Սա այն էական խախտումը չէ, որ ամենախիստ պատժին արժանանամ

Սա այն էական խախտումը չէ, որ ամենախիստ պատժին արժանանամ

Օրերս Բարձրագույն դատական խորհուրդն ամենախիստ պատիժը կիրառեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ՝ դադարեցնելով նրա լիազորությունները։ Ինքը՝ Մելքումյանը, այս որոշմանը համաձայն չէ, այն դեռ չի էլ ստացել․ «Չեմ ստացել, 5 օրվա մեջ պետք է ուղարկեն։ Բողոքարկման տարբերակ կա, նշված է, որ Սահմանադրական դատարան կարող եմ դիմել՝ Դատական օրենսգրքով սահմանված է նման իրավունք։ Որոշումը ստանամ, ծանոթանամ՝ կորոշեմ։ Մինչեւ որոշումը չստանամ, չնայեմ՝ ինչ է պատճառաբանված, չեմ կողմնորոշվում։ Սահմանադրական դատարան, ամեն դեպքում, իրավունք ունեմ դիմել, նայեմ, դրանից հետո կորոշեմ՝ ՍԴ, թե Եվրոպական դատարան»։

- Նաեւ Եվրոպական դատարան դիմելու իրավունք ունեք։

- Իհարկե, ցանկությունը շատ մեծ ա, բայց մինչեւ չստանամ, չհասկանամ՝ ինչ իրավական հիմքերով կայացրած որոշում է, էդ դեպքում կորոշեմ, այս պահին չեմ կարող ասել, թե ինչ կանեմ։

- Պարոն Մելքումյան, ի վերջո, Դուք կարգապահական էական խախտում թույլ տվե՞լ եք, թե՞ ոչ։

- Չէ, իսկապես էական խախտում չի եղել։ Որոշումը կստանամ, դրա մասին կարձագանքեմ։

- Խախտո՞ւմ էլ չի եղել Ձեր կողմից։

- Իհարկե, խախտում եղել է, ես դա ընդունել եմ, բայց սա այն էական խախտումը չէ, որ ամենախիստ պատժին արժանանամ։ Այ, դա է հարցը։

- Նախկինում Ձեր վերաբերյալ եւս կարգապահական վարույթ է հարուցվել, գուցե սա էլ գումարվեց նախորդին, եւ դրա հետեւանքո՞վ ամենախիստ պատիժը կիրառվեց։

- Չեմ կարող ասել, դրա համար պիտի հասկանամ, թե ինչ ա։ Բարձրագույն դատական խորհրդի ժամանակ ես նկատողություն չունեի, այսինքն՝ իմ մասով որոշում չի եղել, որպեսզի սա երկրորդը դիտվեր։ Երրորդը․ սա առաջինն է, դրանից առաջ եղել է, բայց մերժվել է, գտել են, որ խախտում չի եղել։ Ստացվում է, որ սենց միանգամից որոշում է կայացվել՝ ամենախիստ պատիժը։ Ես ուզում եմ կարդամ, հասկանամ, չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ որոշում չունեմ։ Իրավաբան մարդ եմ, չեմ կարող էս պահին գնահատականներ տալ՝ ինչ քայլեր կարող եմ անել, մինչեւ որոշումը չունենամ։

- Նախարարի գործոնն այստեղ որքանո՞վ կար, գուցե դեր խաղաց այն հանգամանքը, որ անձամբ նախարա՞րն էր դիմել։

- Չեմ կարող ասել, երբ որոշումը ստանամ, լիարժեք կասեմ։

- Այժմ աշխատանքի չե՞ք գնում։

- Դադարեցված են, իհարկե, բայց գնալու հարցն այլ է։ Այսինքն՝ գործեր կան, որ պետք է հանձնվեն։ Օրենսդրությամբ անթույլատրելի է իմ կողմից գործ քննելը։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը մեր հարցին ի պատասխան ասել էր, որ Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցվել են էական կարգապահական խախտում թույլ տալու պատճառով․ «Խնդիրն էական կարգապահական խախտմանն էր վերաբերում, բանը նրանում էր, որ միջնորդություն ներկայացնող մարմինը դռնբաց դատական նիստում քննարկվող հարց էր, որ խոսքը վերաբերում է որոշակի դատավարական գործողություններ կատարելուն, մասնավորապես՝ ուժի մեջ չմտած դատական ակտին կատարողական թերթ տալը, որն էական կարգապահական խախտում դիտվեց ԲԴԽ-ի կողմից»։