Freedom House. Հայաստանն արձանագրել է անսպասելի առաջընթաց

Freedom House. Հայաստանն արձանագրել է անսպասելի առաջընթաց

Freedom House հրապարակել է տարեկան զեկույցը աշխարհում ժողովրդավարության զարգացման մասին, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանին:

Զեկույցում տեղ են գտել Հայաստանում անցած տարվա զարգացումները: Ըստ Freedom House-ի, Հայաստանը մի շարք այլ երկրների հետ 2018 թվականին արձանագրել է անսպասելի առաջընթաց՝ ժողովրդավարացման տեսանկյունից: 

«Այն, ինչ տեղի ունեցավ, ամբողջապես Հայաստանի ներքին զարգացում էր: Այն անսպասելի էր և որևէ կերպ հրահրված չէր դրսից: Նրանք խուսափեցին ուրիշների կատարած սխալներից», - նշում է Freedom House կազմակերպության եվրասիական տարածաշրջանի գծով տնօրեն Մարկ Բեհրենդըթը:

Կազմակերպության դասակարգմամբ, Հայաստանը շարունակում է դասվել մասնակի ազատ երկրների շարքին՝ անցած տարի գրանցելով դրական միտում դեպի ժողովրդավարացում: 

Freedom House զեկույցն ընդգծել է Հայաստանում արձանագրած փոփոխությունները՝ դրանք որակելով առաջընթաց, ըստ որի, Հայաստանում տեղի ունեցած զանգվածային ոչ բռնի բողոքի ալիքը ստիպեց նախկին իշխանություններին արձագանքել հանրային պահանջին: Արդյունքում` իշխանությունն անցավ, ըստ Freedom House, դեպի բարեփոխումներ հակված ուժին՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ:

Զեկույցը գտնում է, որ Հայաստանն ու այն երկրները, ուր 2018 թվականի ընթացքում արձանագրվել են անսպասելի փոփոխություններ, արժանի են հատուկ ուշադրության 2019 թվականի ընթացքում: 

Մարկ Բեհրենդըթն իր մեկնաբանությունները տրամադրել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին: