Միհրան Պողոսյանի զարմիկը չի մեկնաբանում, «Քեթրին գրուպ»-ում էլ մարդ չկա

Միհրան Պողոսյանի զարմիկը չի մեկնաբանում, «Քեթրին գրուպ»-ում էլ մարդ չկա

Հայաստանի իրավապահ մարմինները՝ ի դեմս դատախազության, դիմել են ՌԴ իրավապահներին, որ արտահանձնեն ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին, ու դեռ սպասում են ՌԴ արձագանքին։ Դատախազությունից այս պահի դրությամբ ընդամենը սա են փոխանցում։ Մինչ այդ ՀՀ եւ ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել էր ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով Միհրան Պողոսյանին կալանավորելու մասին։ Այս պահին քննարկվում է Պողոսյանին Հայաստանին հանձնելու հարցը։
«Համապատասխան ընթացակարգերի ապահովմամբ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին է ներկայացվել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը»,- ասացին մեզ դատախազությունից։ 

Այս պահին ըստ էության հայտնի է, որ ՌԴ դատարանը պետք է 40-օրյա ժամկետում որոշում կայացնի՝ բավարարի՞ ՀՀ դատախազության միջնորդությունը՝ արտահանձնել Միհրան Պողոսյանին, թե՞ ոչ։ Չբավարարելու դեպքում Ռուսաստանի Դաշնությունը՝ արդեն քաղաքական մակարդակով, մեկ այլ որոշում էլ պետք է կայացնի․ խոսքը Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տրամադրելու մասին Պողոսյանի խնդրանքին է վերաբերվում։ Եթե որոշեն, որ տալիս են քաղաքական ապաստան, ապա ինքնըստինքյան Միհրան Պողոսյանին արտահանձնելու հարցը կհանվի՝ Պողոսյանը կմնա ազատության մեջ, Ռուսաստանի հովանու ներքո։ Նրա փաստաբանն արդեն հայտարարել է, որ իրենք կարծում են՝ սա քաղաքական հետապնդում է, նյութեր են տրամադրել ռուս իրավապահներին եւ սպասում են նրանց պատասխանին։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ այս առնչությամբ երեկ ասաց, որ դա Ռուսաստանի սուվերեն իրավունքն է՝ բավարարե՞լ, թե՞ մերժել քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ Միհրան Պողոսյանի դիմումը։ Իսկ քաղաքական ապաստան խնդրելու իրավունքն էլ անձինն է։

Մենք փորձեցինք կապ հաստատել Միհրան Պողոսյանի զարմիկի՝ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի հետ։ Վերջինս, սակայն, չցանկացավ այս պահին որեւէ բան մեկնաբանել։ «Էդ հարցի շուրջ չեմ մեկնաբանում։ Ժամանակը կգա, ամեն ինչ կմենաբանվի»,- ասաց Հարությունյանը։ Այլ հարցերի ձեռնպահ մնաց պատասխանել։

Զանգահարեցինք նաեւ Պողոսյանի կողմից հիմնադրված «Քեթրին գրուպ» ընկերություն։ Ընկերության պաշտոնական կայքում առկա հեռախոսահամարներին այդպես էլ պատասխանող չեղավ։ Ուշագրավ է, որ «Սփյուռ» տեղեկատվական համակարգից էլ հեռացված է «Քեթրին գրուպ» ընկերության էջը։ Առկա է միայն «Քեթրին» հասարակական կազմակերպության էջը, որում նշված հեռախոսահամարներով մեր զանգերը նույնպես անպատասխան մնացին։ Ըստ էության՝ ընկերությունը չի գործում կամ գործում է ոչ լիարժեք։ Ամեն դեպքում, ողջ օրը, աշխատանքային ժամերին մեր կատարած զանգերին պատասխանող չեղավ։