ՀՊՏՀ-ում այսօր ուսխորհրդի նախագահ են ընտրել

ՀՊՏՀ-ում այսօր ուսխորհրդի նախագահ են ընտրել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր, ուսանողների արձակուրդների ամենաթեժ ժամանակ, բուհի ուսխորհրդի նոր նախագահ է ընտրվել Գոռ Մելիք-Սահակյանը՝ ընդհանուր ժողովի 25 անդամների մասնակցությամբ։ Ուսխորհրդի նոր նախագահը 4-րդ կուրսի ուսանող է, անկուսակցական։

Տեղեկատվությունը փոխանցած անձը հավելեց, որ անհասկանալի է, թե ինչու է նման ափալ-թափալ ընտրություն կազմակերպվել, եթե մի կողմից արձակուրդ է, ուսանողները չկան, մյուս կողմից մեկնաբանություններ կան, որ բուհի ուսանողական խորհուրդն ապօրինի է գործում այն պարզ պատճառով, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ցայսօր չկա բուհի  հաստատված կանոնադրություն։

ՀՊՏՀ ուսխորհրդի այլևս նախկին նախագահ Հովհաննես Հարությունյանն ի պատասխան ասաց․ «Մենք նոր կանոնադրությունը մշակել ենք, ընդհանուր ժողովով հաստատել ենք, ներկայացրել ենք գիտական խորհրդին, գիտխորհրդում դեռ նիստ չի եղել, որ հաստատվի, հետո գնա ԿԳՆ, բայց քանի որ իմ ժամկետը լրացել էր որպես ուսխորհրդի նախագահ, մենք գործող կարգով, ոնց որ այն պահանջում է, իրականացրեցինք ընտրություններ, իսկ նոր կանոնադրության հաստատումից հետո արդեն նոր ընտրություններ են կատարվելու»։

Դիտարկմանը՝ չէ՞ որ ուսխորհուրդն ապօրինի է գործում, Հովհաննես Հարությունյանն արձագանքեց․ «Փաստացի ունենք այն, ինչ ունենք։ Եթե գործող կարգն ապօրինի է, ուրեմն ամեն ինչ ապօրինի է»։

Արձագանքեցինք, որ, այո, հենց այդպես էլ մեկնաբանվում է, որ որևէ բուհի գիտական խորհրդում նրանց մասնակցությամբ կատարված քվեարկություններն ու ընդունված բոլոր որոշումներն անօրինական են: Ավելին, նույն տրամաբանությամբ և նույն հիմնավորումներով՝ օրենքի և օրինականության տիրույթից դուրս են թե՛ բուհերի ռեկտորատները, թե՛ ֆակուլտետային խորհուրդները: Ռեկտորները պարզապես իրավունք չեն ունեցել և ցայսօր էլ չունեն  այդ ապօրինի ուսխորհուրդների ներկայացուցիչներին ներառել գիտական խորհրդի և ռեկտորատի կազմեր։

 Նախկին հրապարակման մեջ գրել էինք․ «Փաստորեն, կոռեկտ իրավական գնահատական տրվելու դեպքում կարող  է և այսպիսի եզրակացություն տրվել, որ իրենց կարգավիճակի հարցում բուհերի ուսանողական խորհուրդները զբաղված են եղել ինքնիրավչությամբ, ինչը ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված է (հոդված 322՝ «Ինքնիրավչություն»), իսկ բուհերի ռեկտորները և կրթության կառավարման լիազոր մարմինը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, զբաղված է եղել անգործությամբ, ինչը ևս ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված է (հոդված 308.1` «Պաշտոնական լիազորությունները չարաշահելը»):

Եթե անօրինականության այս ահռելի մեքենան օր առաջ չկանգնեցվի, ապա հետևանքները կարող են լինել անկանխատեսելի: Բավական է վերը նշված հիմնավորումներով բուհերում ընդունված որոշումներից մեկնումեկի առոչինչ ճանաչման գեթ մեկ նախադեպային դատական որոշում, դրան կհետևի դոմինոյի էֆեկտը, և բուհական կյանքն ուղղակի կոլապսի կենթարկվի»։

Ի պատասխան՝ ուսխորհրդի այլևս նախկին նախագահն արձագանքեց․ «Դրա համար նոր կանոնադրություն ենք մշակել, որ շատ շուտ ուղարկելու ենք նախարարություն։ Եթե հաստատվի, ապա նոր ընտրություններ կլինեն, որոնք կլինեն արդեն ըստ Ձեր մեկնաբանության՝ օրինական»։

Իսկ ի՞նչ կլիներ, որ նոր կանոնադրությունը հաստատվեր, նոր ընտրություններ լինեին, ի՞նչ կլիներ, եթե ուսխորհրդի ԺՊ նշանակվեր։ Հովհաննես Հարությունյանն ի պատասխան ասաց, որ եթե մնար ուսխորհրդի նախագահ, այն ժամանակ էլ ասվելու էր՝ ուսխորհրդի ապօրինի նախագահ:

Նա կրկնեց, որ մշակված նոր կանոնադրության անցումային դրույթներում նշված է, որ կանոնադրության հաստատման դեպքում առավելագույնը 3 ամսվա ընթացքում ուսխորհրդի նախագահը հրաժարական է տալիս, և կազմակերպվում են նոր ընտրություններ։

Հիշեցենք, որ հարցի առնչությամբ նախորդ անգամ ստացել էինք նաև Տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դիտարկումը։ Ըստ այդ էլ` «Ապօրինի կլիներ, եթե, օրինակ, կառավարման խորհրդում ըստ օրենքի նշված լիներ, որ մասնակցում է ուսանողական խորհուրդը։ Բայց ապօրինի չէ, որովհետև նշված է, որ կառավարման խորհրդում ուսանողության ներկայացուցիչներն են մասնակցում, այլ ոչ թե ուսանողական խորհուրդը»։

Մնացած հատվածների հետ կապված, որ կանոնադրությունը հաստատում է լիազոր մարմինը և այլն, ըստ Հայրապետյանի,  ճիշտ ենք, և դա արդեն նախարարության խնդիրն է։ Եվ որևէ բուհի ռեկտոր այստեղ մեկնաբանություններ տալ չի կարող։