Թրամփն ու Պուտինը հանդիպել են 5 անգամ․ Ինչի մասին են խոսել, մնում է գաղտնիք

Թրամփն ու Պուտինը հանդիպել են 5 անգամ․ Ինչի մասին են խոսել, մնում է գաղտնիք

«Առաջին անգամ նրանք հանդիպել են Գերմանիայում։ Հանդիպումից հետո նախագահ Թրամփը իր թարգմանչի ձեռքից վերցրել է գրառումները եւ կարգադրել նրան չբացահայտել այն, ինչ լսել է։ Նույն օրը երեկոյան, ավելի ուշ, ընթրիքի ժամանակ, Թրամփը նստել է Վլադիմիր Պուտինին մոտ, որպեսզի խոսի առանց ամերիկացի վկաների։ Նրանց երրորդ հանդիպումը տեղի է ունեցել Վիետնամում, երբ Թրամփը, թվում էր, թե հավատացել է Պուտինի խոսքին, որ վերջինս չի միջամտել ամերիկյան ընտրական գործընթացներին։ Այնուհետեւ արդեն տեղի է ունեցել ֆորմալ հանդիպումը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում, երբ երկու առաջնորդները դուրս հանեցին բոլորին, բացի թարգմանիչներից։ Իսկ հետո արդեն նրանք զրուցել են Բուենոս Այրեսում, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց, որ նրանք չեն հանդիպի ռուսական ագրեսիայի պատճառով»։ Ահա այսպես է ներկայացնում ամերիկյան The New York Times հեղինակավոր պարբերականը Թրամփ-Պուտին մինչ այժմ տեղի ունեցած հինգ հանդիպումների մասին։ Այնուհետեւ հոդվածագիր Պիտեր Բեյքերը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռական կերպով պնդում է, որ 2016-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռուսաստանի հետ որեւէ «դավադրություն չի եղել», սակայն այդ հինգ հանդիպումներից յուրաքանչյուրի ժամանակ, որոնք տեղի են ունեցել սկսած նրա իշխանության գալուց ի վեր, բորբոքվել են կասկածներ նրանց հարաբերությունների մասին։ «Այն, թե ինչպիսի ոչ-սովորական գաղտնապահությամբ է նա վերաբերվում այդ հանդիպումներին, վարչակազմի ներկայացուցիչներից շատերին ստիպել է կռահել, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել, եւ առաջ է բերել նաեւ քննիչների հետաքրքրությունը»,- գրում է Պիտեր Բեյքերը։ «Տարակուսելին այն է, որ նա ունի ցանկություն ինֆորմացիան թաքցնել սեփական թիմից,- նկատել է Բիլ Քլինթոնի նախագահության ժամանակ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Էնդրյու Ուեյսը եւ շարունակում,- այն, փաստը, որԹրամփը չի ցանկանում, որպեսզի Պետդեպարտամենտը, կամ Սպիտակ տան թիմի ներկայացուցիչները իմանան, թե ինչ է խոսել ինքը Պուտինի հետ, ստիպում է ենթադրել, որ հարցն այստեղ մեր երկրի ազգային շահերի առաջ մղմանը չի վերաբերում, այլ ինչ որ այլ խնդրահարույց հարցի»։ Այն հանդիպումների շուրջ ստեղծված խորհրդավորությունը գրավել է նաեւ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ուշադրությունը, ով հետաքննում է նախագահի եւ Ռուսաստանի միջեւ եղած կապերը, ինչը ֆուրոր է առաջացրել Կոնգրեսում, որտեղ դեմոկրատները պնդում են, որպեսզի բացահայտվեն թարգմանիչների գրառումները կամ հենց թարգմանիչները գան եւ ցուցմունք տան։ NYT-ի հրապարակման մեջ նշվում է, որ նախորդ վարչակազմերի հնաբնակները չեն կարողանում հիշել որեւէ նախադեպ, երբ նախագահը հանդիպի մրցակից երկրի ղեկավարի հետ դեմ առ դեմ եւ թույլ չտա, որպեսզի իր խորհրդականները նույնիսկ իրազեկվեն, թե ինչի մասին է խոսվել այդ հանդիպման ժամանակ։ «Երբ նախագահները հանդիպում էին այլ պետությունների ղեկավարների հետ, սովորաբար իրենք էին պնդում, որպեսզի բանակցությունների սրահում ներկա լինի գոնե մեկ խորհրդական, թարգմանչից բացի, որպեսզի հետագայում հնարավոր անհասկացողությունից հնարավոր լիներ խուսափել։ Միաժամանակ նաեւ կազմվում էին այսպես ասած բանակցային հուշագրեր եւ մանրամասներն էլ բանակցությունների, նախագահները ներկայացնում էին պաշտոնյաների հետ, որոնք իրավունք ունեն իմանալու, թե ինչ է քննարկվել»։