Բացառենք կուսակցական դավաճանությունը եւ մարդաորսը

Բացառենք կուսակցական դավաճանությունը եւ մարդաորսը

Այն, ինչ դեկտեմբերի սկզբին տեղի ունեցավ Ալավերդի խոշորացված համայնքում, ստացավ լայն հասարակական հնչեղություն: Մեկի համար կատարվածն իշխանազավթում էր ու դավաճանություն, մեկ ուրիշի համար` պարզապես իշխանափոխություն: ՔՊ-ական նախարար Գնել Սանոսյանի գնահատականով՝ «ամեն ինչ օրենքի շրջանակներում էր․․․»։ Չկարեւորելով իմ անձնական կարծիքը, միաժամանակ չթաքցնելով իմ եւ ՔՊ-ի` հատկապես արտաքին քաղաքականության, հանրությանը սեւերի եւ սպիտակների բաժանելու եւ հինգ տարի անց էլ բոլոր բացթողումներն ու սխալները նախկինների վրա բարդելու նկատմամբ բացասական վերաբերմունքը, ուզում եմ Ընտրական օրենսդրության փոփոխության մի առաջարկ անել՝ նպատակ ունենալով բարձրացնելու կուսակցությունների, այդ թվում՝ ՔՊ-ի դերակատարումն ընտրական գործընթացներում:

Ընտրողն այսօր ձայն է տալիս որեւէ կուսակցության նախընտրական ծրագրին: Չբացառելով կուսակցության նախընտրական ցուցակի հատկապես առաջին տեղերում գրանցված անձանց անձնական դերակատարումը եւ գնահատելով, որ կուսակցության հավաքած քվեների արդյունքով է ձեւավորվում Ազգային ժողովը կամ համայնքի ավագանին, որին էլ վերապահված է համայնքի ղեկավարի ընտրությունը, այսուհանդերձ նշենք, որ հաճախ վճռորոշ է դառնում անգամ մեկ մանդատը: Ոստի առաջարկում եմ` գոնե համայնքի ավագանու դեպքում օրենքով բացառել անկախ պատգամավորի կարգավիճակը: Եթե կուսակցական ցուցակով ընտրված ավագանու անդամն անհամաձայնություններ ունի իր կուսակցության հետ, պարտավոր լինի ցած դնել մանդատը՝ տեղը զիջելով կուսակցության նախընտրական ցուցակի հաջորդ անդամին: Այս պարագայում կդադարի, այսպես ասած, մարդաորսը կամ անկախ կարգավիճակով ավագանու անդամի` դավաճանի պիտակ ստանալն ու տրամագծորեն հակառակ ճամբարում հայտնվելը:

ՀԳ․ Ավելորդ չեմ համարում ավելացնել, որ առաջարկիս դրական է արձագանքել իմ շրջապատում ծավալված քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը: Նրանց համար, ում հետաքրքիր է, ավելացնեմ, որ ես 68 տարեկան եմ, տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի հարուստ փորձ ունեմ` թե՛ խորհրդային եւ թե՛ անկախության տարիներին: Նժդեհյան գաղափարախոսության կողմնակից եմ ու շարունակում եմ մնալ ընդդիմադիր ՀՀԿ-ի շարքերում։ Ինձ ճանաչողները պաշտոնամոլության կամ դավաճանության մեջ ինձ մեղադրելու փաստարկներ, կարծում եմ, չունեն: Սոցցանցերում գրառումներ չեմ անում՝ այդ աշխարհը պարզապես իմը չէ ծայրահեղության ու գռեհկության հասնող բառամթերքի համար: Վերը նշված առաջարկը դուրս է իմ անձնական նպատակներից եւ իսկապես միտված է բարձրացնելու կուսակցությունների հեղինակությունը:

Վաղարշակ Ղորխմազյան