Քաղաքացու օրը չպետք է ամրագրվեր որպես ուտուշ-խմուշի եւ հրավառության հերթական առիթ

Քաղաքացու օրը չպետք է ամրագրվեր որպես ուտուշ-խմուշի եւ հրավառության հերթական առիթ

 Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե հետեւե՞լ է Քաղաքացու տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին, որքանո՞վ այդ տոնը դարձավ ազգին համախմբող տոն, եւ որքանո՞վ այն կնպաստի Քաղաքացու ձեւավորմանը։ 
«Նախ ասեմ, որ ես կողմ էի, որպեսզի Սերժ Սարգսյանի պաշտոնանկության օրը հռչակվի Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Դա կլիներ ճիշտ որոշում, եթե Քաղաքացուն հնարավորություն ընձեռվեր նշելու այդ օրն այնպես, ինչպես ինքն անհրաժեշտ կհամարեր, այլ ոչ թե մարդկանց  հրամցվեր թելադրված ինչ-որ միջոցառումների շարք: Մեկը կնախընտրեր նշել իր բարեկամ-հարևանների շրջապատում, մյուսը՝ իր գործընկերների հետ, երրորդն անհրաժեշտ կհամարեր այցելել Սերժ Սարգսյանի բռնապետության տարիներին կյանքից հեռացած և բռնապետի տապալումը տեսնելու բախտին, ավաղ, չարժանացած հարազատների ու պայքարակիցների շիրիմները: Քանի՜  ընկեր, քանի՜ հարազատ ենք  կորցրել սերժսարգսյանական քրեաօլիգարխիկ համակարգի դեմ մղվող  ծանր, դաժան, աննկուն պայքարի տարիներին… 

Քաղաքացու օրը նշելու իմաստն այն էր, որ ողջերիս գիտակցության և սրտերի մեջ այդ օրն ամրագրվեր որպես հնի և նորի, չարի և բարու, խարդախի և արդարի  սրբազան զատման խորհրդանիշ, այլ ոչ թե որպես  ուտուշ-խմուշի ու հրավառության հերթական առիթ:  Ճոխ հրավառություններով համեմված ուտուշ-խմուշների մասնակիցներ կամ ականատեսներ ենք  յուրաքանչյուր օր՝ տարբեր առիթներով: Հայ օլիգարխները սիրում են  համաքաղաքացիներին մի փոր հաց տալու գնով ինքնահաստատվել և Սերժ Սարգսյանի կառավարման  «գաղջ տարիներին»  այդ կերպ իրենց «բարեգործությունն» ի ցույց դնելու առիթները  երբեք բաց չեն թողել՝   սեփական հեռուստաալիքներով օր ու գիշեր պտտացնելով «սոված համբալներին»  մի փոր հաց տալու և դրա դիմաց փառաբանվելու տեսարանները:  Անցած տարիներին քանի՜  ու քանի՜ անգամ ենք  «Կենտրոն»և մյուս հեռուստաալիքներով ունկնդրել այդ տեսարանները՝ ահա մականունավոր օլիգարխն Արագածի փեշին ժողովրդի հետ շուրջպարի է բռնվել, հետո «հպարտ քաղաքացիների»  հետ գրկախառնված «ժողովրդավարական» խորովածն են միասին ուտում:

Ինչպե՞ս կարելի էր Սերժի հեռացման օրը Սերժի «դուխով» փաստորեն «սերժավարի» նշել: Այս հարցի պատասխանը չունեմ, բայց ակնհայտ է, որ արդյունքում  ստացվել էր  կոմերիտական խորովածով անցյալի  «մայովկաների» ու մեր ժամանակներում  ժողովրդին մի կտոր հաց տալու «դոդական» միջոցառումների զավեշտալի մի խառնուրդ: Եվ այդ խառնուրդն իսկապես կլիներ շատ ծիծաղաշարժ, եթե չներկայացվեր որպես Քաղաքացու մեծարման միջոցառում, այլ օրինակ՝ ներկայացվեր որպես Սերժ Սարգսյանի քաղաքական վախճանի կապակցությամբ մատուցվող հոգեհաց»,- մեզ հետ զրույցում նշեց Հմայակ Հովհաննիսյանը: