Ամեն դեպքում, Լուսինեն խմբակցության կարծիքը չի հայտնել

Ամեն դեպքում, Լուսինեն խմբակցության կարծիքը չի հայտնել
Լուսինե Բադալյան

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը` Լուլուն, երեկվանից իր 32 անգամ խմբագրված գրառմամբ իսկական փոթորիկ էր առաջացրել համացանցում։ Վերջում էլ հպարտացել էր, թե «Շնորհակալություն․․․ որ օգնեցիք, որ մեսիջս իմ նախատեսածից ավելի շատ տարածվի»։ Իսկ գրառումով փորձել էր «հավաստի» ու «անաչառ» լրատվամիջոցների իր ցանկը սահմանել եւ մասնավորապես, խորհուրդ էր տվել, որ լրատվություն փնտրելիս մարդիկ կարդան Armtimes.com, լսեն «Ազատություն» եւ դիտեն Հ1։ Ստատուսը մի քանի խմբագրումից հետո ավելացել էին նաեւ 1in.am-ը Civilnet․am-ը եւ Hetq.am-ը։

Փաստորեն, անաչառի եւ օբյեկտիվի չափանիշը ինչպես ՀՀԿ-ական իշխանության օրոք, այնպես էլ հիմա մնացել է նույնը՝ կառավարության ու իշխանական պատգամավորների աշխատանքը ներկայացնել բացառապես դրական հրապարակումներ, ցանկալի է՝ նաեւ քծնանք, այն էլ իշխանական կամ մերձիշխանական ԶԼՄ-ներից։

Սակայն նույն իշխանության թիմում գտնվող շատ ադեկվատ գործիչներ խոստովանում են, որ իրենք իրական ու հավաստի տեղեկատվություն ստանալու համար միացնում են, օրինակ, TV5, որն այսօր քարկոծվում է ու որակվում որպես «հակահեղափոխական»՝ քոչարյանական լրատվամիջոց, եւ ոչ թե Հ1, որի կոնտենտն իրենք են ապահովում եւ լավ գիտեն՝ այդ օրը լուրերով ինչ են ցույց տալու։ Թերթերից նախընտրում են, օրինակ, «Հրապարակ» ընթերցել՝ իր համանուն կայքով, ոչ թե դե ֆակտո կամ դե յուրե իշխանական մամուլ համարվող թերթերը, որոնք նաեւ Լուլուի սրտի լրատվամիջոցներն են եւ այսպես շարունակ։ Լուլուն նաեւ հայտարարել էր, որ հրաժարվում է հարցազրույց տալ եւ կոչ է անում իր գործընկերներին, որ նրանք էլ հետեւեն իր օրինակին։ Եվ, առհասարակ՝ «ի՞նչ կա լուսաբանելու» որ՝ հռետորական հարցադրում է արել նախկին հաղորդավարը։

Իր գործընկերներից Գեւորգ Պապոյանը, օրինակ, կարծես արդեն սկսել է հետեւել այս հորդորին։ Երբ իմացավ, թե ինչից ենք հարցնելու, իսկ մենք հարցնում էինք՝ եթե Լուլուի նշած ցանկի լրատվամիջոցներից լինեինք, էլի՞ զբաղված կլիներ, Պապոյանը նույնը կրկնեց․ «Հիմա հարմար չի, կներեք, էլի, ներողութուն եմ խնդրում»։

Նույն խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն էլ ասաց, որ չի կարդացել Լուլուի գրառումը, քանզի գործուղման էր, բայց ինչ-որ աժիոտաժ նկատել է Ֆեյսբուքում այս կապակցությամբ։ Հետո, երբ ծանոթացավ գրառման բովանդակությանը, ասաց․ «Ինձ թվում է՝ իր անձնական կարծիքն է հայտնել, ամեն դեպքում, խմբակցության կարծիքը չի հայտնել Լուսինեն։ Ըստ իս, յուրաքանչյուր մարդ ինքը կարա որոշակի նախընտրություններ ունենա այս կամ այն լրատվամիջոցների հարցում, այսինքն՝ վերապահումներ կամ սիմպատիա ունենա»։

Իսկ ինքն ունի՞ որոշակի նախընտրություն, «սիմպատիա» լրատվամիջոցների հարցում։ «Ես բաց եմ շփման համար ցանկացած լրատվամիջոցի հետ, բայց այնքան ժամանակ բաց կլինեմ, քանի դեռ պահպանվում են լրագրության, հարցազրույցի կանոնները, ֆորմատը ու նաեւ էդ հետագան։ Եթե ինչ-որ բաներ կխախտվեն, միգուցե ապագայում կմտածեմ»,- ասաց Փամբուխչյանը։

Իսկ կհետեւի՞, արդյոք, Լուսինեի հորդորին՝ չտալ հարցազրույց այն լրատվամիջոցներին, «որոնց հետաքրքիր չեն իր ասածները», պատգամավորն ասաց․ «Էդ հարցում, անկեղծ ասած, ես կիսում եմ իր ասածը։ Եթե, այսինքն, լուրն իր մեջ չի պարունակում որեւիցե բովանդակություն, այլ ինչ-որ բամբասանքի տեսքի է, ինքը «քլիք» հավաքում է, բայց էապես որակն ընկնում է, որովհետեւ ինձ ոչինչ չի տալիս, ենթադրենք՝ «այս պատգամավորը մեքենան կայանեց չգիտեմ որտեղ», դա ինձ՝ որպես քաղաքացու, ոչ մի բան չի տալիս։ Ինձ կտա էն, թե էդ պատգամավորն ինչ նախաձեռնությամբ հանդես եկավ, ինչ կարծիք հայտնեց էս օրինագծի, էն օրինագծի մասին, որ ես հասկանամ՝ ում հետ գործ ունեմ»։ Թեեւ պատգամավորն անտեսում է իր ընտրողի՝ մեր ընթերցողի կարծիքը, իսկ ի՞նչ է ուզում կարդալ նա՝ ընթերցողը, արդյոք ընթերցողի ու պատգամավորների հետաքրքրությունները նույնակա՞ն են։

Մենք փորձեցինք կարծիք հարցնել նաեւ «Իմ քայլը» խմբակցության այլ պատգամավորներից, օրինակ՝ Վահագն Հովակիմյանից, Թագուհի Ղազարյանից, խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանից, բայց նրանցից որեւէ մեկը մեր զանգերին չպատասխանեց։ Երեւի արդեն սկսել են հետեւել Լուլուի հորդորին ու նշված ցանկից դուրս լրատվամիջոցների զանգերին չեն պատասխանում։