Սերժ Սարգսյանը վերստին կառավարություն-ԲՀԿ պատերազմ է սանձազերծում

Սերժ Սարգսյանը վերստին կառավարություն-ԲՀԿ պատերազմ է սանձազերծում

Եթե փորձենք ուսումնասիրել վերջին տասը տարիներին Սերժ Սարգսյան-կառավարություն փոխհարաբերությունների ընթացքն ու էությունը, ապա կտեսնենք, որ նախագահը պարբերաբար իրականացրել է ընդդիմության ձեռքերով կամ միջոցով կառավարությունների հետ հաշվեհարդար տեսնելու քաղաքականություն: Հիշեցնենք, որ փոխհարաբերությունների սրման հենց այդ տիրույթում էլ անփառունակ հրաժարական տվեց նաև Տիգրան Սարգսյանը: Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք պնդել, որ նրա կառավարության ոչնչացման գործը ստանձնել էր ԲՀԿ-ն, սկզբանական շրջանում՝ նաև ՀՅԴ-ն և «Դեմ եմ» շարժումը: Վերոհիշյալ ուժերը պայքարում էին միայն կառավարության դեմ, բայց ոչ Սերժ Սարգսյանի: Երևի բոլորն են հիշում, թե ինչպես էին Տիգրան Սարգսյանին հողին հավասարեցնում Նայիրա Զոհրաբյանն ու Արծվիկ Մինասյանը: Տրամաբանությունն այս ինչ-որ փուլում փորձեց խախտել ԲՀԿ-ն: Իհարկե տեսանք, թե ինչ եղավ այդ քաղաքական ուժի հետ: Իմ դիտարկումներն ինձ հուշում են, որ ներկայումս նույնպես գործի է դրվել նույն պրակտիկան: Խաչված և հարություն առած ԲՀԿ-ն գործիքի կարգավիճակով ստանձնել է Կարեն Կարապետյանի հետ հաշվեհարդար տեսնելու գործը: Խրախճանքին կմիանա նաև Ելքը: Եվ չի բացառվում, որ բոլորը միասին ոչնչացնեն Կարեն Կարապետյանի կառավարությունը, իսկ հետո Սերժ Սարգսյանի հետ միասին լծվեն նոր վարչապետի տենդագին որոնումների գործին: Կարեն Կարապետյանը ձգտում էր անջատվել Սերժ Սարգսյանից և հանդես գալ որպես առանձին քաղաքական միավոր: Չստացվեց, կամ չի ստացվում: Նա բոլոր կողմերից սահմանափակված ու շրջափակված է ականներով, որոնք ամեն ազգույշ քայլի դեպքում պայթում են: Առաջին հերթին Սերժ Սարգսյանը թույլ չտվեց նրան ինքնուրույն կառավարություն ձևավորել և ամեն ինչ արեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձևավորման համար: Պարզից էլ պարզ է, որ այդ հուշագիրը հետապնդում էր Կարեն Կարապետյանին իր իսկ կառավարության մեջ սահմանափակելու նպատակ: Ուժային կառույցները պարզապես դուրս են նրա վերահսկողությունից: Ի դեպ դրանք Հայաստանում իշխանություն վերցնելու վճռական խաղաքարտեր են: Պատերազմի արդյունքում Հայաստանում ձևավորվել է ուժայինների բավականին ազդեցիկ բյուրոկրատիա և առանց դրա աջակցության տեսականորեն անհնար է իշխանություն վերցնել: Վարչապետը չունի աջակցություն նաև խորհրդարանում: ՀՀԿ խմբակցությունը հիմնականում բաղկացած է Սերժ Սարգսյանին հավատարմության երդում տված գործիչներից: Ինվեստիտուրայի ընթացակարգով նրանք վասալական կախվածության մեջ են հայտնվել սյուզերենից:

Ընդդիմության դիրքորոշման մասին արդեն իսկ խոսեցինք: Ի դեպ դժվար է խոսել ընդդիմության մասին, քանզի Հայաստանում ազդեցիկ ընդդիմություն այլևս չկա, մնացել են ինչ-որ վերահսկելի մնացուկներ: Կկարողանա՞ Կարեն Կարապետյանը դուրս գալ այս ականապատված շրջափակումից, իհարկե դժվար է ասել, բայց փաստը մնում է փաստ, որ նվիրապետական բուրգը ցանկանում է վարչապետի պաշտոնում տեսնել Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային Ժողովի դիմաց են հավաքվել մի քանի տասնյակ առեւտրականներ, որոնք պայքարում են պետական եկամուտների կոմիտեի դեմ, քանի որ ՊԵԿ-ը հարկային ստուգումներ է սկսել «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնում: «Համերաշխաություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ներսիսյանը հայտարարել է, որ ԱԺ-ի բոլոր խմբակցություններին նամակ են հղել եւ խնդրել, որպեսզի վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի ունեցվածքը ստուգելու համար հանձնաժողով ձեւավորեն: Բողոքելով Կարեն Կարապետյանի և ՊԵԿ նախագահի դեմ՝ ցուցարները Արմեն Ներսիսյանի գլխավորությամբ սիրո խոստովանություն էին անում Սերժ Սարգսյանին՝ նրան դիտարկելով որպես սկզբուքնային գործիչ։

Իսկ մինչ այդ այսօր ԱԺ-ում իրավիճակը բավականին սրված է եղել։ ԲՀԿ խմբակցությունն իր ողջ ծանր հրետանիով հարձակում է գործել կառավարության վրա՝ ակնարկելով նաև Կարեն Կարապետյանին։ Նշենք նաև, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը զգալիորեն անկում ապրեց, երբ ուսանողական պայքարի համատեքստում նա չկարողացավ պայմանավորվածության հասնել ուսանողների հետ, իսկ Գագիկ Ծառուկյանին շարունակում են ոգևորել և նրա շուրջը վերստին անպարտելիության միֆ ստեղծել, Բրյուսելում առյուծի նկար են նվիրում և առյուծային տրամադրություններով ուղարկում Հայաստան։ Կարելի է ասել, որ իրավիճակն այս ամենևին էլ պատահականություն չէ։ Սերժ Սարգսյանը վերստին կառավարություն-ԲՀԿ պատերազմ է սանձազերծում, պատերազմ, որտեղ վերջում պարտվելու են բոլոր մասնակիցները՝ և՛ ԲՀԿ-ն և՛ կառավարությունը, իսկ հաղթելու է միայն Սերժ Սարգսյանը։