Բացարձակ․ Մարգարիտ Ազարյանը ոչ մի կոնֆլիկտ չի ունեցել

Բացարձակ․ Մարգարիտ Ազարյանը ոչ մի կոնֆլիկտ չի ունեցել

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից ազատված Մարգարիտ Ազարյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումով ու ցանկությամբ։

«Ես իրավունք ունեմ տեղափոխվել այլ աշխատանքի և ոչ մի խնդիր չեմ տեսնում»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց տիկին Ազարյանը՝ խնդրելով, որ լրագրողներն այս առնչությամբ ավելորդ հիստերիա չսարքեն, ինչն էլ, ասաց, որ պատիվ չի բերում։

Հիշեցնենք, որ Մարգարիտ Ազարյանը 1-ին դեմքերի հետ աշխատելու երկարամյա փորձ ունի, աշխատել է ՀՀ 3 նախագահների հետ էլ։

Հարցին, թե ի՞նչ աշխատանքի է անցնում, նույն ոլորտո՞ւմ, Մարգարիտ Ազարյանը պատասխանեց՝ բնական է՝ բնագավառը նույնն է։

«Դժվար թե գնամ-դառնամ այլ մասնագիտության նոր ձեռքբերող։ Բնականաբար, գիտելիքներն ու փորձը, որ ունեմ, օգտագործվելու է»,-հավելեց տիկին Ազարյանը։

Իսկ հարցին՝ կոնֆլի՞կտ ունեցե՞լ է, վերջինս պատասխանեց․ «Բացարձակ, եթե ճանաչեիք, կիմանայիք․ իմ հետ կոնֆլիկտ երբևէ չի լինում և ոչ մեկի հետ։  Ես կոնֆլիկտային մարդ չեմ, եթե լիներ ուրիշը, կարող էր շատ արագ անջատել հեռախոսն ու Ձեր և ոչ մի հարցի անգամ չպատասխանել»։

Նշենք, որ քիչ առաջ NEWS.am-ին վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտնել էր, որ մեկ օրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատ արձակված պաշտոնյաները պատշաճ չեն կատարել վարչապետի հանձնարարականը։

Տիկին Ազարյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ հանձնարարությունը չկատարելու դեպքում ազատվում են պաշտոնից հեռացումով, ինքը սեփական դիմում է ներկայացրել, ապա ավելացրեց՝ լավ, ես հիմա կխոսեմ իր հետ։