Երվանդ Շահազիզ. «Աշտարակի պատմությունը»

Երվանդ Շահազիզ. «Աշտարակի պատմությունը»

Ազգագրագետ, բանահավաք Երվանդ Շահազիզի «Աշտարակի պատմությունը», ինչպես ինքն է կարճառոտ առաջաբանում բնորոշում՝ «երկասիրությունը», առայսօր էլ գուցե Հայաստանի ամենահին ու հետաքրքրական բնակավայրերից մեկի՝ Աշտարակի մասին գրված ու կազմված առաջին ընդգրկուն վավերագրությունն է, որը ե՛ւ պիտանի ուղեցույց է, ե՛ւ պատմական ակնարկ, ե՛ւ հափշտակությամբ ընթերցվող հայրենագիտական կարեւորագույն հետազոտություն, որի վրա Երվանդ Շահազիզը սկսել է աշխատել դեռ դարասկզբին: 

«Աշտարակի պատմությունը» լույս է տեսել 1982 թվականին (Երեւան, «Հայաստան» հրատարակչություն), բնագիրը պատրաստել, անհրաժեշտ հավելվածներն ու լրացումները հեղինակել է պրոֆ. Պիոն Հակոբյանը, որի՝ «Աշտարակի պատմաբանը եւ նրա հայագիտական վաստակը» ծավալուն առաջնորդողով էլ բացվում է այս գիրքը: Մի հատված հոդվածից․ «Երվանդ Շահազիզը Աշտարակի պատմության վրա աշխատել է քառորդ դարից ավելի: Նա համբերությամբ թերթել է հայագիտական ծովածավալ գրականությունն ու ձեռագիր հիշատակարանները, անհրաժեշտության դեպքում օգնություն կանչել պայծառ հիշողություններ ունեցող եւ իր պատմության անցքերին ու անձանց ականատես հին աշտարակցիներին, միախառնել այդ բոլորին իր մանկական տպավորություններն ու անձնական հուշերը եւ ութսունամյա հասակում վերընթերցելով շուրջ երեք տասնամյակի ընթացքում կուտակված ատաղձները՝ դրել դրանք նոր ու վերջնական համակարգի տակ եւ բաշխել տասնինը մեծ ու փոքր գլուխների մեջ՝ հանդերձ առաջաբանով, վերջաբանով եւ օգտագործած աղբյուրների ցանկով: Էականն այն է, որ նա հրաշալի գիտեր իր նյութը, իր նկարագրած անձանց ու անցքերից շատերին անձամբ ծանոթ էր, տարիներով ապրել ու շնչել էր աշխարհագրական նույն միջավայրում» (էջ 27-28)։

Ահա, իր երկասիրությունը մասնատելով գլուխների՝ Շահազիզը սկսում է Աշտարակի անվան ծագումից, ապա նկարագրում բնակավայրի կլիման, ներկայացնում է բնակչության նիստուկացը, սովորույթները, պատմական տարբեր ժամանակափուլերում կառավարման ձեւերը, պատմաքաղաքական կարեւոր իրադարձությունները, որոնք փոխել են բնակավայրի զարգացման ընթացքը, բնակչության կեցությունը: Շահազիզն անդրադարձել է նաեւ սոցիալական խորը անհավասարության խնդրին․ «Աշտարակի չքավորելու պատճառները» գլխում նա ներկայացնում է վիճակագրական տվյալներ՝ ցույց տալով դարավերջի Աշտարակի տնտեսական կացությունը, վկայություններ է բերում անարդարացի հողաբաշխումների, հասարակ ժողովրդի հանդեպ աղաների ու տանուտերերի բազմաթիվ ապօրինությունների մասին։ Նաեւ բավականին ուշագրավ է տարիներ շարունակ Երեւանի ճանապարհին տեղի ունեցած հարձակումների, սպանությունների ու թալանի մանրամասն հիշատակումը: Գրքում երկար դասավորված են Աշտարակի նշանավոր անձանց, ճարտարապետական հուշարձանների, փողոցների ու թաղամասերի լուսանկարները: