Օժտված երեխաները 10 մլն դրամի պատճառով այսօր զրկվում են Ֆիզմաթ դպրոցում սովորելու հնարավորությունից

Օժտված երեխաները 10 մլն դրամի պատճառով այսօր զրկվում են Ֆիզմաթ դպրոցում սովորելու հնարավորությունից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի դիմորդների ծնողներից

Հարգելի պրն. Հարությունյան,

Բարձր գնահատելով Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի (Ֆիզմաթ դպրոց) ավանդը՝ խնդրում ենք Ձեր ուշադրությունը դպրոցի ընդունելության կազմակերպման վրա՝ hաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս ՀՀ կառավարությունը ֆիզիկամաթեմատիկական և ՏՏ ուղղությունը համարում է գերակա ոլորտ:

Խնդիրն այն է, որ ներկայում Ֆիզմաթ դպրոցն ամեն տարի ընդունում է խիստ սահմանափակ քանակությամբ (4-5 դասարան) ֆիզիկամաթեմատիկական ուղղվածություն ունեցող աշակերտների՝ պատճառաբանությամբ, թե պայմաններ չկան: Արդյունքում, ամբողջ ՀՀ տարածքից ֆիզիկամաթեմատիկական առարկաներից արտակարգ ընդունակություններ ունեցող՝ ֆիզմաթ դպրոցի ընդունելության քննություններից բարձր միավորներ ստացած աշակերտները զրկվում են ֆիզմաթ դպրոցում սովորելու հնարավորությունից:

Ֆիզմաթ դպրոցում դասարանները գերհագեցած են աշակերտներով, ինչը հնարավոր է՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ դպրոցի անշարժ գույքի մի մեծ հատվածում ուսումնական գործունեություն է իրականացնում «Ուսում» հանրակրթական դպրոց ոչ պետական ուսումնական հաստատությունը (վճարովի դպրոց է, ղեկավարը ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի կինն է` Սուսաննա Թամարյանը):

Հայկազ Նավասարդյանը մամուլում տվյալ խնդիրը բազմիցս պարզաբանել է, շեշտելով, որ միևնույնն է, «Ուսում» հանրակրթական դպրոցի դասարանները փոքր են և եթե նույնիսկ այն ետ տրամադրեն Ֆիզմաթ դպրոցին, խնդիրը չի լուծվի:

Թույլ տվեք չհամաձայնել. գաղտնիք չէ, որ նախկինում շենքի տվյալ հատվածում եղել են դպրոցի ննջարանները (նախկինում դպրոց ավելի շատ ընդունվում էին Հայաստանի շրջաններից, քան Երևանից երեխաներ):

Թե ինչո՞ւ այժմ ՀՀ մարզերից ընդունվողները քիչ են, պատճառն այն է, որ դպրոց կարող են ընդունվել միայն (կամ գրեթե միայն) մասնավոր ուսուցիչների մոտ վերապատրաստված երեխաները՝ տարեցտարի ավելի բարդացվող թեստերի պատճառով, իսկ մարզերի աշակերտները հնարավորություն չունեն մասնավոր պարապունքների հաճախել  Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչների մոտ: Հետևաբար, այնպես ինչպես ննջարանները ժամանակին դարձել են դասասենյակներ՝ հարմարեցվելով «Ուսում» դպրոցի պահանջներին, այնպես էլ կարող են դառնալ դասարաններ կամ ննջարաններ:

Իսկ «Ուսում» դպրոցից ստացած 10 մլն դրամ վարձը, որի մասին նշում է Հայկազ Նավասարդյանը, ոչինչ է՝ համեմատած այն բանի հետ, թե ապագայում մեր երկրին ինչ հաջողություններ կարող են ապահովել մաթեմատիկական գիտելիքներով օժտված երեխաները, որոնք հենց այդ 10 մլն դրամի պատճառով այսօր զրկվում են Ֆիզմաթ դպրոցում սովորելու հնարավորությունից:

Զարմանալիորեն ամեն տարի Ֆիզմաթ դպրոց մեծամասամբ ընդունվում են վերոնշյալ «Ուսում» դպրոցի աշակերտները: Արդյոք սա օրինաչա՞փ է:

 Խնդրում ենք ուսումնասիրել նաև ընդունելության քննությունների առաջադրանքները, որոնք միանձնյա կազմում է Հայկազ Նավասարդյանը՝ պատճառաբանելով, թե չի վստահում իր գործընկերներին, քանի որ բոլոր ուսուցիչները պարապում են ընդունելության համար և կարող են օգտագործել դա՝ իրենց մոտ պարապող աշակերտներին նախապես տրամադրելով առաջադրանքները: Արդյունքում, այս տարի թե՛ 7-րդ, թե՛ 8-րդ դասարանի առաջադրանքներում առկա էին սխալներ, անլուծելի խնդիրներ, որոնցից մի քանիսն ուղղվել են հենց քննության ընթացքում՝ աշակերտներին դնելով դժվար կացության մեջ: 8-րդ դասարանի առաջադրանքներում առկա էր խնդիր, որը որևէ դիմորդ չի լուծել և շատ մասնագետներ նույնպես չեն գտել լուծումը: Ինչի՞ համար են այդպիսի խնդրիները: Գաղտիք չէ, որ Հայկազ Նավասարդյանը և նրա հետ փոխկապակցված անձիք նույնպես մասնավոր պարապում են որոշ աշակերտների հետ: Արդյունքում, եթե ուսումնասիրեք այս տարվա 7-րդ դասարանի արդյունքները, պարզ կդառնա, որ ողջ ՀՀ տարածքից ամենաբարձր միավորներ ստացել են  «Ուսում» դպրոցի աշակերտները, որոնց հետ միգուցե հենց Նավասարդյանը կամ նրա ընտանիքից մեկն է պարապել: Զարմանալին այն է նաև, որ այդ բարդ քննություն-մրցությունը հաղթանակած և Ֆիզմաթ դպրոց ընդունված աշակերտները հետագայում չեն փայլում իրենց ֆիզիկամաթեմատիկական ունակություններով. սրա ապացույցն է նաև այն, որ այս տարվա 9-րդ դասարանի քննությունների արդյունքներով՝ Ֆիզմաթ դպրոցի և այլ դպրոցների աշակերտներն առանձնապես չեն տարբերվում:

Խնդրում ենք վերականգնել Ֆիզմաթ դպրոց ընդունվելու հետ կապված արդարությունը եւ հնարավորություն ընձեռել ֆիզիկամաթեմատիկական առարկաներից բարձր առաջադիմությամբ աշակերտներին սովորել Ֆիզմաթ դպրոցում: Այս տարի առնվազն 2 դասարան բացել՝ մեկ 7-րդ և մեկ 8-րդ: Իսկ ապագայում ամբողջությամբ վերանայել տվյալ դպրոցի ընդունելությունը, ուսուցման պրոցեսներն արդիականացնել, բարելավել պայմանները:

Հարգանքով՝ ֆիզմաթ դպրոցի դիմորդների ծնողներ