Տրանսպորտի հարցում Հայկ Մարությանը հայտնվել է բարդ վիճակում

Տրանսպորտի հարցում Հայկ Մարությանը հայտնվել է բարդ վիճակում

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստանում է, որ մոտ երկու տարուց մենք կունենանք նոր տրանսպորտային ցանց։ Բայց մինչեւ վերջ ու «դուխով» դժվարանում է խոստանալ, քանի որ այդ ցանցի կառուցման ճանապարհին բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։
Նա լրագրողների հետ զրույցում երեկ անդրադարձավ 16 համարի ավտոբուսի վարորդների գործադուլին, ասաց, որ դա գործադուլ չէր, այլ ներքին ընտանեկան հարց էր։ Երեկ, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ եղավ նոր տրանսպորտային ցանցի ծրագիրը, որի մասին խոսվում էր դեռ Տարոն Մարգարյանի օրոք, եւ ասում էին՝ արդեն նախագիծը պատրաստ է, խորհրդատվության համար անգամ մեծ գումարներ էին ծախսվել՝ մոտ 800 հազար դոլար, եւ ներդրողներ էին փնտրում, ասաց․ «Ծրագիրը չէր կազմվել, ծրագիրը կազմման ընթացքում էր, մի քանի օր առաջ վերջնական արդյունքներն արդեն բրիտանական WYG ընկերությունն ուղարկել է քաղաքապետարան, աշխատակազմն ուսումնասիրում է այս պահին վերջնական արդյունքները։ Այսինքն՝ մի քանի օր է, ինչ ուսումնասիրության այս փուլն ավարտվել է»։

Թե որքան է գնահատվում նախնական ծրագրի արժեքը, Մարությանն ասաց, որ միշտ գնահատվել է 200-250 մլն ԱՄՆ դոլար։ «Դա ահռելի մեծ գումար է, եւ ես չեմ կարծում, որ Երեւան համայնքը կարող է ինքնուրույն սա կազմակերպել։ Էստեղ մեզ պետք է լինելու պետության օժանդակությունը»,- նշեց քաղաքապետը։ Այնուհետեւ խոսեց Երեւանի ներկայիս տրանսպորտային ցանցի վիճակի մասին՝ դրա վերաբերյալ մի քանի չարագույժ կանխատեսումներ անելով ու վատ լուրեր հաղորդելով։

«Ցավոք սրտի, մեր Երեւանի տրանսպորտային ցանցը հասցվել է էն ամենավերջին կետին՝ վատ իմաստով։ Չգիտեմ ինչու, նախորդ իշխանություններն ասել են՝ մեկ տարի հետո կլինի նոր ցանցը, երկու տարի հետո կլինի, էսպես ձգել, ձգել են, եւ տնտեսվարողները ոչ մի ներդրում չեն արել, որպեսզի արդիականացնեն շարժակազմը։ Եվ եթե իրենք 4-5 տարի առաջ ասեին՝ տիկնայք եւ պարոնայք, մոտակա հինգ տարին դեռ նոր ցանցը չի շահագործվելու, մեծ հաճույքով բոլորը ներդրումներ կանեին, եւ այսօր չէինք ունենա այն պատկերը, որն ունենք։ Մենք այսօր եկել ենք, հասել ենք ծայրին»,-ասաց քաղաքապետը։

Ապա մի վատ լուր հաղորդեց՝ օրենքով նախատեսվում է, որ միկրոավտոբուսները 15 տարուց ավելի իրավունք չունեն շահագործվել, եւ մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է դուրս գա ցանցից․ «Այն դեպքում, երբ օրական մոտ 900 միկրոավտոբուս է սպասարկում Երեւանը։ Այսինքն՝ ուղիղ կեսն արդեն չեն կարողանա շարունակել աշխատել։ Եվ բերվել է ցանցը էն ամենավերջին կետին։ Հիմա մենք էս պահին հրատապ կերպով փորձում ենք լուծել էս խնդիրները, հասկանալ՝ ինչպես անենք։ Եթե մենք ասում ենք, որ նոր ցանցը կարող է արդեն երկու տարի հետո լինել, խնդիրն այն է, թե բա էդ երկու տարին ի՞նչ պետք է անենք»։

Մեր հարցին՝ այդ դեպքում այդ տիկնայք եւ պարոնայք ի՞նչ պետք է անեն հիմա, պարոն Մարությանն ասաց․ «Էդ տիկնայք եւ պարոնայք, քանի որ իրենք մասնավոր են, իրենք առաջին հերթին մտածում են իրենց բիզնեսի մասին։ Եվ պետության դերն այստեղ նրանում է, որ բարենպաստ պայմաններ ստեղծի, որ իրենք ներդրում անեն։ Էստեղ շատ լուրջ խնդիր կա, որ մենք ասում ենք՝ երկու տարուց կլինի ցանցը՝ շատ լավ, եւ այս երկու տարին էս մարդիկ պետք է աշխատեն, բայց երկու տարվա համար ոչ ոք չի ուզում ներդրում անել։ Եվ էստեղ տարբեր լուծումներ կան, մի քանի ճանապարհ կա, եւ մենք էդ ճանապարհները քննարկում ենք, կգանք ամենաօպտիմալ լուծմանը։ Բայց ես ուզում եմ ֆիքսել, որ էս պահին ծայրահեղ դժվար իրավիճակում է հայտնվել Երեւան համայնքը՝ տրանսպորտային ցանցի մասով։ Մենք նոր ցանցն անում ենք, եւ կլինի դա։ Բայց էն վիճակում, որ հայտնվել է այսօրվա ցանցը, ցավոք սրտի, չէր կարելի անել էսպիսի բան, բայց արդեն արված է։ Եվ մենք վերցրել ենք էս վիճակում, պետք է ելքը գտնենք»։
Նրա խոսքով՝ նախորդ իշխանությունները սխալ են արել, որ ժամանակից շուտ հուսադրել են, որ մեկ տարուց կլինի, երկու տարուց կլինի, այն դեպքում, երբ ուսումնասիրությունները դեռ չէին վերջացել․ «Պետք է ազնիվ խոսել քաղաքացիների հետ, հասկանալ՝ ինչ կարելի է  անել, ինչ չի կարելի անել»։ Ի վերջո, խոստանո՞ւմ է, որ երկու տարուց կունենանք նոր տրանսպորտային ցանց, թե՞ ոչ։ 

«Քանի որ մենք հիմա աշխատում ենք, երկու տարի հետո կլինի, դա լրիվ հնարավոր ժամկետ է։ Բայց էստեղ ուրիշ հարց կա։ Քանի որ մենք հիմա ժամանակավոր լուծում նաեւ պետք է տանք, պետք է հասկանանք՝ դա իրար հետ ոնց ենք միքսելու։ Եթե մենք էսօր նորմալ ցանց ունենայինք եւ չմտածեինք էսօրվա մասին, այո, ես ձեզ վստահ կարող էի ասել՝ երկու տարուց կլինի եւ վերջ։ Բայց քանի որ ես էսօր էլ պետք է հասկանամ՝ ինչ եմ անում, էսօրվա հարցը լուծեմ, մյուս տարվա հարցը լուծեմ, 450 միկրոավտոբուսների դուրս գալու հարցը լուծեմ, էս երկու խնդիրը պետք է իրար հետ լուծել»,-դժվարացավ հստակ խոստում տալ պարոն Մարությանը։