Կփորձեմ օգտակար լինել ժողովրդին․ ո՞վ է նոր պատգամավորը

Կփորձեմ օգտակար լինել ժողովրդին․ ո՞վ է նոր պատգամավորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մանդատը վայր դրած պատգամավոր Նարինե Թուխիկյանին կփոխարինի «Հանրային կապերի և տեղեկատվական» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։ «Հրապարակի» հետ զրույցում նա կարճ ներկայացրեց, թե ինչպիսի աշխատանքային գործունեություն է ծավալել մինչև քաղաքականություն մտնելը․

«Ցուցակով 82-րդն եմ եղել, առաջադրված եմ եղել Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, հավաքել եմ շուրջ 900 ձայն։ Մինչ այդ լրագրող եմ եղել, աշխատել եմ «Ա1+» հեռուստաընկերությունում, այնուհետև՝ «1in.am» հեռուստաընկերությունում, այնուհետև նույն հեռուստաընկերությունում կատարել եմ պրոդյուսերի գործառույթներ, որից հետո՝ 2017 թվականի սկզբից, եղել եմ «Para TV»-ի գլխավոր պրոդյուսերը, մինչև հեղափոխության օրերը։ Այնուհետև տեղափոխվել եմ գործադիր մարմին և մինչև այս պահն աշխատում եմ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական» ՊՈԱԿ-ում՝ որպես տնօրենի առաջին տեղակալ»,- ասաց Հովհաննիսյանը։

Պատկերացնո՞ւմ է պատգամավորական գործունեությունը, ո՞ր հանձնաժողովում կլինի, կա՞ն ոլորտներ, որոնք ինքն է համակարգելու։ «Բնականաբար, որպես լրագրող կամ նախկին լրագրող, կամ, ինչպես ասում են՝ լրագրողները նախկին չեն լինում, մի շարք ոլորտներում առնչություն ունեցել եմ։ Այս պահին չեմ ուզում նշել, թե որ հանձնաժողովում կուզեմ լինել, որովհետև, կարծում եմ, պետք է սպասել, որ ընթացակարգերն ավարտվեն, գործադիրից օրենսդիր տեղափոխումը լինի, հետո նոր կխոսենք բուն աշխատանքային գործունեության մասին, բայց ասեմ, որ չեմ կարծում, որ պետք է միայն մեկ ոլորտում լինեմ, ոլորտները շատ են, խնդիրները շատ են, և ես պատրաստվում եմ նաև դաշտային աշխատանքի շնորհիվ, քաղաքացիների, հասարակության տարբեր խմբերի հետ կապը պահելով՝ այդ խնդիրները բերել Ազգային ժողով և փորձել լուծում տալ օրենսդրական մակարդակում։ Այս պահին այսպես ընդհանրական կպատասխանեմ, հետագայում, կարծում եմ, առավել մանրամասն խոսելու հնարավորություն կունենանք։ Այս պահին, կներեք, չեմ ուզում աշխատանքի բուն բովանդակությունից խոսել, որովհետև դեռ գործադիրում եմ, ընթացակարգերով ես դեռ ԱԺ պատգամավոր չեմ, և, հետևաբար, մինչ այս պահը գործադիրում ծանրաբեռնվածությանս պատճառով օրենսդիրի մասին մտածելու, խորանալու կամ ինչ-որ նախաձեռնություններ կազմելու ժամանակ էլ չեմ ունեցել»,- պատասխանեց Հովհաննիսյանը։

Հարցրինք, թե իր սրտո՞վ է գործադիրը լքելն ու ԱԺ տեղափոխվելը։

«Այս պահին գործադիրի աշխատանքն ինձ համար շատ-շատ կարևոր է, բայց ինձ համար բարդ որոշման արդյունքում որոշել եմ գնալ ԱԺ։ Սա անձնական որոշում է՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, և 2-ն էլ միմյանց հավասարազոր են, հետևաբար՝ սրտովս լինել-չլինելու խնդիր չկար»։

Հովհաննիսյանին խնդրեցինք նաև գնահատական տալ 7-րդ գումարման ԱԺ-ի գործունեությանը։

«Օրեցօր էլ ավելի արդյունավետ, և ես նաև կփորձեմ իմ ներկայությամբ, իմ գործընկերների հետ համագործակցությամբ ԱԺ աշխատանքները մշտապես, ամենօրյա ռեժիմով էլ ավելի արդյունավետ դարձնել ու օգտակար լինել Հայաստանի Հանրապետության ժողովրդին»։