Պարգևավճարների այդ չափի մասին երազում անգամ չէի լսել

Պարգևավճարների այդ չափի մասին երազում անգամ չէի լսել

Սփյուռքի նախարարությունը լուծարվեց: Փոխարենը վարչապետի աշխատակազմում ստեղծվեց սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ։

Անցած նիստերից մեկի ընթացքում կառավարությունը որոշեց, որ այն պետք է գործի 25 հաստիքով, սակայն երեկ գրասենյակի հանձնակատար Զարեհ Սինանյանը կառավարության նիստից հետո չբացառեց, որ թիվը կավելանա, իր պատկերացմամբ՝ կառույցը կարող է լավագույնս աշխատել 50 հոգով՝ մոտավորապես այնքան, որքան նախարարությունն էր:

Հիշեցնենք, որ գրասենյակը գործելու է վարչապետին կից։ Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ: Հանձնակատարի գործառույթները որոշում է վարչապետը: Հանձնակատարը հաշվետու է վարչապետին եւ միայն վարչապետին:

Հետաքրքրական է, որ չնայած իշխանության պնդումներին, թե նախարարությունը գրասենյակ դարձնելով անցնում են կառավարման ավելի արդյունավետ մոդելի, այդուհանդերձ, նախարարության եւ գրասենյակի կառուցվածքներն այնքան նման են իրար, որ կարծես «քոփի փեստ» լինի։ Ասենք՝ նախարարությունում գործում էր 12 վարչություն, եւ գրեթե նույն անվանումներով 10 վարչությունը պահպանվել է նաեւ գրասենյակում։ Թերեւս հայտնի պատճառներով կրճատվել են ֆինանսատնտեսականն ու իրավաբանականը, քանի որ այդ գործառույթներն իրականացնում է վարչապետի աշխատակազմը։

Երեկ Զարեհ Սինանյանի հայտարարությամբ պարզ դարձավ, որ հաստիքացուցակի հարցում էլ էական փոփոխություն չի լինի․ թեեւ նախապես հաստատվել էր երեք անգամ պակաս, քան նախարարության 88  հոգանոց աշխատակազմն էր, բայց, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կավելանա՝ հասնելով 50-ի։ Սա նշանակում է, որ զուր էին հեղափոխականների ջանքերը, թե նախկինները երեք անգամ «ավել ուտող» բերանների են պահել այս գերատեսչությունում, մինչդեռ կարելի է այդ աշխատանքն անել երեք անգամ պակաս թվով։ Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը տեղի ունեցածը վերլուծելով՝ նկատում է, որ գրեթե փոփոխություն չի եղել, մնում է անհասկանալի, թե ինչու փոխեցին անուններ, ինչ նպատակով։ «Ներեցեք, եթե մի ամբողջ տարի մի ամբողջ գերատեսչություն բացարձակ մատը մատին չտվեց եւ պետբյուջեից այդքան գումար ստացավ, պարգեւատրումներն էլ՝ հետը, դա դեռ չի նշանակում, թե նախկինում չեն աշխատել»,-  հետհեղափոխական 2018-ը վկայակոչեց նա․ «Ես մաթեմատիկոս չեմ եւ դպրոցում էլ մաթեմատիկայից առանձնապես աչքի չեմ ընկել, բայց այն մեկ տարվա աշխատավարձերն ու պարգեւավճարները թող գումարեն իրար, տեսնեն՝ ինչ գումար է կազմում, եւ նախնական հաստատված 25 հոգով 75-80-ի փոխարեն քանի՞ տարի պիտի աշխատեն, որ այդ գումարը հետ բերեն։ Բերանով եք ասում՝ մեկ տարի ողջ կառույցը սպասարկվել է պետականորեն ու ոչինչ չի արել, դա աշխատավարձ է, բենզին, պարգեւավճար, ընդ որում՝ պարգեւավճարների այնպիսի թիվ, որ նախարարությունում աշխատելու հինգ տարվա ընթացքում երազում անգամ լսած չկայի։

Ո՞վ էր տեսել միլիոններով պարգեւավճար, լավագույն դեպքում մեզ աշխատավարձի կիսով չափ կպարգեւատրեին։ Հարցրեք ամբողջ սփյուռքը, եւ կբացատրեն, մարդիկ այդ ժամանակ էին հասկացել, որ նախարարությունը չկա»։ Սրապիոնյանի կարծիքով՝ մեկ տարուց ավելի կառույցն անգործության է մատնված․ «Հիմա նորից անուններ փոխել, հանձնակատար նշանակել՝ դեռ չի նշանակում, թե իրենց գործի նպատակը հայտնի է։ Իրենք կարողանո՞ւմ են հոդաբաշխ բացատրել, թե ինչ են անելու 25 հոգով սփյուռքի միասնականության համար, սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդման համար։

Մեկ տարուց ավելի է՝ ես գոնե չեմ հասկացել ո՛չ նպատակը, ո՛չ էլ աշխատանքի եղանակը։ Տա Աստված՝ սխալվողը մենք լինենք, եւ իրենք անեն բան, որի առաջ գլուխ կխոնարհենք։ Հավատացեք՝ նեղացածության հարց չկա, բոլորս հասկանում ենք, որ փոխվել է իրավիճակ, եւ շատ դրական բաներ կան, բայց դրական բաները հիմնականում օդի մեջ են, զուտ խոսքերի մակարդակով։ Գոնե սփյուռքի առումով շոշափելի ոչինչ չի արվել։ Ես ամեն բառիս տակ պատրաստ եմ ստորագրել»։

Սփյուռքի «հեղինակավոր» իր ծանոթները շարունակում  են դժգոհել․ «Մարդիկ ասում են՝ չեն հասկանում՝ հիմա Հայաստանը  սփյուռքի հետ կապի անհրաժեշտություն ունի՞, թե՞ ոչ։ Սա ասում են ոչ պատահական մարդիկ՝ մամուլի հայտնի ղեկավարներ, ՀԿ-ների, համահայկական կառույցների ղեկավարներ»։
Նկատեցինք, որ սփյուռքի հետ աշխատանքների համակարգման կառույցն այժմ ներկայացնում է մարդ, ով գիտի սփյուռքը ներսից։ «Ես կոռեկտ չեմ համարում Սինանյանի մասին կարծիք հայտնել։

Նա հայաստանյան ծագում ունի եւ 14 տարեկանում արդեն  որոշակիորեն ձեւավորված մարդ է գնացել ԱՄՆ, հասցրել է այնտեղ հեղինակություն ձեռք բերել, հասնել մինչեւ քաղաքապետի աստիճան, բայց որ Զարեհ Սինանյանը սփյուռքահայ է, մասնակիորեն է ընդունվելու այդ գաղափարը, իսկ երբ հայտարարում են՝ սփյուռքագետ է, այդտեղ լուրջ կասկածներ կան։ Այլ բան է ԱՄՆ-ի հայկական սփյուռքը, բոլորովին այլ բան՝ Մերձավոր Արեւելքի, Պոլսի, էլ չեմ ասում՝ ֆրանսահայ համայնքը։ Դրանք այնքան իրարից տարբեր են։ Եթե Զարեհ Սինանյանն այդ ամենի գիտակն է, ապա փառք ու պատիվ, ես գլուխս կխոնարհեմ»։ Սրապիոնյանն ասաց, որ հինգ տարի զբաղվել է հայկական սփյուռքի ծագումնաբանությամբ, գիտահետազոտական աշխատանք է կատարել, բայց ամբողջական գաղափար չի կարողացել կազմել։