Թեւավոր խոսքեր

Թեւավոր խոսքեր

«Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»

Այս դատողությունը 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների շնորհիվ իշխանության եկած անձի «հավատո հանգանակն» էր, ինչի արդյունքում մենք գտնվում ենք Արցախն ամբողջությամբ կորցնելու ճանապարհին: Այն ճանապարհին, որն, իր վկայությամբ, վերջերս սկսել է տեսնել մի քանի հազար զոհի գնով Արցախը թշնամուն հանձնելու գաղափարն իրականացնողը: Ճանապարհ, որի վերջնամասում կարող է կորցնենք նաև ամբողջ Հայաստանը՝ եթե ամեն ինչ ընթանա ճիշտ այնպես, ինչպես նախատեսել է դատողության հեղինակը: Ինչից խուսափելու միակ ճանապարհը հնարավոր և անհնար բոլոր միջոցներով նրան պաշտոնից հեռացնելն է:

«Ոչխարների (այլ տարբերակ՝ ավանակների) բանակը, որը առաջնորդում է առյուծը, միշտ ավելի ուժեղ է, քան առյուծների բանակը որի առաջնորդը ոչխար (այլ տարբերակ՝ ավանակ) է» 
Այս ասացվածքն առկա է մի շարք ժողովուրդների (չինացիներ, հռոմեացիներ, արաբներ) բանահյուսությունում, որ օգտագործել են անցյալի հանրահայտ զորավարները՝ Ալեքսանդր Մակեդոնացին, Նապոլեոն Բոնապարտը և այլն: Այս ասացվածքի ճշմարտացիությունն ապացուցել են հենց այդ զորավարները: Այն ապացուցվեց նաև 2020 թվականին 44-օրյա պատերազմում՝ շնորհիվ «գերագույն գլխավոր հրամանատարի», որի առկայությունից մենք պետք է «չշշկռվեինք»՝ ինչպես արտահայտվել էր վերջինիս ստրկամիտ կամակատարներից մեկը: Ապացուցվեց բառացիորեն, քանի որ եթե դրանից առաջ մենք էինք թշնամու զինվորներին անվանում ոչխարներ, այսօր դրանք նույնը վերադարձնում են մեզ: Եվ դա 2020 թվականի Տավուշի հուլիսյան դիրքային մարտի հաջողությունն իրեն վերագրած Փաշինյան Նիկոլի պատճառով:

«Վայ պարտվածներին» 

Այս թևավոր խոսքի հեղինակը գալական ցեղերից մեկի առաջնորդ Բրենոսն է, որը մ.թ.ա. 390 թ.-ին հաղթել էր հռոմեացիներին: Վերջիններս համոզում են Բրենոսին պատերազմն ավարտել ռազմատուգանք ստանալով: Գալերի առաջնորդը համաձայնվում է, սակայն որպես ռազմատուգանք ստացած ոսկին կշռելու համար կեղծ կշռաքարեր է ներկայացնում: Եվ երբ հռոմեացիները բողոքում են անարդարությունից՝ արտասանում է «Vae victis» և իր ծանր սուրը դնում կշռաքարերի վրա՝ ավելի ծանրացնելով դրանք։ Սակայն պատմությունը դրանով չի ավարտվում: Այդ պահին քաղաքի դարպասների մոտ է հայտնվում հռոմեացի զորավար Կամիլոսի հավաքագրած բանակը։ Վերջինս դիմում է ներկաներին՝ ասելով. «Ոչ թե ոսկով, այլ երկաթով պետք է ազատագրել հայրենիքը…»: Եվ հանելով իր սուրը՝ այն դնում կշեռքի մյուս նժարին: Դրանով դիկտատորական լիազորություններով օժտված Կամիլոսը չեղյալ է հայտարարում կոնսուլների որոշումը։ Վերջնարդյունքում գալերը պարտություն են կրում: Ի տարբերություն հին հռոմեացիների՝ մենք դեռևս պարտությունների շղթայից դուրս գալ չենք կարողանում: Պատճառը Կամիլոսի մտածողությամբ զորավարի բացակայությունն է այսօրվա Հայաստանում:

«Հայկական բանակի հզորությունը միֆ էր»

Նշվածը 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների շնորհիվ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի և նրա իշխանական թայֆայի կողմից հրապարակ նետված՝ կեղծ և խիստ վտանգավոր դատողություն է: Որն իր կեղծավորությամբ ավերմունք գործեց մեր բանակում: Եթե այն կեղծ չլիներ, ապա Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանի իշխանությունների կողմից հրավիրված՝ չեչենական շարժման առաջնորդ Շամիլ Բասաևն իր ջոկատի պարտությունից հետո չէր հեռանա Չեչնիա: Եվ հետագայում չէր հայտարարի, որ Արցախում կռվելն անիմաստ էր, քանի որ հայերին հաղթելը գրեթե անհնար էր։ Իսկ դրանից հետո ևս մեկ անգամ իր հզորությունը հայկական բանակը ցույց չէր տա 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում՝ թշնամուն ստիպելով զինադադարի խնդրանքով դիմելու Մոսկվային: Ասվածը նշանակում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտվեց ոչ թե հայկական բանակը, այլ այն դավաճանվեց իր ղեկավարության կողմից: Այն ղեկավարության, որը մարմնավորված էր «գերագույն գլխավոր հրամանատար» կոչված անձի մեջ: Ինչպես նաև նրա կողմից առաջ քաշված ապաշնորհ գնդապետների ու գեներալների անձերի մեջ: Որոնք փոխարինել էին Արցախյան հաղթական  պատերազմի հերոս զորահրամանատարներին: