Ագարակաձորի մանկապարտեզում ջեռուցման լոկալ համակարգ է կառուցվում

Ագարակաձորի մանկապարտեզում ջեռուցման լոկալ համակարգ է կառուցվում

Վայոց ձորի Ագարակաձոր գյուղի մանկապարտեզում ակտիվ աշխատանքներ են իրականացվում: Կառուցվում է արեւային ջրատաքացուցիչներով համալրված ջեռուցման լոկալ համակարգ: Դրա անհրաժեշտությունն այստեղ առաջացել է խորհրդային համակարգի փլուզումից հետո: Արդեն 38 տարի, ջերմաստիճանային բավարար պայմաններ չլինելու պատճառով, ձմռանը սաների հաճախումը դադարեցվում է: 

Լոկալ ջեռուցման համակարգ չունենալու պատճառով մանկապարտեզը տարվա մեջ աշխատում է 7-8 ամիս: Խմբերում եւ ննջասենյակներում միացված մեկական էլեկտրական սալիկներով համապատասխան ջերմաստիճան ապահովել չի հաջողվում: Կա երեխաների անվտանգության ապահովման խնդիր նաեւ: Ցածր ջերմաստիճանի պատճառով փոքրիկները հաճախ են հիվանդանում: Տուժում է նաեւ մանկավարժների աշխատանքը. իրականացված կրթադաստիարակչական ծրագրերը հարկադրական պարապուրդների պատճառով արդյունք չեն տալիս: 50 երեխա սպասարկող մանկապարտեզի համար խնդրի լուծումը կարեւոր է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), համատեղ ջանքերով, գործնական կոնկրետ քայլեր են իրականացնում: Կառուցվում է ջեռուցման լոկալ համակարգ, որը նախատեսում է նաեւ 9.5ԿՎտ/Ժ հզորությամբ արեւային ջրատաքացուցիչ եւ 300լ տարողությամբ ջերմափոխանակիչ բաք: Ընթացիկ աշխատանքներն արդեն դրական ազդեցություն են թողել. նախատեսվող փոփոխության շնորհիվ փոքրիկների թիվն ավելացել է: Նախկին 50-ի փոխարեն, աշխատանքներից հետո այստեղ դիմավորելու են 58 երեխայի: 1490 բնակիչ ունեցող գյուղի համար սա կարեւոր ձեռքբերում է:

«Մանկապարտեզը միշտ խնդիր է ունեցել: Երբ չենք կարողացել վառարաններով կամ հոսանքով տաքացնել սենյակները՝ մինչեւ ապրիլի 1-ը, երբեմն նաեւ 15-ը, փակել ենք մանկապարտեզը: Ցրտի պատճառով երեխաները շուտ են հիվանդանում, ծնողները վախենում են նրանց բերել: Հոսանքով ինչքան էլ միացնում ենք, սենյակը չի տաքանում: Վառարաններով էլ չի թույլատրվում. ինչքան էլ ուշադիր ենք լինում, մի դեպք պատահում է: Այս աշխատանքները կատարելուց հետո մանկապարտեզը կարող է աշխատել ամբողջ տարի: Դա կարեւոր է բոլորի համար»,- ասել է մանկապարտեզի տնօրեն Նախշուն Բեգլարյանը:

«Համայնքի բյուջեն թույլ չի տալիս նման խնդիրներ լուծել: Մանկապարտեզի ջեռուցման հարցի լուծումը կարեւոր աջակցություն է գյուղի համար: Առավել եւս, որ, ի տարբերություն անցած տարիների, ունենք ծնունդների ավելացում: Այս հնարավորությունը միանշանակ դրական է ազդելու»,- ասել է Ագարակաձորի վարչական տարածքի ղեկավար Դերենիկ Մարտիրոսյանը:
Կառուցվող համակարգը գործելու է առավելագույն օգտակարություն ապահովելու սկզբունքով. գիշերային ժամերին օգտագործվելու է գազի կաթսան՝ ապահովելով մինիմալ ջերմաստիճան:  Ցերեկային ժամերին ջեռուցումն ապահովվելու է բացառապես արեւային ջրատաքացուցիչների միջոցով: Դա թույլ կտա նաեւ 40 տոկոսով տնտեսել գազի ծախսը: