Միջազգային որոշիչ տեղաշարժեր Հայաստանի շուրջ 

Միջազգային որոշիչ տեղաշարժեր Հայաստանի շուրջ 

Շաբաթը դեռ չսկսված՝ այնքան միջազգային իրադարձություններ կատարվեցին շուրջբոլորը, որ միայն թվարկելն ամբողջ հոդվածի ծավալը կզբաղեցնի, բայց չթվարկել էլ հնարավոր չէ, քանի որ դրանք նշանակություն ունեն աշխարհի համար եւ, ինչն ավելի կարեւոր է` Հայաստանի: Մի կողմ թողնենք այն, որ անցյալ շաբաթավերջը նշանավորվեց Մյունխենի անվտանգության համաժողովի անցկացմամբ, որտեղ Հայաստանի համար նպաստավոր մի քանի հայտարարություններ եղան` Ֆրանսիայի նախագահի, ԱՄՆ պետքարտուղարի կողմից, Ալիեւն էլ իր սովորական անմեղսունակի կերպարի ու բլա-բլա-ների արանքում խոստովանեց, որ միջազգային մեխանիզմով նստելու է Արցախի իշխանությունների հետ բանակցությունների:

Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համարյա գաղտնիության պայմաններում անձամբ ժամանեց Կիեւ, հանդիպեց նախագահ Վլադիմիր Զելենսկուն, եղավ Միխաիլովյան տաճարում եւ իր ներկայությամբ ցույց տվեց, թե ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին բոլորելուց հետո ով է շքերթի հրամանատարը՝ նախկին խորհրդային երկրներում: 

Հաջորդ օրը` փետրվարի 21-ին, իր երկրից գրեթե դուրս չեկող Վլադիմիր Պուտինը դուրս եկավ գոնե իր բունկերից եւ ՌԴ ժողովրդին ուղղված տարեկան ուղերձով հանդես եկավ` սովորության համաձայն, ամեն ինչ գլխիվայր շուռ տալով, Ուկրաինայի դեմ իր սանձազերծած վայրագ պատերազմի համար Ուկրաինային մեղավոր կարգելով, Արեւմուտքի հասցեին զազրախոսելով եւ միջուկային զենքերի իր բրենդային թեման նորից ասպարեզ բերելով` այս անգամ ՌԴ զինված ուժերին եւ «Ռոսատոմին» հրապարակավ եւ աշխարհին լսեցնելով հանձնարարեց, որ միջուկային զինատեսակների իրական փորձարկման պատրաստ լինեն: 

Նույն՝ երեքշաբթի օրը Ուկրաինայից Լեհաստան վերադարձած ԱՄՆ նախագահը ելույթ ունեցավ Վարշավայի կենտրոնում գտնվող Զիգմունդի հրապարակում (առանձնապես մեծ հրապարակ չէ), Զիգմունդի խաչակիր արձանի ներքո, Արքայական ամրոցի (Royan castle) առջեւ եւ ի լուր աշխարհի հայտարարեց, որ Ռուսաստանին երբեք թույլ չի տրվի հաղթել Ուկրաինային: 

Ջո Բայդենը նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ տարի ինքն ԱՄՆ-ում կհյուրընկալի մարդկային պատմության մեջ երբեւէ ստեղծված ամենահզոր դաշինքի` ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակի հանդիսությունները եւ դաշինքի անդամ երկրների ղեկավարներին, որոնք այսօր կանգնած են ավելի միակամ ու միասնական, քան երբեւէ նախկինում: Բայդենը սպասելիորեն կրկնեց նաեւ իր բրենդային ֆրազը. «Putin sought finlandization of NATO, instead got natiozation of Finland» (Պուտինի նպատակը ՆԱՏՕ-ն Ֆինլանդիա դարձնելն էր, մինչդեռ ստացավ հակառակը` Ֆինլանդիան վերածվեց ՆԱՏՕ-ի): Եվ ենթադրելի է, իր ելույթի ռուսաստանցի ունկնդիրների համար, եթե այդպիսիք լինեին, նախագահ Բայդենն ընդգծեց, որ Արեւմուտքը Ռուսաստանի դեմ որեւէ հարձակում չի իրականացրել, որեւէ ռազմական գործողություն չի վարում, ոչ էլ Ռուսաստանը փլուզելու նպատակ է հետապնդում, այլ օգնում է Ռուսաստանի հետ սահմանակից լինելու դժբախտությունն ունեցող երկրներից մեկին` Ուկրաինային, պաշտպանվելու ռուսական ագրեսիայից: 

Հաջորդ` չորեքշաբթի օրն էլ Մոսկվայում ընդունեցին Չինաստանի ԱԳ նախարարին եւ ռուս-չինական բարեկամության մասին խոսեցին, ԱՄՆ նախագահն էլ Վարշավայում ընդունեց «Բուխարեստի իննյակ» ձեւաչափում միավորված Արեւելյան Եվրոպայի երկրների ղեկավարներին, որոնք ժամանակին մաս են կազմել ԽՍՀՄ առաջնորդած Վարշավյան պակտին:  Այս երկրները, իրենց պատմական փորձառությունից եւ հիշողությունից ելնելով, ԱՄՆ նախագահին հորդորում էին, որ իրենց երկրները վերցնի ԱՄՆ պաշտպանական հովանու ներքո` միջուկային զենք եւ ԱՄՆ զինուժ տեղակայելով իրենց տարածքներում` ՌԴ հնարավոր ագրեսիայից պաշտպանելու համար: Թե խնդրանքն ինչ չափով կկատարվի, ժամանակի ընթացքում կտեսնենք:

Անշուշտ, այն, ինչ կատարվում է Արեւելյան Եվրոպայում, քայլերը, որ այս շաբաթ ամփոփվեցին եւ ազդարարվում են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից, որոշիչ ազդեցություն ունեն Հայաստանի համար, քանի որ ապագա զարգացումների տրաեկտորիան են ուղենշում: Այդուհանդերձ, ընթացիկ շաբաթվա կարեւորագույն իրադարձությունը Հայաստանի համար EUMA-ի` Հայաստանում եվրոպական առաքելության աշխատանքի մեկնարկն էր, որ ազդարարվեց փետրվարի 20-ին: Հենց այս EUMA առաքելության եւ Հայաստանի հողի վրա Եվրամիության կանգնելն է Հայաստանի անվտանգության եւ ապագա եվրաինտեգրման` ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի բարեկեցիկ ու անվտանգ ափ հասնելու գլխավոր երաշխիքը: Դա առավելագույնն էր, որին հնարավոր էր հասնել:  Սա մի ձեռքբերում է, որ անհնար է գերագնահատել… այդուհանդերձ, դա արժեքավոր ընթացքի սկիզբն է: 
Հաջորդող երեք քայլերը, որոնց, հուսանք, մինչեւ տարեվերջ Հայաստանը կկարողանա հասնել՝ Ռուսաստանի թուլացմանը զուգահեռ, ա) հայ-թուրքական սահմանի բացումն է երրորդ երկրների (իմա` ԱՄՆ եւ ԵՄ) քաղաքացիների համար, բ) պաշտոնապես Հայաստանի` ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը սկսելը եւ ավարտին հասցնելը, գ) ՀԱՊԿ-ից հեռանալուց հետո EUMA-ի առաքելության կազմn ընդլայնելը` ընդգրկելով մի քանի հարյուր, մինչեւ մեկ-երկու հազար սպառազինված խաղաղապահ: 

Եթե ԵՄ Strategic Compass-ով ստեղծված եւ առավելագույնը 300 քաղաքացիական դիտորդ ընդգրկող CSDP առաքելության կազմի 1/3-ը` 100 հոգի ժամանել է Հայաստան, ապա օրինաչափ է ակնկալել, որ նույն Strategic Compass-ով նախատեսված 5 հազար հոգանոց սպառազեն խաղաղապահ առաքելության գոնե 1/3-ը` 1000-2000 զինվորական նույնպես ժամանակին կժամանի Հայաստան եւ կմիանա EUMA-ին: 

Ի դեպ, եթե դա պատահի, ապա Հայաստանի սահմանը կպաշտպանեն ավելի մեծ թվով եվրոպացի զինվորականներ, քան ՆԱՏՕ-ի Spearhead force-ում ընդգրկված զինվորականների ընդհանուր քանակն էր, որոնք ռոտացիոն կարգով 2015-ից պաշտպանում էին մերձբալթյան երեք երկրների` Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի` Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանները: Խոսուն հանգամանք է: Մնում է աշխատել եւ հասնել դրան: