Նաթանյահուն հուսավառել է

Նաթանյահուն հուսավառել է

Օրերս Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հայտարարել է, որ Իրանում վերջին անգամ են տոնում իսլամական հեղափոխության տարեդարձը: Դա ուղղակի ակնարկ է, որ այդ երկրի դեմ պատժամիջոցներն ավելի են խստացվելու՝ նպատակ ունենալով հասնել քաղաքական համակարգի փոփոխության: Հրեական պետության առաջնորդի այս միտքը, երեւում է, հուսավառել է Ադրբեջանին կամ առնվազն այդ երկրի որոշակի շրջանակների, որոնք Իրանը համարում են թշնամական պետություն: Մամուլում վերստին շրջանառվել է «մոլլապետություն» ձեւակերպումը, որով բնութագրվում է Իրանի պետական համակարգը: Ավելի հեռուն է գնացել քաղաքագետ Էլդար Նամազովը, որ ժամանակին զբաղեցրել է Հեյդար Ալիեւի խորհրդականի եւ նախագահի քարտուղարության պետի պաշտոնը:

Նամազովի կարծիքով՝ ներկա աշխարհաքաղաքական զարգացումները կարող են Ադրբեջանի առջեւ բացել հնարավորություն՝ առաջընթացի հասնելու ԼՂ կարգավորման, այսպես կոչված՝ Հարավային Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ցամաքային կապի հարցերում: Ակնհայտ է, որ նման հեռանկարը պայմանավորվում է Իրանի շուրջ հնարավոր իրադարձություններով կամ ավելի պարզ ասած՝ այդ երկրի դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ռազմական գործողություններով: Այդ դեպքում, ինչպես հասկացվում է Նամազովի կանխատեսումից, Ադրբեջանը ոչ միայն իր տարածքը կտրամադրի հակաիրանական ուժերին, այլեւ կանդամակցի դրանց՝ նպատակ ունենալով ռազմական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, տարածքային նվաճումներ ունենալ Իրանի հյուսիսում եւ Հայաստանի հարավում՝ Սյունիքի օկուպացիայի միջոցով ապահովելով ցամաքային կապը Թուրքիայի հետ:

Ուշագրավ է, որ ադրբեջանական մամուլը նման հրապարակումներ անում է վարչապետ Փաշինյանի Իրան կատարելիք այցին ընդառաջ եւ այն համատեքստում, որ Միացյալ Նահանգները դեմ են արտահայտվել Սիրիա հայկական զորախումբ ուղարկելուն: Այս իմաստով ուշագրավ է նաեւ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովի դիտարկումը, որ փոխվել է ԼՂ կարգավորման կոնտեքստը, ներկայումս Հայաստանը փորձում է բանակցությունների առարկա դիտարկել առկա ստատուս-քվոն ամրագրելու հնարավորությունը, եւ Ադրբեջանը պետք է համապատասխան հետեւություններ անի: Զուլֆուգարովը խորհուրդ է տալիս խորացնել երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ, ինչից նույնպես հասկացվում է, որ Բաքվում կատարվում են աշխարհաքաղաքական իրավիճակի վերլուծություններ, մշակվում հետագա քայլերի ամենատարբեր սցենարներ:

Ընդ որում, ինչպես կարելի է եզրակացնել արվող հղումներից, ադրբեջանական կողմի սպասումները հիմնականում կապված են Մերձավոր Արեւելքում եւ Իրանի շուրջ սպասվող զարգացումների հետ: Այդուհանդերձ, տրամաբանական է թվում, որ նման ծրագրավորումները մեծամասամբ քարոզչական բնույթի են: Ադրբեջանի որոշումների տիրոույթն իրականում սահմանափակված է ռուս-թուրքական հարաբերություններով: Կողմնորոշման փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը եւ Թուրքիան մերձավորարեւելյան հարցում հայտնվեն տրամագծորեն հակառակ դիրքերում:

Նման հեռանկարը շատ քիչ հավանական է: Բայց դա, իհարկե, չի նշանակում, թե Ադրբեջանը չունի ծավալապաշտական նկրտումներ: Աշխարհաքաղաքական լարվածության ինչ-որ պահի գայթակղությունը կարող է հավասրակշռությունից հանել Բաքվին: Հայաստանի եւ Արցախի անվտանգության հետ կապված խնդիրները պետք է ծրագրավորվեն նաեւ նման սցենարների հաշվարկով: