Ամեն հրաշք իր մեկնաբանությունն ունի

Ամեն հրաշք իր մեկնաբանությունն ունի

Մայիսի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն իսկական քաղաքացի զգաց: Բայց ոչ սովորական քաղաքացի, այլ ՀՀ քաղաքացի` հպարտ, անվեհեր, պատրաստ` նորանոր խիզախումների եւ Հանրապետության առաջին հայրերի պատգամներն ու «հանձնարարականները» կատարելու: Նա, կարծում եմ, Սարդարապատի հուշահամալիրում իր ելույթով վերջնականապես թաղեց նաեւ ՀՀ օրհներգը, զինանշանը եւ դրոշը փոփոխության ենթարկելու կեղծ օրակարգերը: Քերթողահայր Խորենացին մի անգամ ասել է` թեեւ մենք ածու ենք փոքր, բայց մեզանում էլ հիշատակելու մեծ-մեծ գործեր կան: Համամիտ եմ պատմահոր հետ, բայց կուզենայի մի փոքրիկ հավելում անել նրա այդ մտքին:

Թեեւ մենք ածու ենք փոքր, բայց բավականին խստապահանջ ենք մեր պետական այրերի ամեն խոսքի ու քայլի նկատմամբ: Այնպես որ, պարոն Փաշինյան, աշխատեք ժամանակավրեպ գլխապտույտ չունենալ վերեւում ասված դրվատանքի խոսքերից: Սկսենք այնտեղից, որ ՀՀ կառավարությունը հատուկ տողով հատկացում (գոնե 124 միլիոն դրամ) չկատարեց Մայիսի 28-ի տոնակատարության համար: Մինչդեռ Մայիս 28-ը մեր ամենակարեւոր պետական տոնն է, մեր մեծագույն հաղթանակը` լինելության ու հավերժումի դժվարին ճանապարհին: Չասեմ, որ օրվա իշխանությունները չեն գիտակցում օրվա կարեւորությունը:

Ահավասիկ, սա վարչապետի խոսքն է այդ օրվա կապակցությամբ. «Այսօր մենք տոնում ենք մեր հազարամյա պատմության ամենակարեւոր իրադարձություններից մեկը՝ Առաջին հանրապետության հիմնադրման օրը: 1918 թվականի մայիսի 28-ին Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի անկախ առաջին հանրապետությունը: Դա տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ թվում էր՝ հայ ժողովրդի պատմությունը հասել է իր ավարտական փուլին: Կիլիկյան Հայաստանի անկումից ուղիղ 500 տարի անց պետականություն չունեցող հայ ժողովուրդը ենթարկվել էր ծանրագույն մի աղետի՝ ցեղասպանության: 1.5 մլն հայ սրի էր քաշվել, հարյուր հազարավորները դարձել էին փախստական, եւ հայ լինելն ինքնին վտանգավոր էր կյանքի համար: Եվ թվում էր, թե ստեղծված են բոլոր նախադրյալները, որ հայ ժողովուրդը հանձնվի իր պատմության առաջ, ճանաչի իր պարտությունը, կորցնի իր ինքնությունը, մոռանա իր պատմությունը եւ հրաժարվի ապագայի նկատմամբ ունեցած որեւէ հավակնությունից:

Բայց տեղի ունեցավ հակառակը, տեղի ունեցավ անսպասելին, եւ հայ ժողովուրդը ձեռք բերեց այն, ինչ թվում է` կորցրել էր անդառնալիորեն, ձեռք բերեց պետականություն, ձեռք բերեց պետական դրոշ, ձեռք բերեց պետական զինանշան, ձեռք բերեց պետական օրհներգ…»: Այսքանից հետո մի պարզ հարց է ծագում` իսկ ո՞ւր է ասվածից բխող եւ ասվածի տրամաբանական շարունակությունը կազմող, ողջ հայությանը միավորող պետական ու համաժողովրդական տոնախմբությունը: Հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանն ընդհանուր գծերով նկարագրել է այն մթնոլորտը, որ պետք է տիրեր Հայաստանում մայիսի 28-ին: Ըստ նրա` «մայիսի 28-ին պետք է թնդար Տոնը… Հայաստանի Հանրապետությունում ամենուր՝ գյուղերում եւ քաղաքներում պետք է հորդար ուրախությունը, ամեն թաղամասում հնչեր զուռնան, զարկեր թմբուկը, պարեին հզոր քոչարին, փողոցները, բակերը, այգիները լեցուն լինեին տոնական հագնված մարդկանցով, մթնոլորտը հագեցած լիներ տոնով, ուրախ հույզերով, ժպիտներով, ծիծաղով, խինդով, խորովածի եւ գաթայի հոտով...»:

Այլապես ինչի՞ նման է, երբ այսպիսի տոնն ավարտվում է երկրի ղեկավարի ելույթով` իր իսկ կազմած թերի, որեւէ կերպ հայությունը չխորհրդանշող պատվիրակության առաջ: Եվ սա արդեն երկրորդ Մայիս 28-ն է, որ Փաշինյանի պատճառով, այո, այո՝ պատճառով, նրա քմահաճույքներով ու չգիտես ինչ տրամաբանությամբ վերածվում է անկապ միջոցառման: Ո՞ւր էր Արցախի Հանրապետության պատվիրակությունը, ո՞ւր էր սփյուռքահայությունը, որ ամեն Մայիս 28-ի հարյուր հազարներով է գալիս Հայաստան, ո՞ւր մնաց այն համոզումը, որ սա մի եզակի իրադարձություն է, որի հետ կապված՝ հայ ազգը ներքին տարաձայնություններ չունի, չկան գիտական ու պատմագիտական վեճեր, չկան քաղաքական հայացքների տարբերություններ:

ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսպես է բնութագրում Մայիս 28-ի խորհուրդը. «Այս պետականությունը Հայոց պետականությունն է: Ճիշտ է, որ արմատներում կանգնած էինք մենք` Դաշնակցությունը, բայց դա դաշնակցական հանրապետություն չէր: Պետականությունը լինում է ազգային, եւ այն բոլորինն է»: Այսուհանդերձ, ճի՞շտ է վարվում Փաշինյանը, երբ մի կողմից մեծարում է Առաջին հանրապետության հիմնադիր հայրերի սխրանքը, խոստանում կատարել նրանց պատգամը, իսկ մյուս կողմից անում այնպես, որ Դաշնակցությունը ներկա չլինի Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած պաշտոնական արարողությանը եւ, մանավանդ, Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված հուշակոթողի բացմանը, որ տեղադրվել էր Դաշնակցության նախաձեռնությամբ եւ իրականացվել ՀՅԴ Կանադայի կառույցի հովանավորությամբ ու Վարուժ Լափոյանի (Տորոնտո) մեկենասությամբ: Փաշինյանի մայիսի 28-ի տոնական ուղերձում, ինչպեսեւ սպասելի էր, Դաշնակցության մասին որեւէ ակնարկ չկար: Այս առումով նրա ելույթը նման էր խորհրդային եւ հետխորհրդային այն ղեկավարների ելույթներին, որոնք «Դաշնակցություն» բառը շրջանցելու համար դիմում էին զանազան մանիպուլյացիաների:

Զորավար Անդրանիկի, Նժդեհի, զորավար Սեպուհի մասին խոսելիս, օրինակ, այսպիսի բաներ են ասում. «Երբ լրացավ նրա 18 տարին, զենքը վերցրեց եւ գնաց թուրքի դեմ կռիվ»: Ո՞ւմ ասես, որ չէ, եղբայր, այդպես չէ, այդ մարդիկ դպրոց են անցել, դաստիարակություն ստացել, նրանց աշխարհայացքը ձեւավորվել է Դաշնակցության մեջ: Փաշինյանն էլ այս առումով բացառություն չկազմեց: Դեռ մի կողմ դնենք զավեշտը, որ նա Առաջին հանրապետության հիմնադիրների մասին խոսելիս համարյա ասաց` «հանգիստ հանգչեք տեղներդ»: Իսկ ո՞ւր է տեղի ոնեցածի մեկնաբանությունը, ո՞ւր է այն պարզ բացատրությունը, թե ինչպես հնարավոր դարձավ Հայաստանի Հանրապետության հռչակումը, որն այսօր մեծարվում է որպես նորօրյա Հայաստանի Հանրապետության գոյության գրավական: Կարելի է միշտ էլ ասել, որ կործանման եզրին հասած ժողովուրդը մի հրաշքով վերագտավ իրեն եւ հաղթեց դարավոր թշնամուն:

Առաջին հանրապետության հիմնադիրների եւ Արամ Մանուկյանի արածն իսկապես սխրանք էր, եթե կուզեք` հրաշք, բայց նույնիսկ այդ հրաշքն ունի առավել հարիր մեկնաբանություն, որն անհնար է բաժանել Դաշնակցությունից: ՀԳ. Հուսանք, որ Նիկոլ Փաշինյանը մի գեղեցիկ օր կհրաժարվի «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը» հրաշք համարելուց: Թե բա իսկական հրաշք էր, որ ժողովուրդը կանգնեց ու մերժեց Սերժին: Հրաշքներ, էն էլ էդ բոյի, չեն լինում, պարոն Փաշինյան, եթե չասենք, որ հանրությունը տակավին անտեղյակ է, թե Դուք այդ ինչպես գլխի ընկաք, որ պետք է հրաշքը սկսել Գյումրիից: Բայց խնդիրն այստեղ Ձեր խոստովանել-չխոստովանելը չէ, այլ այն, թե այդ հեղափոխությունից 100 տարի անց ինչ ելույթներ են ունենալու Հայաստանի ապագա ղեկավարները, երբ նշելիս լինեն հայկական հեղափոխության հոբելյանը: Հավանաբար կասեն` հանգիստ հանգչիր տեղդ, ով թավշյա հրաշքի հայր, քո գործն անմահ է…