Սիրային եռանկյունու հետևանքները 

Սիրային եռանկյունու հետևանքները 

Երեկ Գորիսում ողբերգական սպանություն էր տեղի ունեցել։ Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիս քաղաքի 55-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. ապրիլի 10-ին՝ ժամը 23:20-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից, ըստ որի «Կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անութափոսի վերք՝ հրազենային բնույթի» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել Գորիս քաղաքի՝ 1966թ.ծնված բնակիչը, մահացած վիճակում: Մեր տեղեկություններով՝ սպանվածը 55-ամյա մի տղամարդ է, որը վեճի է բռնվել մի երիտասարդի հետ։ 

Այս պատմության հիմքում հնուց եկած ներընտանեկան խնդիր է ընկած։ Գորիսից մեզ պատմեցին, որ վեճի և սպանության պատճառը եղել է մի արտամուսնական կապ՝ երիտասարդը, որն ամուսնացած է, սիրային կապի մեջ է եղել սպանվածի աղջկա հետ։ 55-ամյա տղամարդը դեմ է եղել իր աղջկա և ամուսնացած տղամարդու սիրային կապին։ Նրանց միջեւ կոնֆլիկտ է ծագել, որն էլ ավարտվել է ողբերգությամբ։ Այսօր սոցցանցերում լուր տարածվեց, որ սպանություն կատարած անձը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ընկերական շրջապատից է։

Մեզ հայտնի դարձավ, որ սպանված տղամարդը նույնպես Առուշանյանի ընկերներից է։ Սպանությունը որևէ քաղաքական ենթատեքստ չի պարունակում։