Նույն ժողովուրդը չե՞նք, որ լայվով ցուցադրում էիք անգամ Սերժ Սարգսյանի սանհանգույցը․․․

Նույն ժողովուրդը չե՞նք, որ  լայվով ցուցադրում էիք անգամ Սերժ Սարգսյանի սանհանգույցը․․․

էն նույն ժողովուրդը չե՞նք, որ  ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում Բաղրամյան 26-ից ուղիղ եթերով կապ էր հաստատել՝ ցուցադրելով ՀՀ վարչապետի երկու նստավայրերից մեկի աշխատասենյակը, հանգստի սենյակը, սանհանգույցը, միջանցքը, խոհանոցը։

Այնքան մարդիկ կային, որ ուղիղ կապից հետո զանգեցին ու ասացին՝ մենք էլ գիտեինք Սերժը ապարանքներում է ապրում, դե ինչ սովորական աշխատասենյակ էր էլի՜․․․

Էն նույն ժողովուրդը չե՞նք, որ կառավարական ամառանոցից վարչապետը ուղիղ եթերով կապ էր հաստատել ժողովրդի  հետ` ցուցադրելով, թե նախկին վարչապետը ինչ պայմաններում է ապրել։

Վերջում էլ խոստացավ, որ ուղիղ տեսաեթերով կապը հանրության հետ  կպահպանի նաև հետագայում և պարբերաբար տեղեկություններ կտրամադրի տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին։

Հիմա այդ ո՞նց եղավ, որ  «ժողովրդի իշխանություն» հռչակած կառավարությունը չի հաշտվում,   որ ժողովուրդը տեղեկացել է ինչ-որ բանի մասին։

Արդարադատության նախարարի հայտարարությունն ուղղակի տարակուսանք է առաջացնում, թեև ինքն է խոսում տարակուսանքից․

«Առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, թե ինչպես է սահմանափակ հասանելիությամբ զեկույցը կամ դրա բովանդակությունը հասանելի դարձել հարցը միակողմանիորեն շահարկող անձանց շրջանակին»։

Այսինքն ժողովուրդը չպիտի՞ իմանար վենետիկյան փաստաթղթի մասին։ Իրավական, դատական համակարգը ամբողջովին կաթվածահարվել է վեթթինգի մտրակով, մարդիկ չիմանայի՞ն, թե ի՞նչ եղավ, ո՞րն էր օրինականը։ Վեթթինգ լինու՞մ է, թե չի լինում։ Ի՞նչ կարևոր էր, թե կողմերից որն է ներկայացրել։ Դատարանը որ դատարան է, էլի մի փաստաթուղթ ներկայացնելիս կողմերի մեջ տարբերություն չի դնում։

Նույն ժողովուրդը չե՞նք, որ ցուցադրում էիք անգամ Սերժ Սարգսյանի սանհանգույցը։ Ի՞նչը փոխվեց։   Ինչու՞ դուք առաջինը չտեղեկացրիք վենետիկյան հանձնաժողովի զեկույցի մասին։ Ո՞րն է պատճառը։

Այդ պատճառը փնտրեք ձեր մեջ և ոչ թե Վենետիկի հանձնաժողովում կամ ՀՀԿ-ում։