Խախտում չկատարած հարկ վճարողի նկատմամբ խախտում չի արձանագրվի

Խախտում չկատարած հարկ վճարողի նկատմամբ խախտում չի արձանագրվի

Երեկ գրել էինք, որ վարչապետի հրամանով ՊԵԿ փոխնախագահ է նշանակվել Էդվարդ Հովհաննիսյանը։ Նա ՊԵԿ-ում կփոխարինի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ ղեկավարելով հարկայինի իրավական բլոկը։ Մինչ փոխնախագահ նշանակվելը Էդվարդ Հովհաննիսյանն այս տարվա փետրվարի 9-ին նշանակվել էր ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնին:

- Պարոն Հովհաննիսյան, ճիշտ է՝ դեռ նոր եք նշանակվել, բայց ՊԵԿ-ում աշխատել եք, կարո՞ղ եք այս պահին մատնանշել առաջնահերթ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ աշխատելու եք առաջիկայում։


- Խնդիրներ շատ կան՝ օրենսդրական կարգավորումներով պայմանավորված, բայց էս պահին, որ հանպատրաստից առանձնացնեմ եւ Ձեզ ներկայացնեմ, չեմ կարող թվարկել։ Ընդհանուր առմամբ՝ համակարգի աշխատանքների եւ օրենսդրական փոփոխությունների կայացման հետ կապված՝ մեծ անելիքներ ունենք։ Մնացածն արդեն աշխատանքների ընթացքում ավելի ակնհայտ կերեւա։

- Այս ընթացքում շատ են դժգոհում, որ ՊԵԿ-ը բյուջեի մուտքերը փորձում է ապահովել ոչ ազնիվ մեթոդներով, կոշտ վարչարարությամբ, «գլխին սարքելու» մեթոդով, արհեստական տուգանքներ գրելով եւ այլն։

- Հասկանալի է Ձեր հարցը, դա, այսպես ասած, բողոքի տեսք ունի, ես վստահեցնում եմ Ձեզ, որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից մուտքերի ապահովման մասով որեւէ կոշտ, վարչարարական մեթոդներ կամ, ինչպես Դուք եք ասում, «գլխին սարքելու» մեթոդներ չեն կիրառվում։ Ես լիարժեք վստահեցնում եմ Ձեզ, որ մեր աշխատակիցների կողմից նման վարքագիծն արդեն վաղուց մոռացության է մատնվել, եւ ավելի կոնկրետ զրուցելու համար փաստեր, դեպքեր ներկայացնել է պետք։ Անհարկի տեղը որեւէ հարկային ծառայող բիզնեսին որեւէ միջամտություն չի ունենում։

- Ես այս թեմայով զրուցել եմ նաեւ Դավիթ Անանյանի հետ, եւ նա, ըստ էության, չի հերքել նման մեթոդի կիրառումը՝ ասելով, որ դա իրենց հնարքներից մեկն է, իրենք կարող են հսկիչ գնում կատարել, թող գործարարները չխաբվեն։

- Մենք հիմա տարբեր բաների մասին ենք խոսում, եղբայր։ Եթե հարկ վճարողը խախտում է կատարում, հսկիչ գնումը հարկային հսկողության տեսակներից մեկն է, ինչպես նաեւ մյուս ստուգողական աշխատանքները։ Հիմա դրանց ընթացքում եթե հարկ վճարողի կողմից խախտում ա կատարվում, Դուք ո՞նց եք պատկերացնում՝ չպե՞տք է դրանք արձանագրվեն, եւ դրանք Դուք մեկնաբանում եք կոշտ վարչարարության մեթոդնե՞ր։ Ես համաձայն չեմ Ձեզ հետ։ Հավատացած եղեք, որ խախտում չկատարած հարկ վճարողի նկատմամբ երբեք խախտում չի արձանագրվի։

- Այլ հարց է, որ արհեստական ձեւով ամեն ինչ անում են, որ մարդիկ խախտում կատարեն, եւ իրենք արձանագրեն դա։

- Այ, որ ասում եք «ամեն ինչ», գիտե՞ք ինչքան դժվար է մեկնաբանել դրա սահմանները։ Ի՞նչ է նշանակում՝ ամեն ինչ անում են։

- Դրա վկայությունն այն է, որ ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովում այս պահին բազմաթիվ բողոքներ կան քննվող, եւ շատ դեպքերում բավարարվում են բողոքները՝ ընդունելով, որ արհեստական կամ ապօրինի ձեւով է տուգանել ՊԵԿ-ը։

- Չէի ասի՝ էդ բավարարվող բողոքներն ամբողջությամբ պայմանավորված են արհեստական կամ ապօրինի ձեւով տուգանելուն, բողոքների բավարարման հիմքում դրվում են տարբեր չափանիշներ՝ վարչարարության ընթացքում թույլ տրված որոշակի վրիպումներ, որոշակի սխալներ, ամեն դեպքում՝ դա չի կարելի մեկնաբանել որպես ապօրինի տուգանում։