15 տարուց ավելի համայնքները կոյուղաջրերի մեջ են

15 տարուց ավելի համայնքները կոյուղաջրերի մեջ են
15 տարուց ավելի համայնքները կոյուղաջրերի մեջ են
15 տարուց ավելի համայնքները կոյուղաջրերի մեջ են
15 տարուց ավելի համայնքները կոյուղաջրերի մեջ են

Արդեն 15 տարուց ավելի է՝ Սեւան քաղաքից դուրս հոսող կոյուղաջրերը, մինչեւ Հրազդան գետ թափվելը, լցվում են Գեղարքունիքի մարզի Վարսեր, Դդմաշեն, Ծաղկունք եւ Զովաբեր համայնքների բնակելի տարածքներն ու մշակովի հողամասերը: Գյուղացիները մեզ հետ զրույցում ասում էին, որ բազմիցս հարցը բարձրացրել են, սակայն ոչ մի կառույց խնդրին լուծում չի տվել.

«Սեւանից հոսող կոյուղաջրերը հոսում են տների մոտով, գարշահոտությունից խեղդվում ենք: Ամառը շատ ահավոր է, հիմա էլ նույնն է, ուղղակի եղանակը ցրտել է, գարշահոտությունն է փոքր ինչ քչացել: Ընտրությունից ընտրություն, ով եկավ գյուղ այս հարցը բարձրացրեցինք, անգամ ցույց ենք տվել այն տարածքները, որտեղ կոյուղաջրերն արդեն վերածվել են ճահճի: Գալիս են, տեսնում, գնում են: 10 տարուց ավելի է՝ կոյուղաջրերի մեջ ենք ապրում, հողատարածքներն չենք կարողանում մշակել, քանի որ լցված են կոյուղաջրերով»,-բողոքում են բնակիչները:

Ըստ բնակիչների՝ ձմեռը այդ կոյուղաջրերը սառչում են եւ հնարավոր չի լինում անցուդարձ կատարել, իսկ ամռան էլ չեն կարողանում իրենց հողտարածքները մշակել: Խնդրին քաջատեղյակ են համայնքի ղեկավարները, մարզպետարանը, սակայն 2 տասնամյակ խնդիրը մնում է չլուծված. «2016թ.-ին եղել եմ գյուղապետ, այս խնդիրը եղել է: Տարբեր տեղեր բարձրաձայնել եմ, բայց անօգուտ: Կոյուղաջրերը լցվում է բնակելի շենքերի տների բակերը, հողատարածքները, ամռանը ահավոր հոտ է գալիս: Բոլորն էլ տեղյակ են խնդրից, դա ջրային կոմիտեի խնդիրն է»,- ասաց Վարսեր համայնքի ղեկավար Հուսիկ Սեդրակյանը:

Դդմանշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանն էլ ասաց, որ նույն խնդիրն էլ իրենց համայնքում է, մոտ 800 մ կոյուղագիծը վնասվել է, եւ կոյուղաջրերը լցվում են համայնքի հողատարածքները. «90-ականներից այդ կոյուղագիծը չի աշխատում, կոտրել են, որ լցվի Հրազդան գետ, իսկ մինչեւ գետը լցվելը, այդ կոյուղատարը ամբողջությամբ վնասվել է, փտել է եւ լցվում է համայնքներ: Անասուները էդ կոյուղաջրերից են խմում, գյուղացիներից շատերը չեն կարողանում իրենց հողամասերը մշակել, քանի որ ծածկվել են կոյուղաջրերով»: