Հերման Հեսսե․ բանաստեղծություններ

Հերման Հեսսե․ բանաստեղծություններ

ՄԻ ԱՂՋԿԱ

Ինձ համար բոլոր ծաղիկներից 
Ամենասիրելին ես դու, 
Քաղցր ու մանկական է համը քո բերանի, 
Անմեղությամբ ու ուրախությամբ լի է քո ժպտուն հայացքը:
Ես առնում եմ քեզ, ծաղի՛կ, երազանքներիս մեջ, 
Այնտեղ՝ գունագեղ ու դայլայլող 
Կախարդական բույսերի մեջ, 
Քո հայրենիքն է, այնտեղ դու չես թոշնի երբեք, 
Մշտնջենական ծաղկունք է այնտեղ՝ իմ հոգու սիրո բանաստեղծության մեջ, 
Եվ քո երիտասարդությունը՝ հարատեւ մտերմիկ բուրմունքով:

Շատ կանանց եմ ես ճանաչել,
Շատերին՝ ցավով սիրել,
Շատերին ցավ եմ պատճառել,
Հիմա՝ հրաժեշտի պահին, ողջունում եմ ես քեզ
Մի անգամ եւս կախարդանքի ողջ ուժով,
Երիտասարդության հրաշալի անսպառ հմայքով:
Եվ երազանքների այգում
Իմ գաղտնի բանաստեղծության
Ես կպահեմ քեզ՝ ժպտալով ու շնորհակալ լինելով անմահներին, 
Որ ինձ այսպես շռայլորեն պարգեւատրեցին:

ԺԱՄԱՆԱԿԸ 

Ժամանակն է արդեն. ես կարող եմ գնալ, 
Եվ ամեն ինչ դարձյալ լավ կլինի, 
Եվ ամեն ինչ կլինի հստակ ու պարզ, 
Ինչպես եղել է մինչ այս օրը: 
Պետք է այդպես լինի: 
Ժամն է հասել՝ 
Ճնշող, ծանր, ու սրընթաց քայլերով նա 
Տանում է իր հետ անփոխարինելին՝ 
Երիտասարդության ողջ հմայքը:

ՄԻ ՇԻՐՄԱԹՄԲԻ ՄՈՏ 

Նա տենչում է հանգստություն, խաղաղություն, գիշեր, 
Մենք միայն գիտենք, որ նա մեծ վիշտ է թաքցրել 
Ու հոգնած է եղել: Իսկ մենք նրան դագաղի մեջ ենք 
Դրել ու ամենախաղաղ վայրը բերել: 

Նրան փայփայում ու պահպանում է խորը փոսը 
Աշխարհից ու ժամանակից: Հոգնած մարդն այնտեղ պետք է 
Մոռանա իր ցավն ու խաղաղության մեջ հանգիստ գտնի: 
Ելք է դա նրա համար, ով այս դառը ժամանակներից ուզում է փախչել: 

Մյուսներս մնում ենք աշխարհի աղմուկի ու պատերազմի մեջ, 
Մահվան վախի ու դառը կարիքի հետ. 
Դա է մեր բաժինը, ու տառապանքը մեր հացն է, 
Փշրվում են նույնիսկ մեր վախկոտ երազանքները: 

Սակայն մենք հավատում ենք, որ ներդաշնակությունը, 
Աշխարհի արժեքն ու իմաստը նորից կվերադառնան դեպի մեզ, 
Մարդկային կերպարը կրկին կլուսավորվի: 
Եվ կկրի հոր հավերժական ձգտումները:

ԱՄԵՆ ԵՐԵԿՈ 

Ամեն երեկո դու պետք է քննես 
Օրդ. որքա՞ն ես արդյոք սիրում Աստծուն, 
Հավատարի՞մ ես արդյոք քո արարքներում, 
Արդյոք վհատվե՞լ ես վախի ու զղջման մեջ. 
Պետք է հիշել սիրելիների անունները, 
Ատելությունն ու անարդարությունը քո առաջ լուռ կխոստովանեն, 
Դու պետք է անկեղծորեն ամաչես բոլոր վատությունների համար, 
Մի ստվեր անգամ չտանես անկողին, 
Այլ կատարես հոգու բոլոր հոգսերը, 
Որ նա մանկան պես հանգիստ լինի: 
Ապա մխիթարվելով մաքրված հոգու խորություններում՝ 
Դու պետք է հիշես սիրելիիդ, 
Մորդ, մանկությունդ, 
Տե՛ս, դու հիմա ամբողջովին պատրաստ ես՝
 Խմելու քնի սառը ջրհորից, 
Որտեղից սփոփելով կանչում են ոսկե երազները՝ 
Պարզ զգացողությամբ որպես հերոս ու հաղթանակող 
Բացվող օրդ սկսելու: 

Գերմաներենից թարգմանեց Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ