Նահանջ ընտրական տարի, որն աշխարհի ընթացքը կարող է շրջել

Նահանջ ընտրական տարի, որն աշխարհի ընթացքը կարող է շրջել

2024 թվականը, ի թիվս այլ իրադարձությունների, հագեցած է լինելու ընտրական գործընթացներով։ Նախագահական ընտրություններ են նախանշված ՌԴ-ում, Ադրբեջանում, ԱՄՆ-ում, այլուր, ընտրություններ են նախատեսված Եվրախորհրդարանում։

Ալիեւյան «մսաղաց»․ նախագահական արտահերթ ընտրություններ

Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր ստորագրեց երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Ավելի ուշ հրապարակվեց քվեարկության օրը՝ փետրվարի 7։ Ալիեւյան բռնապետության մերձավոր շրջանակներում շտապեցին ցնծությամբ ողջունել այդ որոշումը՝ այն համարելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնման տրաբանության մեջ տեղավորվող օրինական քայլ»։ Ադրբեջանի ԿԸՀ-ն արդեն ստացել է 17 անձի առաջադրման հայտ, 10-ը ժամանակին չեն ներկայացրել թեկնածության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ չեն գրանցվի, իսկ վերջնաժամկետը լրացել է հունվարի 8-ին, ժամը 18:00-ին։ ԿԸՀ-ն գրանցել է երեք թեկնածուի՝ գործող նախագահ Իլհամ Ալիեւին՝ «Նոր Ադրբեջան» կուսակցությունից, Ռազի Նուրուլլաեւին՝ «Ազգային ճակատ» կուսակցությունից եւ անկախ թեկնածու, պատգամավոր Զահիդ Օրուջին։ Նշվում է, որ նախկինում հաստատված թեկնածուները՝ ինքնառաջադրված Ֆուադ Ալիեւը, «Մեծ արարում» կուսակցության թեկնածու Ֆազիլ Մուստաֆան, «Մեծ Ադրբեջան» կուսակցությունից Էլշադ Մուսաեւը, Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունից՝ Գուդրաթ Հասանգուլիեւը, ժամանակին են ներկայացրել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Հատկանշական է, որ սույն գործիչները հայտնի են իրենց ազգայնական, իշխանամետ դիրքորոշմամբ ու հայտարարություններով։ Կասկածից վեր է, որ նրանք ընդամենը Բաքվի բռնապետի համար կեղծ մրցակցային ֆոն ու ժողովրդավարության իմիտացիա անելու համար են ներգրավվել նախագահական մրցապայքարին։

Պուտինյան հեգեմոնիա. նոր ընտրություններ Ռուսաստանում

ՌԴ նախագահական հերթական ընտրությունները կանցկացվեն մարտի 15-17-ը։ Առաջին թեկնածուն «երկար մտորումներից հետո» կրկին Վլադիմիր Պուտինն է։ Նա վերընտրվելու իրավունք է ստացել այն բանից հետո, երբ իր ժամկետը «վերանայվել է»՝ շնորհիվ 2020-ին կատարված Սահմանադրության փոփոխությունների։ Պուտինի քարոզարշավը «պահպանողականության գաղափարախոսությամբ» է ընթանալու: Իր կայքում եւ քարոզարշավի տեսանյութերում նա ներկայացվում է որպես «ավանդական արժեքների պահապան», «Ռուսաստանի բարոյական գերազանցությունն Արեւմուտքի նկատմամբ» հաստատելու ջատագով։ Բացի Պուտինից, գրանցված է եւս 10 թեկնածու, այդ թվում՝ Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին, Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը, Կոմկուսի անդամ Նիկոլայ Խարիտոնովը, էկոբլոգեր Ռադա Ռուսսկիխը, տնտեսագետ Իրինա Սվիրիդովան, «Տարածաշրջանային նախագծերի եւ օրենսդրության ինստիտուտ» հիմնադրամի հիմնադիր Բորիս Նադեժդինը, կոմունիստ Սերգեյ Մալինկովիչը, Ռուսաստանի Ազատության եւ արդարության կուսակցության թեկնածու Անդրեյ Բոգդանովը, «ՌԴ ժողովրդական միություն» կուսակցության նախագահ Սերգեյ Բաբուրինը եւ բլոգեր Անատոլի Բատաշեւը։ Միակ տեսական հնարավորությունը, որ Պուտինը չի կարողանա հաղթել այս ընտրություններում, ըստ քաղաքագետների, նրա ֆիզիկական չգոյությունը կարող է լինել, պարզ ասած՝ հանկարծակի մահը։ Ոչ ոք կասկած չունի, որ Պուտինը դարձյալ կվերընտրվի։ Ընտրություններին հետեւող քաղաքագետներն ակնկալում են, որ Ռուսաստանի կառավարությունը հավատարիմ կմնա ավանդական մարտավարությանը՝ ընտրություններում ներգրավելով պետական աշխատողներին եւ «պուտինիստներին», իսկ մյուսներին կփորձի ապամոտիվացնել։ Հարց է առաջանում միայն՝ արդյո՞ք ընդդիմադիր տրամադրությունների սրացում կլինի, եթե այո, ապա այս անգամ որքա՞ն կոշտ կճնշեն։ ՌԴ նախագահի երդմնակալությունը նշանակված է 2024 թ. մայիսի 7-ին, նախագահը կընտրվի 6 տարի ժամկետով՝ մինչեւ 2030 թվականը։

Ուկրաինայում ընտրությունների հարցն անորոշ է

Ռուսաստանում նախագահական ընտրությունների հետ գրեթե միաժամանակ ավարտվում են ՌԴ-ի հետ 2 տարի հակամարտող երկրի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու լիազորությունները։ Սակայն դեռ հարցական է, թե արդյո՞ք ընտրությունները տեղի կունենան։ Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ նախագահական ընտրություններ չեն կարող անցկացվել՝ երկրում մտցված ռազմական դրության պատճառով։ Մյուս կողմից, Ամանորի նախաշեմին Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարեց, որ ընտրությունները կանցկացվեն՝ չնայած պատերազմին։ «Իմ տեղեկություններով՝ Վլադիմիր Զելենսկին որոշել է հաջորդ տարի նախագահական ընտրություններ անցկացնել։ Նա Ուկրաինայի նախագահի աշխատակազմին հանձնարարել է նախապատրաստվել ընտրություններին, որոնք նախատեսվում է անցկացնել 2024 թ. մարտի 31-ին։ Սա սահմանադրական վերջնաժամկետն է՝ մարտի վերջին կիրակի օրը։ Եթե այս ընտրությունները չկայանան, Զելենսկին կկորցնի լեգիտիմությունը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Պուտինը ծրագրում է ընտրություններ անցկացնել մարտին»,- ասել է նա։ Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարեց նաեւ Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, ով հանդես էր գալիս ռուս-ուկրաինական կոնֆլիկտի դիվանագիտական լուծման օգտին։ Սակայն հետո Զելենսկին հերքեց տեղեկատվությունը, որ ցանկանում է ընտրություններ անցկացնել։ «Մենք պետք է որոշենք, որ հիմա պաշտպանության ժամանակն է, ճակատամարտի ժամանակն է, որից կախված է պետության ու ժողովրդի ճակատագիրը, այլ ոչ թե լցոնումների ժամանակը, որը միայն Ռուսաստանն ակնկալում է Ուկրաինայից։ Ես կարծում եմ, որ հիմա ընտրությունների ժամանակը չէ։ Եվ եթե պետք է վերջ տալ այս կամ այն քաղաքական վեճին եւ շարունակել աշխատել միայն միասնական, ապա պետությունն ունի այն կառույցները, որոնք կարող են վերջ տալ դրան եւ հասարակությանը տալ բոլոր անհրաժեշտ պատասխանները, որպեսզի տեղ չմնա հակամարտությունների եւ Ուկրաինայի դեմ ուրիշի խաղի համար»,- ասել է Զելենսկին։ Այդուհանդերձ, ընտրություններից ամբողջապես հրաժարվելու մասին պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չկա։ Բացի այդ, ընտրություններից հրաժարվելը հարցեր է առաջացնում պետության ղեկավարի գործողությունների օրինականության վերաբերյալ, որոնք կարող են բարձրացնել ինչպես ռուսամետ, այնպես էլ արեւմտյան երկրները։

Պատմական եւ վիճահարույց․ Եվրախորհրդարանի ընտրություններ

Այս տարվա հունիսին Եվրախորհրդարանում նախատեսված են ընտրություններ, որոնք առաջին անգամ են տեղի ունենում 2020-ին տեղի ունեցած Brexit-ից հետո։ Եվրախորհրդարանում կընտրվի 720 ներկայացուցիչ։ Քաղաքագետներն ակնկալում են, որ այս ընտրությունները կդառնան ամենավիճահարույցներից մեկը ԵՄ պատմության մեջ, քանի որ, ըստ սոցհարցումների, ներկայում նկատվում է ծայրահեղ աջ տրամադրությունների աճ, որոնք բնորոշ չեն ներկայիս եվրոպական քաղաքականությանը։ Այնուամենայնիվ, եվրոպացի փորձագետներն ակնկալում են, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կմնա իր պաշտոնում երկրորդ ժամկետով, քանի որ նա լավ է հանդես եկել ճգնաժամային այս ժամանակահատվածում, ապացուցել է ԵՄ դերն ու շարունակում է մնալ որդեգրված ուղու վրա: Միեւնույն ժամանակ նա կարող է լուրջ մրցակցության հանդիպել աջ պոպուլիստների կողմից, ինչը կարող է լարել ընտրական գործընթացը:

Բայդեն-Թրամփ հավերժ դիմակայություն

Շատ ավելի հետաքրքիր ընտրություններ են տեղի ունենալու նոյեմբերին՝ ԱՄՆ-ում։ Հիմնական թեկնածուն 81-ամյա դեմոկրատ Ջո Բայդենն է։ Սակայն էականն այն է, թե ով է լինելու հանրապետական կուսակցությունից նրա մրցակիցը։ 2022 թ. նոյեմբերին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց իր մասնակցության մասին, սակայն անցյալ տարի նրա դեմ մի շարք մեղադրանքներ ներկայացվեցին՝ կապված իշխանությունը զավթելու փորձի եւ նրա կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհի հետ, որոնք դատարանը դեռ քննարկում է, եւ դրանք կարող են խանգարել նրա` ընտրապայքարի մեջ մտնելուն։ Նրան արդեն արգելել են մասնակցել ընտրություններին 2 նահանգներում՝ Կոլորադոյում եւ Մենում։ Եթե մյուս նահանգները նմանատիպ մեթոդներով չմիանան դատարանի որոշմանը, իսկ դատարանը ժամանակ չունենա Թրամփին մեղավոր ճանաչելու, եւ Հանրապետական կուսակցությունը որոշի նրան առաջադրել ընտրություններում, այլ ոչ թե այլ թեկնածուների (առանցքայինը Ռոն Դեսանտիսն է), ապա նոյեմբերի ընտրությունները կստացվեն ամենաանկանխատեսելիներից մեկը ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ողջ աշխարհի համար։