Ինչո՞ւ է ՊՆ-ն ֆինանսավորել կրթությունս եթե չեմ կիրառելու մասնագիտական հմտությունները․ բաց նամակ

Ինչո՞ւ է ՊՆ-ն ֆինանսավորել կրթությունս եթե չեմ կիրառելու մասնագիտական հմտությունները․ բաց նամակ

Բաց նամակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին

Հարգարժան պրն. վարչապետ, մեծարգո պրն. նախարար, 

Նամակիս նպատակն է հետամուտ լինել պրն. նախարարի տված մի հանձնարարականի կատարմանը, փորձել հասկանալ, թե ինչու են որոշ ՊՆ սպաներ գործել հակառակ հանձնարարականի և ինչու է ՀՀ Պաշտպանության նախարարությունը 3 տարի շարունակ ֆինանսավորել իմ արտասահմանում կրթություն ու բարձրագույն որակավորում ստանալը, եթե, ի վերջո, նշանակվելու էի ՀՀ հեռավոր հոսպիտալներից մեկում որպես ընդունման բաժանմունքի պետ, որտեղ երբեք չեմ կիրառելու ստացածս մասնագիտական հմտությունները: 
Եվ այսպես, 2005-2011 թթ. սովորել և ավարտել եմ Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: 2011-2012 թթ. սովորել եմ նույն բուհի ինտերնատուրայում: Ավարտելուց հետո երեք տարի զինվորական ծառայություն եմ անցել սահմանային զորամասերից մեկում:


2015-2018 թթ. ՀՀ ՊՆ պետական ծրագրով Չինաստանի Շանհայ քաղաքի երկրորդ ռազմաբժշկական համալսարանում ստանալով ինվազիվ սրտաբանի որակավորում՝ ս.թ. հուլիսից գտնվում եմ Հայաստանում: Սովորել եմ գերազանց, իրականացնում եմ սրտի բարդ վիրահատություններ: Փայլուն պաշտպանել եմ գիտական թեզս, որտեղ ներկայացված են իմ իրականացրած ավելի քան 1500 վիրահատությունների արդյունքները: 
Արտասահմանում կրթություն ստացած ուսանողների հետ 2018 թ. օգօստոսին կայացած հանդիպման ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը, լսելով ինձ և գնահատելով ձեռքբերումներս, իր ենթականերին հանձնարարեց հնարավորինս արագ ստեղծել համագործակցության հարթակ և հնարավորություն տալ ինձ աշխատել մասնագիտությամբ: 
Ելնելով հանձնարարականից՝ ամիսներ շարունակ դիմել եմ նախարարության համապատասխան օղակներին, որտեղ ինձ հավատացրել են, որ աշխատում են նախարարի հանձնարարականը կատարելու շուրջ և վաղ թե ուշ կիրականացնեն, անհոգ մնամ: 


Ամիսներ տևած բանակցություններից հետո, սակայն, դեկտեմբերի 17-ին ստացա անակնկալ հրաման, ըստ որի ինձ նշանակել են հեռավոր զինվորական հոսպիտալներից մեկում՝ որպես ընդունման բաժանմունքի պետ՝ առանց հաշվի առնելու իմ համապատասխանությունը պաշտոնին և ի չիք դարձնելով նախարարի հանձնարարականը, ձեռք բերված բոլոր պայմանավորությունները: 
Պաշտպանության նախարարության տարբեր բաժիններում ինձ շարունակ հրաժարվում են պարզաբանումներ տալ, պնդում են, որ արդեն կայացած փաստ է, պարզապես հաշտվեմ: Ելնելով ստեղծված հանգամանքներից՝ կայացրել եմ հարկադրված որոշում՝ հեռանալ ՀՀ զինված ուժերից:
 Ցավով եմ նշում, որ այսպիսի դեպքերը համակարգում եզակի չեն: ՀՀ Պաշտպանության նախարարությունը կարիք ունի արմատապես վերանայելու մարդկային ռեսուրսների կառավարման գործիքակազմը, այլապես կառույցը գնալով կթուլանա: Լիահույս եմ, որ այս նամակով կկարողանամ Ձեր ուշադրությունը հրավիրել ՊՆ-ում տիրող այն արատավոր և արդեն հնացած գործելաոճին, որի պատճառով ոչ միայն մարդկային ճակատագրեր են ձախողվում, անտեղի գումարներ են ծախսվում, այլ նաև, վստահաբար, ընկնում է բանակի մարտունակությունը:

Հարգանքներով՝ 
ՀՀ ՊՆ բ/ծ կապիտան Սոս Պետրոսյան

26.12.2018