպելու համար. մենք տեղում ամեն ինչ տեսնում ենք:

Իսկ ի՞նչ կլինի, եթե ոչ թե Ադրբեջանն ագրեսիա սկսի Հայաստանի նկատմամբ, այլ՝ Ռուսաստանը, ի՞նչ են անելու ԵՄ դիտորդները ռուսական ագրեսիան կանխելու համար: Մանավանդ, որ կարծիք կա, թե ԵՄ դիտորդները մեր տարածք են եկել Ռուսաստանի եւ գուցե Իրանի ռազմական տեղաշարժը վերահսկելու համար: Ռուսաստանն էլ արդեն մի քանի անգամ բաց տեքստով հայտարարում է, որ ԵՄ դիտորդներն այստեղ են եկել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար: Ռուսաստանը հետեւողականորեն հող է նախապատրաստում ինչ-որ գործողության համար:

Հիշենք, թե ինչից սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը: Ռուսաստանը պահանջում էր, որ ՆԱՏՕ-ն եւ Ուկրաինան գրավոր երաշխիք տան, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, այդ պահանջը մերժվում էր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հստակ ձեւակերպեց Արեւմուտքի պատասխանը Ռուսաստանին` ասելով, որ որեւէ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այդ երկրի եւ ՆԱՏՕ-ի սուվերեն իրավունքն է, եւ որեւէ երրորդ երկիր չի կարող ազդեցություն ունենալ որոշման կայացման վրա: Ռուսաստանը հայտարարեց, որ Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցությունն իր համար էկզիստենցիալ վտանգ է ներկայացնում, եւ ռազմական ագրեսիա սկսեց՝ ՆԱՏՕ-ին իր սահմաններից հեռացնելու համար: Ճիշտ է՝ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ին դաշնակից բազմաթիվ երկրներ օգնում են Ուկրաինային՝ դիմակայելու Ռուսաստանին, բայց, միեւնույն ժամանակ, արեւմտյան դաշինքն անում է ամեն ինչ, որ ռուս-ուկրաինական պատերազմը չվերաճի Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմի: Յուրաքանչյուր անգամ ռազմական օգնություն տրամադրելով Ուկրաինային` արեւմտյան տերությունները հատուկ նշում են, որ սա չի կարող դիտարկվել որպես պատերազմին անմիջական մասնակցություն: Արեւմտյան երկրներն արդեն մեկ տարի մերժում են Ուկրաինային կործանիչ ավիացիա տրամադրել, որովհետեւ Ուկրաինայի տարածքում բոլոր ռազմական օդանավակայանները ոչնչացված են, եւ կործանիչ ավիացիան դրանք չի կարող օգտագործել, իսկ եթե այդ ինքնաթիռները թռչեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքից, այդ օդանավակայանները կարող են լեգիտիմ թիրախ դառնալ Ռուսաստանի համար` դրանով ՆԱՏՕ-ին ներքաշելով Ռուսաստանի հետ պատերազմի մեջ: Սրա մասին այսքան մանրամասն գրում եմ, որ հասկանալի լինի, որ ոչ մի պարագայում ՆԱՏՕ-ի կամ ԵՄ անդամ երկրների բանակները հանուն Հայաստանի պաշտպանության երբեք ռազմական դիմակայության մեջ չեն մտնի Ռուսաստանի հետ:

Նախորդ օրն էլ Մոլդովայի վարչապետը հայտարարեց, թե իրենք տեղեկություններ ունեն, որ Ռուսաստանը պատրաստվում է ագրեսիա իրականացնել Մոլդովայի դեմ: Մոլդովայի մի մասը` Մերձդնեստրը, արդեն երեսուն տարի դուրս է եկել կենտրոնական իշխանության վերահսկողությունից, եւ այնտեղ տեղակայված են ռուսական բանակի ստորաբաժանումներ: Մոլդովան մտահոգություն ունի, որ ռուսական ռազմական դեսանտը կարող է գրավել Քիշնեւի օդանավակայանը եւ փորձել իր վերահսկողության տակ առնել երկրի ամբողջ տարածքը: Մոլդովայի վարչապետի այս մտահոգությունն այնքան էլ հիմնազուրկ չէ. Ռուսաստանի որոշ պաշտոնյաներ արդեն ակնարկել են, որ հաջորդը կարող է լինել Մոլդովան:

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հետ մղելու Ռուսաստանի հարձակումը, եթե այդպիսին լինի: Իսկ ի՞նչ է ասում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, երբ Ռուսաստանի Պետդումայի խոսնակը, ըստ էության` երկրորդ մարդն իշխանության մեջ, հայտարարում է, որ Հայաստանը կարող է կորցնել իր պետականությունը: Վոլոդինը «Հայաստան» բառը չի օգտագործում, բայց պարզ է, որ նրա սպառնալիքը վերաբերում էր ուղիղ Հայաստանին: Հայաստանն այդպես էլ պաշտոնապես չարձագանքեց մեր երկիրը վերացնելու ռուս պաշտոնյայի սպառնալիքին: Իսկ ինչպե՞ս պետք է լինի Հայաստան պետության վերացումը, եթե ոչ մեր երկրի տարածքը Ռուսաստանին միացնելով. Ռուսաստանն ինչ-որ երկիր կարող է վերացնել՝ միայն այն իրեն միացնելով, թե չէ ի՞նչ շահ ունի՝ մի ամբողջ երկիր վերացնելով, եթե այն բաժին է հասնելու ուրիշներին:

Ո՞վ է Հայաստանից կռվելու ռուսական բանակի դեմ. եվրոպացի դիտորդնե՞րը, Ռուսաստանի դեմ Ֆեյսբուքում պոստեր գրող արեւմտամետնե՞րը, թե՞ Փաշինյանի կողմից վերջնականապես ոչնչացվող Հայաստանի բանակը: Դիմակայելու բան էլ չկա. Հայաստանի տարածքում երեւի չկա մի մարզ ու քաղաք, որտեղ ռուսական ռազմաբազա կամ գոնե ռազմական ենթակառուցվածք չլինի` Գյումրիից մինչեւ Մեղրի, մեր երկրի ամբողջ երկարությամբ: Բոլորը տեսնում եւ հասկանում են, որ Փաշինյանը Հայաստանը վերածում է իրար թշնամի երկու աշխարհաքաղաքական բեւեռների բախման կիզակետի, որ նրա գործողությունները Հայաստանում ոչ թե անվտանգություն ու խաղաղություն են բերելու, այլ երկիրը դարձնելու են բախման նոր թատերաբեմ: Բայց նա միշտ արդարացում ունի՝ ոչ մի բանի համար ո՛չ մեղավոր է եւ ո՛չ էլ պատասխանատու: