Ավելորդ լարում

Ավելորդ լարում

Երեկ Ազգային ժողովը մերժեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկը՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրել Գոռ Հովհաննիսյանին։ Երբ օրեր առաջ մենք գրել էինք, որ «Իմ քայլը» որոշել է բոյկոտել այս թեկնածուին, քանի որ իշխանությունն ուզում է ՍԴ ուղարկել Վահե Գրիգորյանին, ամեն կողմից հերքում էին մեր գրածը՝ հավաստիացնելով, որ նման բան չկա, հնարավոր չէ։ Խնդիրը, անշուշտ, Գոռ Հովհաննիսյանը չէ, անգամ եթե նա լավ թեկնածու է եւ արժանի էր ՍԴ անդամ դառնալուն։

Խնդիրն իշխանությունների վերաբերմունքն է պաշտոնների նշանակման եւ ընտրության գործընթացին, որը նոստալգիկ հիշողություններ է արթնացնում ոչ հեռավոր անցյալի սովորույթներից, երբ պաշտոնի նշանակվում էին միայն յուրայինները, մարդու պրոֆեսիոնալիզմը զրո արժեք ուներ, եւ առաջին տեղում էին ՀՀԿ-ական լինելը, վերեւից իջեցված հրահանգները կատարելու հնազանդությունը, նվիրվածությունը գործող իշխանությանը, ձայներ բերելու, ծառայություններ մատուցելու ունակությունը։

Այս պարագայում, ցավոք, մի վատ տենդենց էլ կա՝ նախագահի ինստիտուտի հանդեպ անվստահություն առաջացնելու, այն հեղինակազրկելու մարտավարությունը։ Առանց այն էլ ամեն օր արձանագրում ենք, թե ինչպես են երիտասարդ հեղափոխականները քամահրանքով վերաբերվում Արմեն Սարգսյանի եւ նախկինից մնացած մյուս ինստիտուտների ու պաշտոնյաների նկատմամբ։ Ի վերջո, այս հակամարտությունը նաեւ վտանգավոր է, քանի որ վաղը նույնկերպ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը կարող է չհաստատել վարչապետի ներկայացրած թեկնածուներին, եւ առճակատումը կարող է խորանալ, սահմանադրական ճգնաժամի հանգեցնել։ Փոխադարձ հարգանքը, միմյանց առաջարկներին ընդառաջելը համագործակցության մթնոլորտ են ստեղծում։ Իսկ ցանկացած առճակատում ներքաղաքական հակասություններով է հղի։