Գրիգորյանի պաշտպանները Վճռաբեկ բողոք են ներկայացրել

Գրիգորյանի պաշտպանները Վճռաբեկ բողոք են ներկայացրել
Մանվել Գրիգորյան

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը եւ այն արդեն բողոքարկել Վճռաբեկ դատարան։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը։

Նշենք, որ դեկտեմբերին Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու որոշում էր կայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, այնուհետեւ Վերաքննիչը վերացրել էր այդ որոշումը, բավարարել էր դատախազության բողոքն ու Գրիգորյանին կրկին կալանավորելու որոշում կայացրել։

Բացի սրանից պաշտպանական կողմը գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն է ներկայացրել դատարան։

Հիշեցնենք, որ Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է․ Ըստ ՀՔԾ-ի՝ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: