Արմեն Գեւորգյանը ցուցմունք է տվել, նա Քոչարյանի հետ շփում չունի. պաշտպան

Արմեն Գեւորգյանը ցուցմունք է տվել, նա Քոչարյանի հետ շփում չունի. պաշտպան

«ՀՀ նախկին վարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է մինչեւ 15:00-ն»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը` նշելով, որ իրենք պահանջել են ժամանակ կալանքի նյութերին ծանոթանալու համար` հետագայում կալանավորման պայմանների և հիմքերի վիճարկման տեսանկյունից։

Հարցին, թե Գեւորգյանի դեմ ցուցմունք տվե՞լ են, եւ առհասարակ ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել, պաշտպանը պատասխանեց. «Ինքը ցուցմունք տվել է և հայտնել, որ իրեն մեղավոր չի ճանաչում, առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Եթե կալանավորման միջնորդություն է ներկայացվում, բնականաբար, ներկայացնում է որոշակի փաստական տվյալներ և հանգամանքներ, թե կոնկրետ ի՞նչ փաստական տվյալներ են ներկայացվել, չեմ կարող հրապարակել»։

Պաշտպանը չնշեց, թե խոսքը ինչքա՞ն կաշառքի մասին է։ Էրիկ Ալեքսանյանը մի շարք հարցերի պատասխան եւս չտվեց` ելնելով նախաքննական գաղտնիքից։

Նշենք, որ Արմեն Գեւորգյանը դատական նիստերի դահլիճից ետնամուտքով էր հեռացել։ Առավոտյան նա լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով: Մասնավորապես՝ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը): Նշենք, որ մեղադրանքը կրկին առնչվում է Մարտի 1-ի գործի հետ: Արմեն Գեւորգյանին ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: