Շտապօգնության կանչերի թիվն անցնում է օրական 950-ից

Շտապօգնության կանչերի թիվն անցնում է օրական 950-ից

Հարցազրույց Շտապ բուժօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ

- Տիկին Ստեփանյան, ի՞նչ վիճակ է կանչերի թվի առումով։ Օրական քանի՞ կանչ ունեք։

- Մինչեւ անցած շաբաթ բավականին հանգիստ էր կանչերի թիվը եւ հունվար-փետրվար ամիսների հետ համեմատած՝ նորմալ սահմանների էր իջել։ Մենք այդ ամիսներին ունեցել ենք օրական մինչեւ 950 կանչ։ Հետո իջավ եւ հասավ 550-600-ի, բայց այսօր ու վերջին երեք օրերին մենք նորից ունենք կանչերի կտրուկ բարձրացում։ Կոնկրետ՝ երեկ չէ առաջին օրն ունեցել ենք 967 կանչ եւ հիվանդանոց տեղափոխված 201 հիվանդ։ Ամսի 3-ի դրությամբ եղել է 880 կանչ եւ 208 տեղափոխված հիվանդ։ 

- Իսկ լինո՞ւմ են դեպքեր, երբ մերժում եք սպասարկել կանչերը՝ ծանրաբեռնվածության պատճառով։ Ասենք, երբ ինչ-որ մեկի ճնշումն է բարձրացել։

- Ոչ, իհարկե, ինչպե՞ս կարող ենք չսպասարկել։ Մենք, ինչպես միշտ, ունենք բավականին մեծ թվով սրտանոթային հիվանդներ, եւ ասեմ, որ Covid-ով հիվանդների մոտ էլ է ախտորոշվում ինֆարկտ, կաթված, եւ գնում ու ախտորոշում ենք, եւ եթե կարիք է լինում, անմիջապես տեղափոխում ենք հիվանդանոց։ Ուղղակի մի փոքր դժվարացել է, որովհետեւ, արդեն ասացի՝ զանգերի թիվը սարսափելի մեծ է, եւ բացի այն, որ սպասարկում ենք այդ հարյուրավոր կանչերը, շատերը զանգահարում են խորհուրդ հարցնելու համար։ Եվ այս պայմաններում շտապօգնության ծառայության հեռախոսները զբաղված են, եւ մարդիկ տարբեր տեղեր, նույն՝ լրատվամիջոցներին ահազանգում են, որ հեռախոսը չենք վերցնում։ Ուզում եմ ասել, որ չկա նման բան, որ մենք հեռախոսին չպատասխանենք։ Եվ եթե գիծը զբաղված է լինում, եւ ինչ-որ մեկի հետ խոսում ենք ու մյուս զանգահարողի հետ չենք խոսում, մյուս զանգն անպայման գալիս, մեզ հասնում է։

- Իսկ հնարավո՞ր են դեպքեր, երբ բժիշկների նույն բրիգադը հիվանդների ու վարակակիրների հետ շփվելուց հետո գնա այլ, բայց չվարակված հիվանդի տուն։

- Կանչերին մեր ուշացման համար, ինչից շատ մեր քաղաքացիները դժգոհում են, ես ներողություն եմ խնդրում, բայց հենց դրանով է պայմանավորված, որովհետեւ, բացի այն, որ կանչերի թիվը սարսափելի ավելացել է, այլեւ ամեն մի նոր հիվանդի այցելելու համար պետք է մեքենան եւ ամբողջ անձնակազմի հագուստն ախտահանվեն այդ բոլոր նյութերով, եւ դա որոշ ժամանակ է պահանջում։ Եվ մենք Covid-ով հիվանդի մոտից չենք գնում միանգամից մեկ այլ հիվանդի մոտ։

- Իսկ շտապօգնության բժիշկներից քանի՞սն են վարակվել։

- Ունենք վարակվածներ։ Սկզբում՝ 12, հիմա նրանք առողջացել են, ունենք եւս 3-4 դեպք։ Էդպես։

- Որպես կանոն, մերժվո՞ւմ է հիվանդների մի մասին հիվանդանոց տեղափոխելը։

- Մենք ոչ թե մերժում ենք, այլ ունենք նախարարության կողմից հաստատված որոշումներ, որոնց պետք է հետեւենք։ Մենք ըստ հիվանդանոցների հոսպիտալացնում ենք՝ համաձայն իրենց առողջական վիճակի։ Այսինքն, բնականաբար, բարդ դեպքերը, թոքաբորբերով, բարձր ջերմությամբ հիվանդներին․․․ Որոշումները մենք չենք կայացնում, այլ՝ ՀՎԿ կենտրոնը, թե որ հիվանդանոց եւ ինչ, եւ թեթեւ ձեւերը մնում են տանը՝ ամբուլատոր հսկողության տակ, պոլիկլինիկայի բժիշկը հսկում է այդ հիվանդներին։

- Եղե՞լ են դեպքեր, որ հիվանդը որքան էլ հավաստիացնի, թե վատ է զգում, կմահանա, չտեղափոխեք հիվանդանոց․․․

- Դրա համար կան համապատասխան հետազոտություններ, եւ եթե դրանց արդյունքում մենք տեսնում ենք, որ հիվանդն իսկապես լուրջ խնդիրներ ունի, մենք միանգամից կապվում ենք կենտրոնի հետ եւ հիվանդին տեղափոխում այն հիվանդանոցը, որտեղ կա ազատ մահճակալ։

- Իսկ ինչպե՞ս եք վարվում այն դեպքերում, երբ հայտնում են, որ հիվանդանոցներում չկա ազատ տեղ։

- Ազատ մահճակալ՝ հիմնականում ծանր հիվանդների համար, անպայման լինում է։