Փաշինյանը 12 նոր վականսիա կստանա

Փաշինյանը 12 նոր վականսիա կստանա

Կառավարությունը վերջին նիստում հավանություն է տվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների վերաձեւավորման, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու հարցին։ Այն համարել են անհետաձգելի եւ ընդգրկել են ապրիլի 8-ին կայանալիք ԱԺ արտահերթի օրակարգում։ 

Օրինագծերը վերաբերում են հանձնաժողովների անդամների վերանշանակման ժամկետը մինչեւ հունիսի 31-ը հետաձգելուն։ Թեեւ Փաշինյանը հայտարարում է՝ կարեւոր է, որ այս պրոցեսը տեղի ունենա առողջ միջավայրում, կամ՝ հոգնել ենք ոչ լեգիտիմ մարմիններից, հանձնաժողովներում լարված մթնոլորտ է եւ բացասական սպասումներ։ Մենք զրուցեցինք հանձնաժողովների աշխատակիցների հետ, որոնք վստահեցնում են՝ ներսում չեն հավատում, որ հանձնաժողովների անդամներին թույլ կտան պաշտոնավարել մինչեւ ժամկետների ավարտը, վստահ են, որ վերանշանակումներ պարզապես չեն լինելու, այլ լինելու են նոր նշանակումներ։ Այլ կերպ ասած՝ երկու հանձնաժողովները ձեւավորվելու են զրոյից՝ լրիվ նոր մարդկանցից։ 

Հուլիսի 1-ին ավարտվել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը։ Ամռանը ենթադրվում էր, որ նոր նշանակումը կլինի սեպտեմբերին, բայց հարցը ձգվեց։ Հիմա նոր ժամկետ են նշում՝ մինչեւ ապրիլի 9-ը։ Հանձնաժողովի մյուս 4 անդամների պաշտոնավարման հնգամյա ժամկետներն այս տարի չեն ավարտվում։ Միքայել Սողոմոնյանը նշանակվել է 2017 թ․ մայիսին, եւ եթե օրենքը չփոխվի, կշարունակի իր աթոռին մնալ մինչեւ 2022-ի մայիսը։ Արմեն Բաղդասարյանը, որը նշանակվել է 2015-ի դեկտեմբերին, պետք է հեռանա 2020 թվականի դեկտեմբերին, Մուշեղ Կոշեցյանը՝ 2020 թ․ հունիսին, իսկ Արթուր Վարդանյանը մինչեւ 2021 թվականը ժամանակ ունի։  Վերանշանակումների արդյունքում չի բացառվում, որ նրանք կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում։ Նույնը ՏՄՊՊՀ 7 անդամներին է վերաբերում։  

Կառավարությունը, վարչապետը այս գործընթացի շնորհիվ կկարողանա հանձնաժողովի անդամների 12 նոր «վականսիա» ստանալ, իրենց «թիմից» 12 հոգու տեղավորել աշխատանքի։ Օրինագծերը խնդրահարույց են։ Դա ընդունում է ե՛ւ օմբուդսմենը, ե՛ւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Նիստի ժամանակ նա նշեց, որ դեռ պետք է քննարկվի նման նախագծի իրավաչափությունը։ ՄԻՊ Թաթոյանը եւս խոստացավ ուսումնասիրել հարցը եւ արագ որոշում կայացնել։ ՏՄՊՊՀ անդամներից Անահիտ Սահակյանն արդեն դիմել է ՄԻՊ՝ կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը համարելով հակասահմանադրական, քանի որ, նախ, ստացվում է, որ օրենքը խստացնող դրույթը հետադարձ ուժ է ստացել, կիրառվել է հանձնաժողովների գործող անդամների նկատմամբ՝ վատթարացնելով նրանց վիճակը։

Եվ երկրորդը․ հանձնաժողովների անդամներն արդեն պլանավորել են իրենց եկամուտներն ու «նյութական» նպատակները, վարկ են վերցրել, երեխաների ուսման վարձն են տալիս եւ այլն, ու հիմա հանկարծ որոշվում է, որ իրավունք չունեն աշխատել մինչեւ օրենքով սահմանված ժամկետը։ Երեկ ՄԻՊ գրասենյակը հայտարարեց, որ ուսումնասիրել է Անահիտ Սարգսյանի դիմումը եւ եկել եզրակացության, որ «օրենքներում այդ հանձնաժողովների անդամների կազմերի ձեւավորման հետ կապված՝ պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բավարար հիմքեր առկա չեն»: Միաժամանակ, կառավարությանը մոտ աղբյուրները փոխանցում են, որ ՄԻՊ-ը «ո՛չ նալին է խփում, ո՛չ մեխին»։ Կառավարության, ՏՄՊՊՀ անդամների համար նա մի գրություն է պատրաստել, որում ներկայացրել է, թե համակարծիք է, որ նոր օրինագծերի սահմանադրականության հետ կապված խնդիր կա։

  Ինչո՞ւ կառավարությունը նշանակումներ չկատարեց սահմանված ժամկետում՝ առաջացնելով նոր բարդություն․ տնտեսական մրցակցության պաշտպանության եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների լիազորություններն ավարտվում են ապրիլի 9-ին, եւ մինչեւ հունիսի 31-ը, փաստորեն, այս հանձնաժողովների որեւէ գործողություն լեգիտիմ չի կարող լինել։ Ի՞նչը խանգարեց Փաշինյանին՝ մինչեւ ապրիլի 9-ը իր մարդկանց բերել ու տեղավորել հանձնաժողովներում։ Մանավանդ, որ 2 հանձնաժողովում էլ այս պահին առկա են թափուր տեղեր: 2 ազատ տեղ կա ՏՄՊՊՀ-ում, հունվարին 2 անդամի ժամկետը լրացել է, եւ նրանք չեն կարող պաշտոնավարել, մեկ ազատ տեղ էլ կա ՀԾԿՀ-ում:

Ընդ որում՝ ՀԾԿՀ-ում ազատ է նախագահի պաշտոնը: Արտակ Զեյնալյանը բացատրում է․ «Նախկին օրենքով ՀՀ նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում վարչապետի առաջարկով ԱԺ-ն պետք է նշանակեր հանձնաժողովների անդամներին։ Բայց այդ մեկ տարվա ժամկետը լրանում է ապրիլի 9-ին, այդ նշանակումները չեն կատարվել հայտնի պատճառներով՝ ԱԺ-ն լուծարվեց, կառավարության ձեւավորման»։ Իրականում  վերանշանակումները չեն կարողացել անել ժամանակին, քանի որ չունեն օրենքի պահանջներին բավարարող կադրեր։ Մասնավորապես, ՏՄՊՊՀ օրենքի 20-րդ եւ ՀԾԿՀ օրենքի 7-րդ հոդվածների համաձայն, հանձնաժողովներում անդամ կարող է նշանակվել միայն բարձրագույն կրթությամբ, առնվազն հինգ տարի՝ ՏՄՊՊՀ-ի դեպքում, եւ 3 տարի՝ ՀԾԿՀ-ի դեպքում պետական համակարգում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը: 2 հանձնաժողովում էլ անդամներից մեկը պարտադիր պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, մյուսը՝ տնտեսագիտական կրթություն, իսկ մյուս անդամները՝ կարգավորվող ոլորտներից որեւէ մեկում 10 տարվա աշխատանքային ստաժ: 
Այսինքն, եթե նոր իշխանության օրոք վարսավիրները, թիկնապահները, գիշերային ակումբների մենեջերներն ու դերասանները դարձան պատգամավոր ու քաղաքապետ,  զբաղեցրին պաշտոններ, ապա այս դեպքում իշխանությունը հանդիպել է պատի: Այստեղ պրոֆեսիոնալներ, փորձառու կադրեր են պետք, որը չունեն, ինչն էլ առիթ հանդիսացավ վերանշանակման ժամկետները 3 ամսով հետաձգելու համար: 

Երկու հանձնաժողովի համար էլ բավականին թեժ կուլիսային պայքար է ընթացել: Օպտիմալացված նախարարությունների պաշտոնակատարները փորձել են տնտեսական բլոկի կադրային հարցերը «ռուլիտ անող» Տիգրան Ավինյանի միջոցով այս հանձնաժողովներում պաշտոն ստանալ: Բայց մերձկառավարական մեր աղբյուրները վկայում են՝ հավակնորդների կենսագրությունները «թերի» են։  Մեկն իրավաբանական կամ տնտեսագիտական կրթություն չունի, մյուսը՝ ղեկավարման երկարամյա փորձ, իսկ երրորդը շատ հեռու է տնտեսական մրցակցության կամ հանրային ծառայությունների ոլորտից: Ավելորդ է խոսել ոլորտում 10 տարվա աշխատանքային ստաժի մասին: 
ՀԳ․ Միանգամից երկու տնտեսական հանձնաժողովների կազմը տակնուվրա անելը  տնտեսական հեղափոխության այս փուլում ռիսկային է։ Այն կարող է պարալիզացնել  դրանց գործունեությունը։ Սա արդեն հարցի ոչ թե իրավական, այլ գործնական կողմն է, որի մասին կառավարության նիստի ժամանակ արտահայտվող չեղավ։