Բողոքներն իրենց փչացած տրամաբանության ու հոգեբանության արդյունքն են

Բողոքներն իրենց փչացած տրամաբանության ու հոգեբանության արդյունքն են

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի որոշ ներկայացուցիչների միջեւ տարաձայնություններ կան։ Հայրապետյանի հետ զրուցեցինք բուհի խնդիրների մասին։

- Վերջերս ՀՊՏՀ գիտխորհուրդն ընդունել է «Դասախոսական կազմի ընտրության կանոնակարգ»։ Դրա նախագիծը քննարկվե՞լ է համալսարանում, հաշվի առնվե՞լ են աշխատակիցների առաջարկները։

- Համապատասխան կարգը, որի մասին Դուք նշեցիք, շատ երկար ժամանակ քննարկվել է տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, կատարվել են մի շարք շտկումներ, որպեսզի մենք կարողանանք ունենալ վերջնական եւ ավելի արդյունավետ աշխատող կարգ։ Դրանից բացի, մենք ունենք նաեւ կոնկրետ մարմիններ՝ գիտական խորհուրդ, որը ենթադրում է, որ այդտեղ ներկայացված են բոլոր ստորաբաժանումների ղեկավարները։ Ձեզ ասեմ, որ գիտխորհրդի քննարկման ընթացքում որոշակի նոր դիտողություններ, նոր մեկնաբանություններ եղան, մենք ճշգրտումներ կատարեցինք, եւ գիտխորհուրդն արդեն ընդունեց այդ տարբերակը։

- Կանոնակարգը վերաբերում է բոլոր աշխատողներին, նրանք բողոքում են, որ այն մինչ այժմ համալսարանի պաշտոնական կայքում տեղադրված չէ, իրենք ծանոթ չեն չափանիշներին, ասում են, որ հնարավոր է՝ բազում տարիների փորձ եւ վաստակ ունեցող տնտեսագետները համալսարանից դուրս թողնվեն զուտ անգլերեն չիմանալու պատճառով։

- Այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, 13 չափանիշ է սահմանված, որը կհրապարակվի, իսկ հրապարակումը տրամաբանորեն կապված է մրցութային գործընթացի մեկնարկի հետ, որն առաջիկայում պետք է մեկնարկի։ Խոսքը վերաբերում է համալսարանում թափուր պաշտոնների մրցույթին, դա որեւէ դասախոսի հետ քննարկել՝ նշանակում է․․․ Շատ դասախոսների հետ ենք քննարկել, բայց, որպեսզի քննարկենք բոլոր դասախոսների հետ, ֆիզիկապես իրատեսական չէ։ Մենք չունենք որեւէ սահմանափակվածություն, որպեսզի ասենք, որ անպայման պետք է պաշտոնավարի այն մարդը, որը մինչ այս դասավանդել է, մենք այդ սահմանափակումը դնել չենք կարող։ Հետեւաբար, կարգը վերաբերում է բոլորին։ Մինչ այս՝ օրենքի պահանջ է եղել, բայց մենք դա շրջանցել ենք։

«Բարձրագույն բուհական եւ հետբուհական կրթության մասին» օրենքն ասում է, որ բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը պետք է իրականացվի բաց մրցութային կարգով, հիմա դա առաջին անգամ կիրառվում է, մի քանի համակարգային մեխանիզմներ են գործելու, դրանցից մեկը 5 հոգուց կազմված մրցութային հանձնաժողովի գոյությունն է, որը քննելու է բոլոր գործերը, չափանիշների հիման վրա գնահատելու է, եթե այդ չափանիշների հետ կապված տարբերությունը լինի շատ փոքր, ոչ այդքան էական, այդ պարագայում արդեն հանձնաժողովը քվեարկության միջոցով որոշելու է, թե 2 հավանական թեկնածուներից ով է հաղթող ճանաչվելու։ Ինչ վերաբերում է անգլերենին՝ նման բան, բնականաբար, չկա, անգլերենին ազատ տիրապետումը չափանիշներից մեկն է, որը, իմ կարծիքով, անհրաժեշտություն է, ասեմ ավելին՝ աշխարհի շատ համալսարաններում դա պարտադիր պահանջ է․․․ պետք է նաեւ ռուսերեն, տվյալ ոլորտում մասնագիտական աշխատանքի փորձ, պարզապես կան մարդիկ, որոնք միտումնավոր կեղծ ինֆորմացիա են տարածում, որպեսզի գործընթացը խոչընդոտվի, եւ հանկարծ չբացահայտվի, որ, օրինակ, իրենք չեն համապատասխանում իրենց պաշտոնին։ Սա է ողջ տրամաբանությունը։

- Դժգոհություններ կան Ձեր վարած կադրային քաղաքականությունից։ Պնդում են, որ ասիստենտ Մնացականյանն իրավունք չունի լինելու ասպիրանտի ղեկավար, սակայն զբաղեցնում է գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոն, քանի որ Ձեր ընկերն է։ ՀԱԿ-ական Զոյա Թադեւոսյանի դուստր Դիանա Գալոյանը նշանակվեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր՝ միջնորդը ԿԳ նախարարի տեղակալ Թամրազյանն է, ֆինանսական բլոկը ղեկավարում է դրսից հրավիրված, համալսարանի աշխատակիցներին անհայտ Մհեր Փարվանյանը, որը Ձեր ընկերն է։

- Ես Ձեզ հետ ուզում եմ անկեղծ խոսել։ Նմանատիպ անանուն դժգոհություններն արդեն իսկ սազական չեն գիտնականին, դասախոսին, որովհետեւ մեր համալսարանի ներսում գիտխորհրդի, ռեկտորատի նիստերի ընթացքում որեւէ դժգոհություն երբեւէ որեւէ մեկը չի բարձրացրել։ Եթե մարդն իրեն գիտնական է համարում, ո՞նց է բոլոր հնարավոր ժողովրդավարական աղբյուրները թողնում, միանգամից իր դժգոհությունները հայտնում լրատվամիջոցներին։ Ինձ համար սա ուղղակի անընդունելի է։ Տիգրան Մնացականյանն իմ ընկերը չէ, նրա հետ իմ մտերմությունը սկսվել է այն ժամանակ, երբ ես նկատել եմ, թե նա ինչ հրաշալի մասնագետ է։ Որպեսզի այս հարցերը վերջնականապես փակվեն, ես նախաձեռնել եմ համալսարանի կանոնադրության որոշակի փոփոխություններ, որով ոչ միայն գիտության գծով պրոռեկտորի, այլեւ ռեկտորի համար պահանջ չկա, որ նա լինի գիտությունների դոկտոր։ Ես համարում եմ, որ մարդը, որն ունի թեկնածուի աստիճան ու ինքը կարող է համակարգը կառավարել, ամբողջությամբ պատրաստ է համապատասխան պաշտոնը ստանձնելուն։ Սա կեղծ, ստահոդ ու որոշ դեպքերում դավաճանության հասնող աղմուկ է։ Դիանա Գալոյանը նշանակվել է պրոռեկտոր, նա երկար ժամանակ մեզ մոտ աշխատել է ամբիոնի վարիչ, ազատ տիրապետում է 2 օտար լեզվի, ակտիվորեն ներգրավված է տարբեր միջազգային քննարկումների՝ իր իսկ նախաձեռնությամբ, լավ տիրապետում է ուսումնական գործընթացին։ Սրա հիման վրա կատարվել է նշանակում։

Այն, ինչ մարդիկ ներկայացնում են, իրենց փչացած տրամաբանության ու հոգեբանության արդյունքն է, չեն պատկերացնում, որ կարող է այլ ուղի լինել։ Բոլոր կադրերի հետ կապված՝ ես պատասխանատու եմ իմ մասնագիտական որոշմամբ, որեւէ նշանակում մեզ մոտ հավերժական բնույթ չի կրում, կլինի Դիանա Գալոյանը, Տիգրան Մնացականյանը, թե Փարվանյան Մհերը։ Եթե իրենք արդյունքներ չգրանցեցին, ապա փոխարինվելու են, եւ այդ ժամանակ ինձ շատ հետաքրքիր կլինի, թե ինչ են ասելու այն մարդիկ, երբ տեսնեն, որ ես իմ ընկերոջն եմ փոխել կամ այն մարդուն, որի համար միջնորդել են։ Արդյունքներ չգրանցելու դեպքում իրենք փոխվելու են, իսկ եթե ես արդյունքներ չգրանցեմ, նույնկերպ նայելու են նաեւ ինձ։ Ես եկել եմ այստեղ ու աշխատանքի մեջ տառապում եմ օրը 20 ժամ, ու այդ ամբողջն իմ կողմից միսիոներական անձնազոհության հարց է։ Եթե մարդիկ կան, որ դժգոհ են իմ աշխատանքից, թող գան արտահայտեն։ Հասկացեք, ամեն շաբաթ՝ ժամը 2-4-ը ունեմ ընդունելություն, բոլորին դիմավորում եմ, պարբերաբար հանդիպումներ եմ ունենում։ Կարող են գալ թե՛ անհատապես, թե՛ խորհրդի նիստի ընթացքում ինձ ասել։

- Գուցե վախի մթնոլո՞րտ կա։ 

- Ես այդ պնդմանը կարող եմ առավելագույնը հումորով վերաբերվել։ Խնդրում եմ՝ այդ նույն բանն ուսանողներին ասեք։ Եթե մեկը X առարկան է դասավանդում, բայց իր դասավանդած առարկայի վերաբերյալ տարրական գաղափար անգամ չունի, այդ առարկայի վերնագիրն անգամ չի պատկերացնում, ինքն աշխատանք կորցնելու ռիսկ է տեսնում, երբ արդյունավետության պահանջներ են դրվում, եւ, բնականաբար, իր մոտ կարող է նաեւ վախ առաջանալ, դա բնական մարդկային ռեակցիա է, բայց վախի մթնոլորտ ձեւավորել․․․ Նույնիսկ եթե մարդը քննարկումների ժամանակ մի սխալ առաջարկություն է անում, ես «սխալ» բառն էլ չեմ օգտագործում, ասում եմ՝ գուցե Ձեր ասածներն այս իրավիճակում ավելի ճի՞շտ լինեին։ Ես մոտավորապես պատկերացնում եմ, թե որ մարդիկ այդ երեւույթի մասին կարող են խոսել, կամ ում մտքով այդ «վախի մթնոլորտ» արտահայտությունը կարող է անցնել․ միայն այն մարդկանց շրջանում, որոնք շատ լավ գիտեն, որ չեն համապատասխանում դասախոս-գիտնական լինելու պահանջներին, եւ եթե մենք կատարում ենք որակական փոփոխություններ, ապա իրենք ռիսկ ունեն աշխատանքը կորցնելու։

- Ձեր մասին ասում են, որ ակադեմիկոս Յուրի Սուվարյանի անմիջական հովանավորչության արդյունքում եք 6 տարվա ընթացքում դարձել տնտեսագիտության թեկնածու եւ դոկտոր, աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի նախկին վարիչ Պետրոսյանը, որպես ընդդիմախոս, Ձեր դոկտորական ատենախոսության վերաբերյալ ներկայացրել է բացասական կարծիք, սակայն  Սուվարյանը Ձեր ատենախոսության քննարկման հաջորդ փուլում Պետրոսյանին փոխարինել է մեկ այլ անձով, նրան պարտադրել, որ ներկայացնի դրական կարծիք։ ԲՈԿ-ի փորձագետները նույնպես բացասական կարծիք են ներկայացրել Ձեր դոկտորական ատենախոսության վերաբերյալ, սակայն ԲՈԿ-ը տեղի է տվել Սուվարյանի ճնշումներին եւ հաստատել է մասնագիտական խորհրդի միջնորդությունը՝ Ձեզ շնորհելով դոկտորի գիտական աստիճան։

- Պարզաբանեմ։ Ես կարող եմ միայն պարոն Պետրոսյանի մասով ասել, ԲՈԿ-ի գործունեության վերաբերյալ ես ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ուղղակի ինֆորմացիա չունեմ։ Պարոն Պետրոսյանը բացասական կարծիք չի ներկայացրել, նա ունեցել է դիտողություններ, որոնք շտկվել են։ Ինչ վերաբերում է 6 տարվա ընթացքում դոկտոր դառնալուն ու հովանավորչությանը՝ ես համալսարանն ավարտել եմ 15 տարեկանում, 1 տարի շուտ եմ դպրոց գնացել, 4-րդ դասարանից տեղափոխվել եմ 6-րդ դասարան։  Այնուհետեւ 15 տարեկանում համալսարանը գերազանց ավարտելուց հետո ընդունվել եմ ասպիրանտուրա, բնական ընթացքով պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն 22 տարեկանում՝ արդեն իսկ ներկայացված պատճառներից ելնելով։ 22 տարեկանից հետո ակտիվորեն զբաղվել եմ գիտամանկավարժական գործունեությամբ եւ իմ կյանքի 6 տարիները նվիրել եմ հաջորդ մակարդակին։ Յուրի Սուվարյանը եղել է իմ գիտական խորհրդատուն, մինչ այդ՝ նաեւ գիտական ղեկավարը։ Եթե գիտական խորհրդատուի կամ ղեկավարի դերակատարումն ինչ-որ մեկը ձեւակերպում է հովանավորչություն, ապա դա իր հիվանդ երեւակայության արդյունքն է։ Գուցե ես սխալվել եմ այն հարցում, որ 4-րդ դասարանից 6-րդ դասարան եմ տեղափոխվել կամ որ 1 տարի շուտ եմ դպրոց գնացել։ Բայց հետո ամեն բան գնացել է շատ բնականոն հունով։

- 2018 թ. սեպտեմբերին նախկին ռեկտոր Աթոյանը Ձեզ նշանակել է կառավարման ամբիոնի վարիչի ԺՊ: 2 ամիս անց հակասություններ են առաջացել Ձեր եւ ամբիոնի աշխատակիցների մի մասի միջեւ: Նրանք դիմում-բողոք են ներկայացրել նախկին ռեկտորին՝ Ձեզ ազատելու խնդրանքով: Ասում են՝ այս հանգամանքն անհանգստացրել է Արայիկ Հարությունյանին, եւ նա պահանջել է Աթոյանի հրաժարականը եւ Ձեզ նշանակել ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ։

-  Ես կարող եմ գործողությունների հաջորդականությունը նկարագրել, որպեսզի պատճառահետեւանքային կապը հասկանանք։ Նշանակվել եմ ԺՊ, այնուհետեւ, որպես նոր կառավարիչ, ներկայացվել են որոշակի պահանջներ։ Տարաձայնություններ եղան այդ բողոքը ներկայացնող մի շարք դասախոսների միջեւ, մեկն ասաց, որ իր վրա են ճնշում գործադրել, որ չի ցանկացել գրել, մյուսն ասաց, որ ընդհանրապես չի գրել եւ այլն։ Այսինքն՝ ակնհայտ սուտ նամակ, խոսքը վերաբերում է ամբիոնի դասախոսների մի մասին, եւ դա ընդհանրացնել պետք չէ։ Իրենք չէին ուզում նոր պայմաններում աշխատել եւ զրուցելու ու քննարկելու փոխարեն ավելի նպատակահարմար գտան բողոք ներկայացնել ռեկտորին, եւ նա ընթացք չտվեց այդ խնդրին, որովհետեւ ակնհայտ էր, որ դա ծիծաղելի բովանդակությամբ նամակ էր։ Դրանից հետո, որոշ ժամանակ անց, մենք ծանոթանում ենք նախարարի հետ, նախարարն իմանում է իմ գոյության մասին եւ հետաքրքրվելով, զրուցելով, քննարկելով տարբեր հանգամանքներ՝ որոշում է կայացնում, որ ես կարող եմ նշանակվել ռեկտորի պաշտոնակատար։ Ես նախարարից ժամանակ եմ խնդրում, որպեսզի մտածեմ ու հասկանամ, թե արդյոք պատրա՞ստ եմ այդ բեռն ինձ վրա վերցնելու, 1-2 օր հետո մտածեցի, որ ես այդ պատասխանատվությունը պետք է վերցնեմ։