Ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 1-ին՝ առկա ձեւաչափով

Ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 1-ին՝ առկա ձեւաչափով

Հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը 2021-2022 ուսումնական տարում կիրականացվի օրումեջ, սակայն կլինեն նաեւ որոշ փոփոխություններ: Այս մասին երեկ հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել, որ ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 1-ից՝ առկա ձեւաչափով, որը հնարավորինս փորձելու են ողջ տարի պահպանել։ «Որեւէ մեկիս մոտ չկա ցանկություն եւ մտադրություն՝ անցում կատարել այլ ձեւի։ Առկա ուսուցման պահպանումը կախված է մեզնից, մեր վարքագծից, թե որքանով մենք հետեւողական կլինենք հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Սա նշանակում է, որ առկա ուսուցումը շարունակելու է ուղեկցվել այդ կանոնների պահպանմամբ, որոնք արդեն գործում էին նախորդ տարի, իսկ սա էլ նշանակում է, որ պահպանվում են դիմակների կրումը, դպրոցների ախտահանման հետ կապված կարգավորումները։ Հիմա մեր միջազգային գործընկերների հետ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի դպրոցներին ապահովենք անհատական պաշտպանիչ միջոցներով՝ ախտահանիչներով, եւ որպեսզի այս անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը եւ տրամադրումը լրացուցիչ բեռ չլինեն դպրոցների համար»,- ասել է Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը դպրոց կազմակերպել մյուս դասարաններից մեկ օր շուտ, որպեսզի կուտակումներ չառաջանան։ Ինչպես նաեւ առաջարկվում է միջոցառումները հնարավորինս բացօթյա իրականացնել։

«Այս տարի մենք շարունակում ենք ուսուցումը՝ թույլ տալով եւ շարունակելով արտաուսումնական խմբակների գործունեությունը, երկարօրյա կարգը։ Բոլոր դպրոցներն այս տարի դասընթացները կիրականացնեն օրումեջ, եթե աշակերտների քանակը 20-ից ավելի է: Մենք նախատեսում ենք նաեւ այնպիսի դեպքեր, որ եթե ուսումնական հաստատությունները կարողանան հավուր պատշաճի պահպանել բոլոր հակահամաճարակային կանոնները, ապա կկարողանան դիմել ԿԳՄՍ նախարարություն, ինչից հետո կիրականացվի ստուգում, ապա կորոշվի՝ արդյոք դպրոցը կարո՞ղ է անցնել ամենօրյա ռեժիմով դասապրոցեսի»,- նշել է Անդրեասյանն ու տեղեկացրել, որ 2021-2022 ուսումնական տարում Հայաստանի ողջ տարածքում, ընդհանուր առմամբ, առաջին անգամ դպրոց կգնա շուրջ 37 հազար երեխա: