Ազատության հրապարակում թատրոն էր․ «Դուխով» երգն ու սրճարանների աշխատողների ճիչերն իրար էին խառնվել

Ազատության հրապարակում թատրոն էր․ «Դուխով» երգն ու սրճարանների աշխատողների ճիչերն իրար էին խառնվել

Երեկ Երեւանի քաղաքապետարանը, Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի հետ մեկտեղ, Հրագի «Դուխով» եւ Էդո Բարնաուլսկու «Նիկոլն ազգի հերոս է» երգերի ներքո Օպերային հարակից սրճարաններն էր ապամոնտաժում։ Մի կողմից «հեղափոխական երգերն» էին, մյուս կողմից՝ գոռգոռոց, քաշքշուկ, տեղ-տեղ՝ ծեծուջարդ։ Սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները բողոքի ակցիա էին անում, վանկարկում «ամոթ», քաղաքապետին պահանջում, երբեմնի այգին կարոտով հիշող քաղաքացիներն էլ վերջիններիս հանդիմանում էին, թե քաղաքապետարանը լավ բան է անում, իրենց երիտասարդության այգին է վերականգնում։ Աշխատակիցները նշում էին, որ իրենց ժամանակ չի տրվել, փոխհատուցում չկա, մինչեւ 2026 թվականն ուժի մեջ պայմանագրեր ունեն, մինչդեռ մի օրում՝ նման բարբարոսություն եւ վաղվանից գործազուրկի ճակատագիր։ Ցուցարարների հետ հանդիպման էր եկել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

Պատասխանելով մեր հարցին, թե ինչ կոմպրոմիսային լուծման ճանապարհներ կան, Խաչատրյանն ասաց․ «Ես ի սկզբանե իմ կարծիքն ասել եմ, որ կողմ եմ ապամոնտաժմանը, բայց Օպերան պարիսպ ունի եւ պարսպից այս կողմ բոլոր սրճարաններին պետք է վերաբերի։ Չպետք է կողմնապահություն լինի։ Ես այստեղ կոնկրետ կողմնապահություն եմ տեսնում։ Ես կողմ եմ, որ տարածքը դառնա պուրակ, բայց եթե պետք է քանդվի, ապա պետք է տարածքի բոլոր սրճարանները քանդվեն, ոչ թե այս 1-2 սրճարանը։ Կա նաեւ Սամվել Ալեքսանյանի սրճարանը, ինչո՞ւ չի քանդվում, այդ հարցը ես տալիս եմ քաղաքապետին, ինչո՞ւ չեք քանդում Սամվել Ալեքսանյանի սրճարանը։ Այս ամենը սկսելուց առաջ պետք է ժամանակ տրամադրվեր, պետք է գոնե այս տարի սրճարաններին թույլ տային աշխատել, եւ իրենք էլ իմանային, որ սա իրենց վերջին ժամանակահատվածն է։ Այս մարդիկ տնտեսվարողներ են, բիզնես են դրել, գումարներ են ներդրել, գոնե պետք է տեղափոխեն իրենց բիզնեսը։ Նաեւ պետք է առաջարկ լիներ այս մարդկանց։ Քաղաքապետարանը ոչ մի կերպ չի հանդիպել սրճարանների տերերի հետ, չեն քննարկել»։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն էլ ասաց, որ պատշաճ ծանուցել են, բայց սրճարանների տերերն իրենց հանդեպ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել․ «Մենք բոլորին պատշաճ ծանուցել ենք, ավելին՝ իրենք անհարգալից ձեւով սեղանները դրել են, մարդկանց ընդունում են։ Այդ մարդիկ անգամ թույլտվություն չունեն, այդ մարդիկ առանց թույլտվության կաֆե են բացել Օպերայի տարածքում՝ Թատերական հրապարակի տարածքում, հիմա մեկը կարո՞ղ է սիզամարգի վրա ինչ-որ բան կառուցել։ Չենք թողնում, չէ՞, միասին գնում պայքարում ենք, ինչո՞ւ չենք պայքարում եղածի համար։ Ասում եք՝ ինչո՞ւ ուրիշներինը չեք քանդում, բայց կան առաջնահերթություններ։ Թատերական հրապարակը բոլորիս համար նույնը չէ, ինչ որ մնացածը, բայց հավատացած եղեք՝ մեր թիմով կամաց-կամաց․․․ մեր բոլորիս ուշադրության կենտրոնում է, որ կանաչապատ տարածքներն ավելացնենք, նոր աշխատատեղեր բացենք»։

Դիտարկմանը, որ սրճարանների սեփականատերերը մինչեւ 2026 թվականը քաղաքապետարանի հետ պայմանագրեր ունեն, Մնացականյանը պատասխանեց․ «Դե, ժամանակին թույլ են տվել, հիմա իշխանությունը փոխվել է։ Գնացեք տեսեք այս շենքը ոնց է կառուցվել, դուք համակերպվո՞ւմ եք այս շենքի հետ (ցույց է տալիս Հյուսիսային պողոտայի շենքերից մեկը՝ Կ․ Ս․), սաղ օրը խոսում ենք Երեւանից, Թամանյանից, Թամանյանը թո՞ւյլ է տվել։ Մեր դիրքորոշումն այն է, որ մենք չենք ուզում բոլորը քանդել, բայց Թատերական հրապարակի շրջակայքը, որ անմիջապես մեր երեխաները, տուրիստներն են շփվում, ուզում ենք վերադարձնել»։

Իսկ ինչո՞ւ չեն քանդում Սամվել Ալեքսանյանին պատկանող սրճարանը։ «Սամվել Ալեքսանյանը, ի տարբերություն ուրիշների, հասկացավ։ Նա հասկացավ, ընդունեց, սկզբում նրանք էլ էին փորձում ըմբոստանալ, բայց հետո մարդիկ հասկացան, ասացին՝ ճիշտ եք ասում, մենք մեր կողմից կբարեկարգենք, մենք կտանք»։

Սրճարանների աշխատակիցներից մեկն էլ գանգատվեց, որ վաղվանից գործազուրկ է դառնում, չի կարողանալու իր վարկերը մարել, երեխաների ուսման վարձը տալ, իսկ Հայկ Մարությանին էլ սրա համար չեն ընտրել․ «Մենք ընտրել ենք, որպեսզի աշխատենք, մենք չենք ընտրել, որ էսօր գանք էստեղ, բունտ անենք։ Մենք էլ ձեզ հետ պայքարել ենք, հիմա ի՞նչ, մե՞նք էլ դուրս գանք, փողոց փակենք։ Հացի փող ումի՞ց մուրանք։ Փակել եք, ես վաղը չեմ աշխատելու, ինչո՞վ պետք է իմ ընտանիքը պահեմ, իմ վարկերը փակեմ, իմ երեխաներին պահեմ, ուսման վարձերը տամ։ Ոչ մի այլընտրանք, փակում են ու վերջ։ Մարդուն տեղ պիտի տաք, որ ինքը տեղ սարքի մի 6 ամիս հետո, մեզ փոխհատուցում չեն առաջարկել»։