Անվստահություն է առաջանում՝ էս մարդիկ էս ամեն ինչի տակից դուրս եկողը չեն

Անվստահություն է առաջանում՝ էս մարդիկ էս ամեն ինչի տակից դուրս եկողը չեն

ՀՅԴ Գերագույն մարմինը, օրերս արձանագրելով ստեղծված իրավիճակը՝ համավարակն ու արդեն շնչահեղձ լինող առողջապահության համակարգը, տնտեսական խորացող ճգնաժամը, ահագնացող սոցիալական հիմնախնդիրները, փաստելով կառավարության ձախողումն ու անկարողությունը, պահանջել էր մինչեւ ներկայիս արտակարգ դրության ժամկետի ավարտը գումարել Ազգային ժողովի հատուկ նիստ` հետեւյալ օրակարգով․ քննարկել եւ ամբողջական գնահատական տալ առկա իրավիճակին եւ, սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից, պատասխանատվության կանչել ձախողված բոլոր պաշտոնատար անձանց։ Երրորդ կետով՝ գտնել ճգնաժամից դուրս գալու լուծումներ, որոնք արագ եւ արդյունավետ ձեւով կկասեցնեն համավարակի տարածումը եւ կկանգնեցնեն տնտեսության փլուզումը: ՀՅԴ-ի պահանջների մասին զրուցեցինք ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական բժիշկ եւ մասնավոր կլինիկայի տնօրեն Տարոն Տոնոյանի հետ։

- Պատասխանատվության ենթարկելու, փոխելու պահանջներին ի պատասխան՝ երեկ ԱԺ նախագահն ասաց, որ ոչ ոք չի փախչում պատասխանատվությունից, դուրս գանք այս իրավիճակից, նոր ամեն ինչին կտրվի գնահատական։ Եվ նաեւ՝ այս իրավիճակում, արտակարգ դրության պայմաններում, գուցե այդ ամենը խանգարի՞ հավաքվել, փոխել, ուժերը մոբիլիզացնել՝ գործով զբաղվելու փոխարեն։

- Պիտի հասկանանք, հասկանայինք, որ գործով զբաղվողը գործով է զբաղվում։ Մենք, տեսեք, դեռեւս մարտ ամսին ամբողջական փաթեթ ենք ներկայացրել, մենք այս ամենը կանխատեսել ենք․ դա եւս հրապարակված է։ Մենք ասել ենք, որ միջոցառումները պետք է արվեն էսպես ու էսպես, տեղական բնույթ չպետք է կրեն, եւ եղել է համագործակցության առաջարկ․․․ ձայն բարբառո հանապատի․․․․ էս մարդիկ չեն ուղղվելու։ Սա է ամբողջ խնդիրը։

- Դե, արդեն ասում էին՝ մի խանգարեք, եթե մեզ հետ խրամատ չեք փորում։ Երեկ Հրաչ Հակոբյանն էր այս խոսքերով մուննաթ գալիս «Լուսավոր Հայաստանի» վրա։

- Ախր, խրամատ փորողներն իրենք են, էլի… ես համաձայն եմ, որ էս պահին պետք է մոռանանք, սա համընդհանուր աղետ է, պետք է միավորվենք, բայց միավորվելու ձեռքն իշխանությունը պետք է պարզեր։ Մենք մեկնել էինք։ Իրենք ի սկզբանե ասել են՝ մենք դրա կարիքը չունենք, մենք ամեն ինչ գիտենք։ Եվ դեռ կարելի է աշխատանքները համակարգել, ճիշտ կազմակերպել։ Մարդիկ հոգնել են արդեն․․․ Գոնե ես չգիտեմ՝ պարետատան կազմն ովքեր են, արդյոք էդ պարետատան կազմի մեջ կա՞ն մարդիկ, ովքեր համապատասխան փորձ ունեն։ Փորձառու խորհրդականներ արդյոք ունե՞ն։ Ի՞նչ կապ ունի՝ հին իշխանություններից են, նորերից, պետք է ընդգրկել բոլորին։ Բոլորին պետք է ընդգրկել, որպեսզի կարողանանք դուրս գալ էս իրավիճակից։ Պետք է մարդկանց խորհուրդները լսել։ Ես հիմա նայում եմ՝ երեւույթ կա, որ ինձ խիստ դուր չի գալիս․․․ էնպիսի մարդիկ են ակտիվացել, մեյդան ընկել՝ ոչինչ չներկայացնող մարդիկ։

- Նաեւ հնչում են առաջարկներ՝ ԱԺ շենքը տանք հիվանդներին, չգիտեմ ինչ։

- Այո, այդպիսի էժան, պոպուլիստական… տանք շենքը հիվանդներին, չգիտեմ ինչ․․․ Բայց, մյուս կողմից էլ, սրանց էս խելքով, էս ձեւով անվստահություն է առաջանում, որ էս մարդիկ էս ամեն ինչի տակից դուրս եկողը չեն։ Նորից եմ ուզում շեշտել, էս միտքը գրեք 2 անգամ․ այնպիսի անորակ մարդիկ են ակտիվացել, կարծես թե զգալով, որ իշխանությունից․․․ հիմա հարմար առիթն է… Սա բացարձակ հարմար առիթը չէ։ Մենք ասել ենք մի քանի ամիս առաջ՝ լրջացեք, հիմա էլ ենք նույն բանն ասում։ Լրջանալ է պետք, համապատասխան եզրակացություն անել է պետք։ Մենք ասում ենք պարոն վարչապետին, որ այն մարդը, որը չի կարողանում, հոգնել է արդեն, մտավոր ունակությունները, ամբիցիաները թույլ չեն տալիս, հանի՛ր այդ մարդկանց, ուրիշ մարդ բեր, կարող մարդկանց դրեք՝ դուրս գանք այս վիճակից։ Կամ՝ կորոնավիրուսը չէ, քաղավիացիայի հետ կապված․ արդյոք համապատասխան եզրակացություններ կանե՞ն։ Մենք, փաստորեն, հիմա դիտվում ենք ամենահետամնաց երկրների շարքում։ Վերջ, մեր ավիացիան․․․ էդ մարդիկ այդքան ներդրում էին արել, ու վերջ՝ Հայաստանում ավիացիան զրկվեց լուրջ բաներից։ Հասկանալի է՝ Հայաստանի քաղաքացին կթռչի Եվրոպա, բայց սա ճի՞շտ է։ Ես մի կողմից մտածում եմ, որ հատկապես այդ զանգվածը հեչ ակտիվանալու իրավունք չունի, բայց Դաշնակցությունն ունի այդ իրավունքը, որովհետեւ Դաշնակցությունը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ մեզ արգելել էր, մեր ՀՕՄ-ը, մեր մյուս կառույցները, մեր օգնությունը Հայաստանին մեկ վայրկյանով չենք դադարեցրել։ Միշտ կանգնած ենք եղել պետության կողքին։ Մենք միշտ կարողանում ենք տարանջատել պետությունն իշխանությունից։

- Պարոն Տոնոյան, մի մասնագիտական հարցի հետ կապված։ Երեկ «Հրապարակը» տեղեկացրել էր, որ վճարովի հիմունքներով մասնավոր կլինիկաներին կթույլատրվի բուժել կորոնավիրուսով հիվանդներին։ Ի՞նչ կասեք՝ որպես բժիշկ եւ առողջապահական կազմակերպիչ։ Սա ճի՞շտ ճանապարհ է։

- Պետք է, այո։ Գիտե՞ք բժիշկներն ինչ վիճակում են։ Ունենք բժիշկներ, որոնց հետ կապի մեջ ենք․ մարդիկ ֆիզիկապես եւ հոգեպես հյուծվում են։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ այդ կատեգորիայի հիվանդների հետ ամեն օր, 24 ժամ զբաղվելն ու անընդհատ դրա մեջ լինելը։ Չափազանց ծանր գործ է։ Մարդ կա՝ քննադատում է, որ բուժումը տվել են Տրավմատոլոգիայի ինստիտուտին, տրավմատոլոգներն են զբաղվում։ Բա ի՞նչ անեն։ Ես հիշում եմ՝ պատերազմ էր, ես երիտասարդ եմ եղել, նորավարտ, բայց վիրահատություն էի անում… թող ավելի փորձառուն լիներ՝ աներ։ Հիմա չկան էդ մարդիկ․ էդքան համաճարակաբան, էդքան վիրուսոլոգ որտեղի՞ց հավաքեն, գտնեն։ Սա կազմակերպել է պետք։

- Ձեր կլինիկան, օրինակ, պատրաստ կլինե՞ր, եթե Ձեզ առաջարկեին։ Եվ հետո՝ ենթադրենք, Դուք կողմնակից եք, իսկ ձեր բժիշկնե՞րը։

- Մեր բժիշկներից արդեն ծառայության մեջ եղել են ու երեկ վերադարձել են երկուսը, եւ նաեւ մարդիկ ունենք, որ էլի կամավոր հիմունքներով ուզում են գնալ, աշխատել։