Ինչու՞ է աղմկում գետը․․․

 Ինչու՞ է աղմկում գետը․․․

Չէի ուզում անդրադառնալ, բայց այն շատ արժեքավոր բան է իր մեջ պարունակում, որը կարող է օգտակար լինել գալիք իշխանություններին։

Մայիսի 29-ի ֆեյսբուքյան գրառման մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանն արտահայտվել է, հուսով եմ անկեղծ․ «Մարդիկ, որոնք առաջ ինչ էին անում ինձ տեսնելիս, հիմա շրջվում են, եւ ես ասում եմ՝ գոնե առաջվա կեսի չափ ձեզ պահեք»: Ու դա կապում էր իր մասին  կեղծ ինֆորմացիայի, ֆեյքերի հետ։

Ակամայից հիշում եմ, որ երբ նախկին իշխանության ներկայացուցիչները իրենց վարկաբեկելու մասին էին խոսում՝ ֆեյքերով, կեղծ ինֆորմացիայով, Աննայի վարչապետ ամուսինը բարձր ամբիոններից հայտարարում էր, բառացի չեմ հիշում, մոտավոր՝ մենք ի՞նչ մեղք ունենք, ժողովուրդն է ձեզ հայհոյում։

Հիմա ուզում եմ հասկանալ՝ երկու տարի շարունակ, առ այս պահը,  նախկինների մասին լսում ենք ամենավերջին հայհոյանքերը,  ոչ թե Աննա Հակոբյանի ասած հազարավոր, այլ տասնակ հազարավոր ֆեյքերով։ Մարդկանց ամենավերջին հայհոյանքներն են տալիս, դա քիչ է, նույն մարդիկ խմբերով ընտանիքներ են մտել, վարկաբեկել, «հեղափոխական ամուսինները» դրա համա՞ր էին անում։ Որ մարդիկ ատեի՞ն, տեսնելիս շրջվեի՞ն, թքեի՞ն, հայհոյեի՞ն․․․ Ատելությու՞ն էիք սերմանում, պառակտու՞մ, սև ու սպիտա՞կ, հեղափոխական ու հակահեղափոխակա՞ն․․․

Այն ժամանակ ասում էիք՝ ժողովուրդն է հայհոյում, հիմա ինչի՞ց եք բողոքում, որ ձեզ տեսնելիս մարդիկ շրջվում են։ Հիմա ժողովու՞րդը չի հայհոյում․․․ Նախկիններն էլ կարող են ասել՝ ժողովուրդն է անում, մեզանից ի՞նչ եք ուզում։ Իսկ ինչու՞ չանի ժողովուրդը․ երբ ձեր կողմից  ամենաշատ վարկաբեկված մարդիկ ձեր կողքին են․․․ Ինչու՞ է աղմկում գետը․ գուցե պատճառը ձեր մեջ որոնեիք։ Ձեր մեջ, որ համավարակի այս դժնդակ պայմաններում մարդիկ վարակի դեմ պայքարելու փոխարեն իրար դեմ են պայքարում։

Դա ձեր ձեռքի գործն է և զուր մի աղմկեք։