Եկեք մայրաքաղաքի բոլոր փողոցները անվանակոչենք Գարեգին Նժդեհի անունով և այդպես կանգնեցնենք արտագաղթը

Եկեք մայրաքաղաքի բոլոր փողոցները անվանակոչենք Գարեգին Նժդեհի անունով և այդպես կանգնեցնենք արտագաղթը

Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել են մի շարք փողոցներ անվանակոչելու նախագծերը: Նիստը վարել է «Ելք» խմբակցության անդամ, հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագծին միացել է նաև «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը և համատեղ նախագիծը դրական եզրակացություն է ստացել Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Ինչպես տեսնում ենք, ժամանակին լրջագույն քաղաքական հավակնություններ ունեցող քաղաքական ուժը, ներկայումս աստիճանաբար վերածվում է մարգինալ, վերահսկելի ինչ-որ ընդդիմադիր կառույցի, որի գործունեությունը սահմանափակվում է կոսմետիկ, մանր նախաձեռնություններով հանդես գալու և դրանց շուրջ ՀՀԿ-ի հետ համաձայնության հասնելու տիրույթում։ Կարծես թե ՀՀԿ-ն էլ դեմ չի «Ելք»-ի այդ կարգավիճակին։ Իսկ ինչու՞ պետք է դեմ լինեն, երբ դաշինքը ետին պլան է մղել արմատական ընդդիմության իր դերակատարությունը և զբաղված է զուտ ԱԺ ամբիոնից հնչեղ, գեղեցիկ, բոցաշունչ ճառերով, փողոցներ անվանափոխելով, աղբահանությամբ և այլ մանր-մունր խնդիրներով։ Ավագանու «Ելք» խմբակցության անդամները այցելում են մանկապարտեզներ, հետաքրքրվում են, թե արդյոք երեխաները քնելուց ծածկվում են, թե՞ ոչ, մանրամասն կերպով ստուգում են աղբահանության ընթացքը և այսպես շարունակ։ Եվ այսքանից հետո իշխանությունը ինչու՞ պետք է դեմ լինի այսպիսի բարի, ապաքաղաքական ընդդիմություն ունենալուն, ավելին՝ ոչ միայն դեմ չի լինի, այլ նաև՝ կհամագործակցի ու որոշ դեպքերում նաև կընդառաջի։

Ներկայումս «Ելք»-ը ունի ակտիվ քաղաքական արենայում մնալու, չարժեզրկվելու և մարգինալ քաղաքական դիակի չվերածվելու խնդիր: Ինչպե՞ս կարելի է խուսափել վերոհիշյալ սպառնալիքներից: Իհարկե, կիրառել հին ու բարի այն տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ բազմաթիվ քաղաքական ուժեր աշխարհի այս կամ այն ծայրում տասնամյակներ շարունակ հիմարեցրել են իրենց հանրույթներին: Այո՛, խնդիրը պարզ է, խաղալ մարդկանց հայրենասիրական զգացմունքների հետ, և այդ ճանապարհին կանգ չառնել ոչնչի առջև: Փոխել փողոցների անվանումները, չէ՞ որ դա այնքան հայրենասիրական նախաձեռնություն է, ի՜նչ հայրենասեր են «Ելք»-ի մեր գործընկերները։ Փողոցների անվանափոխությունը սոցիալական արդարության հիմնախնդրի տեսանկյունից որևէ խնդիր չի լուծում, բայց չէ՞ որ հանրության առաջնային խնդիրները հենց սոցիալական են:

Ինչու՞ է Ելք դաշինքը վերստին վերակենդանացնում ծխացող թմբիրի մեջ անշարժացած պատմության ուրվականը: Մի՞թե ներկայումս իսկապես Հայաստանը հենց դրա անհրաժեշտությունն էր զգում: Արդյո՞ք Կասյան փողոցում ապրող ընտանիքները ետ կկանգնեն արտագաղթի մտքից, եթե այսուհետ ապրեն Գարեգին Նժդեհի անվան փողոցում: Եթե այդպես է, ապա եկեք մայրաքաղաքի բոլոր փողոցները անվանակոչենք Գարեգին Նժդեհի անունով և այդպես կանգնեցնենք արտագաղթը: Կստացվի՞, չեմ կարծում, լավագույն դեպքում կստանանք անհաշվելի քանակությամբ Նժդեհի պողոտաներով ու փողոցներով մի քաղաք, որտեղ կապրեն միայն ուրվականները: Երբ քաղաքագիտական միտքն ու քաղաքական պրագմատիզմը հայտնվում են ճգնաժամի շղթայական շրջափուլի մեջ, առաջնային պլան են մղվում ամբոխահաճությունն ու ազգայնական դեմագոգիան: Ահա այս ճանապարհով է ընթանում «Ելք» դաշինքը՝ չունենալով քաղաքական լուրջ գործունեությամբ զբաղվելու հնարավորություն։