Սպասված նահանջ

Սպասված նահանջ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախնական փուլի մեկնարկից հետո քիչ ժամանակ չի անցել։ Սակայն մեր ազգային հավաքականի անհաջող ելույթները շարունակում են կրքեր բորբոքել, եւ պարզապես արդար չէ կողմնակի դիտորդի դերում մնալ: Սկսեմ անսովորից: Գրեթե կես դար մոտիկից հետեւելով մեր ֆուտբոլի դրոշակակիր թիմերի («Սպարտակ», «Արարատ», ազգային հավաքական) խաղերին, հաճախ ներկա լինելով նաեւ նրանց արտագնա ելույթներին՝ երբեք չեմ նկատել, որ այդ աստիճան բացահայտ տվայտանք տիրեր ստադիոնների կառավարական օթյակներում, ինչպիսին մեզ մոտ ֆինների հետ մրցամարտի ժամանակ էր: Բայց նույնիսկ նման ապրումներով, հանդիսականների քաջալերող վանկարկումներով աջակցությունն ապարդյուն էր: Մեր ֆուտբոլիստները, այն էլ՝ սեփական հարկի տակ, ի զորու չեղան արժանիորեն դիմակայել բնավ ոչ ֆուտբոլային համարվող երկրի ընտրանուն...

Տարօրինակ էին նաեւ խաղից հետո հնչած մեկնաբանությունները․ հավաքականի ավագ մարզիչ Ա. Գյուլբուդաղյանց՝ «հանդիպման առանձին դրվագներից գոհ եմ, իսկ ընդհանրապես՝ ոչ»: Նման ընդհանուր բնորոշում կարելի է արտահայտել ցանկացած պարտության պարագայում: Անհաջողության մատնված թիմին ընդմիջման ժամանակ, ինչպես ընդունված է, տրամաբանորեն հրահանգ է տրվում անպայմանորեն ձգտել բեկում մտցնել երկրորդ խաղակեսում, եւ այդ նպատակով կոնկրետ ուղղում-շտկումներ են առաջադրվում ե՛ւ անհատական, ե՛ւ կոլեկտիվ կոմբինացիոն գործողություններում, անհրաժեշտության դեպքում թարմացվում է թիմի կազմը, եւ բազում այլ խնդիրներ են առաջ քաշվում: Ավաղ, հանգստից հետո էլ խաղադաշտում նույն պարզունակ եւ դժգույն պատկերն էր՝ զուգորդված տեխնիկական վրիպումներով, երկրորդ խաղակեսն էլ մեր թիմը տանուլ տվեց՝ հաստատելով, որ նույնիսկ իրենց միջակ խաղամակարդակով հյուրերը հասան անվիճելի առավելության:

Հավաքականի փորձառու խաղացող Գ. Ղազարյան․ «Հակառակորդը ոչնչով չզարմացրեց»: Գուցեեւ այդպես էր, սակայն այս դեպքում առավել արդար կլիներ խոստովանել, որ թե՛ ինքը եւ թե՛ իր թիմակիցները կրկնակի անգամ ավելի զարմացրին ու հիասթափեցրին իրենց երկրպագուներին՝ բոլորովին աչքի չընկնելով: Եվ սա այն պարագայում, երբ մինչ այդ Սարաեւոյում կրած մեկնարկային պարտությունից հետո մեր շատ ֆուտբոլիստներ վստահեցնում էին, որ ֆինների հետ երեւանյան խաղում բոլոր ջանքերը ներդնելու են կորցրածը ետ բերելու համար:

Եվրոպայի առաջնությունում կրած 2 պարտությունները, ինչ խոսք, լուրջ մտորումների տեղիք են տալիս: Ճիշտ է, իրականությունը ցույց է տվել, որ նման անհաջող մեկնարկից հետո էլ քիչ դեպքեր չեն եղել, երբ թիմերը, այդուհանդերձ, երբեմն կարողացել են սթափվել, գոտեպնդվել եւ ի վերջո զգալիորեն շտկել մրցաշարային գործերը: Հուսանք, որ դեռեւս ոչ մի միավոր չվաստակած մեր տղաներն էլ կանեն հնարավոր ամեն ինչ՝ նահանջը կասեցնելու համար, սակայն, ցավոք, միայն այդքանը: Ավելի հեռուն գնացող լավատեսական երազանքները երեւի հարկ կլինի հետաձգել, քանզի առանցքային խնդիրներ կան, որ դեռ սպասում են կարգավորման:

Այսօր մեր գլխավոր թիմը, անտարակույս, հմուտ եւ փորձառու վարպետներով համալրելու կարիք ունի: Անշուշտ, դրսից խոստումնալից ֆուտբոլիստներ հրավիրելու պահանջը զգացվում է, սակայն անպայման՝ նրանց վարպետության մասին անվանի մասնագետների առաջարկած եզրակացություն-գնահատականի քննարկումից հետո, մի բան, որ մինչեւ հիմա մակերեսային բնույթ է կրել՝ չարդարացնելով սպասելիքները: Իսկ ամենից կարեւորը՝ հարկ է սկսել մեր ազգային գլխավոր առաջնությունից, մի ասպարեզ, որի հեղինակությունը շատ է ընկել: Ցանկացած նման մրցաշար հետաքրքրություն է առաջացնում ու իր նպատակին է ծառայում, երբ լեցուն է հանդիսատեսի համար գրավիչ գայթակղություններով, երբ լուրջ պայքար է ընթանում ոչ միայն չեմպիոնի կոչման, այլեւ աղյուսակը եզրափակողի տհաճ դերում չհայտնվելու համար: Անտարբերությունն այդ կարեւոր մրցաշարի նկատմամբ սկսել է զգացնել տալ այն ժամանակ, երբ Հայաստանի առաջնության մասնակիցների թիվը 24-ից իջավ հակառեկորդային 6-ի:

Ի դեպ, թեեւ համեմատությունը, ինչ խոսք, անհամատեղելի է, բայց խոսուն է։ Անգլիայում, օրինակ, չհաշված տարածաշրջանային մրցաշարերը, շաբաթական երկու անգամ կանոնավոր պաշտոնական խաղեր են անցկացնում տարբեր խմբեր ներկայացնող 204 ակումբային թիմեր, Իսպանիայում՝ 138: Ինչպես ասում են, տվյալ դեպքում մեկնաբանություններն ավելորդ են: Սակայն մարզաձեւի մեր ֆեդերացիան «փրկության միջոցը» գտավ՝ ճիշտ է, տարօրինակ կերպով արհամարհելով մեծ սպորտի ավանդական ու առանցքային սկզբունքը, երբ ուժեղագույնների խմբում, ինչպես ընդունված է ամենուր, ետին տեղում հայտնված թիմը պարտավոր է հաջորդ մրցաշրջանում իր տեղը զիջել ստորին խմբում լավագույնը ճանաչվածին: Այս գլխավոր պայմանի վրա խաչ քաշվեց եւ ներդրվեց պարզապես սիրողական, ավելի ճիշտ՝ արհեստական կանոնակարգ, որի նշանաբանը մոտավորապես այս է՝ ցանկանո՞ւմ եք մասնակցել ազգային առաջնությանը, եւ այս առումով ֆինանսական խնդիրներ չկա՞ն՝ համեցեք, մուտքն ազատ է... Իսկ դրա իրական բովանդակությունն այս է՝ դուք անցումային խաղերին պրոֆեսիոնալ մոտեցման կարգը հարգելու, խաղային վարպետությանն իրական գնահատական տալու անհրաժեշտության մասի՞ն եք խոսում․ մոռացե՛ք: Ճիշտ այդպես 6-ը հանկարծ դարձավ 9 թիմ:

Էլ ավելի տագնապալի է մանկապատանեկան ֆուտբոլում տիրող վիճակը, եւ սրա մասին են խոսում միջազգային մրցումներում ցավալի ցուցանիշները: Ինչ վերաբերում է կանանց ֆուտբոլին, ապա այն կարելի է որակել մեկ բառով՝ տրագիկոմիկական: Դուք կարո՞ղ եք պատկերացնել մի ազգային հավաքական, որը կազմավորվում է առանց տեղում որեւէ մրցում անցկացնելու: Մեր օրինակն իրոք բացառիկ է, իսկ խոշոր հաշիվներով պարբերաբար գրանցվող պարտությունները՝ տրամաբանական:

Ֆուտբոլի նորընտիր ֆեդերացիային այս խճճված իրողությունն անհանգստացնում է այնքանով, որ առաջընթացն արգելակող պատնեշները հաղթահարելու գլխավոր հույսը կապվում է դրսից մասնագետներ հրավիրելու հետ: Երեւի սա նկատի ունենալով է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Էդ. Մարգարովն ասել․ «Եթե նույնիսկ Ժոզե Մոուրինյոյին համոզեն աշխատանքի գալ մեզ մոտ, միեւնույն է՝ ոչ մի հրաշք տեղի չի ունենա»: Ֆուտբոլի հարգարժան վետերանը չի կասկածում՝ ամեն ինչ անհրաժեշտ է սկսել նախեւառաջ տեղի խորքային խնդիրները պրոֆեսիոնալ մակարդակով լուծելուց: Այլապես տագնապալի նահանջը շարունակվելու է:

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ Մարզական լրագրողների միջազգային միության անդամ