Ստրուկ ու անհայրենիք

Ստրուկ ու անհայրենիք

Մարդկային թերությունների ու թուլությունների հանդեպ ներողամտությունը քրիստոնեական որակ է։ Ճիշտ է՝ մենք հիմա շատ ենք հեռացել մեր արմատներից ու հավատքից, դարձել անհանդուրժող ու չար, բայց Աստվածաշունչն ասում է՝ ներիր, որ ներվես։ Թուլությունն ու վրիպումները կարելի է ներել, իսկ ստորությունն ու ստրկամտությունը՝ ոչ։

Տեղեկություն ունենք, որ մի պաշտոնյայի հանդեպ կամայականություն են դրսեւորում, վերադաս մի տգետի հրահանգը չի կատարել, չնչին ինքնուրույնություն է դրսեւորել, եւ այս «սամադուռն» ասել է՝ դիմումդ դիր սեղանիս։ Մեր առաջին մղումն է՝ պաշտպանել «զոհին»։ Նախ, որովհետեւ, ասում են՝ լավ աշխատող է, երկրորդը՝ որ «հաբրգած» վերադասը հասկանա՝ չի կարող իր քմահաճույքով մարդուն ազատել աշխատանքից, կա օրենք եւ իրավունք։ Լրագրողը զանգահարում է «զոհին», ուզում ենք գոնե մի թեթեւ հաստատում ստանալ, որ մեր տեղեկատվությունը հրապարակենք, ազատելը կանխենք, սակայն «զոհը» դեմ է։ Ասում է՝ թողեք «միսս ուտեն, արյունս խմեն», մի խանգարեք, այ լրագրողներ, ինչո՞ւ եք մատի ու մատանու արանքը մտնում, ես ու իմ վերադասը լեզու կգտնենք։

Հիմա դուք ասեք՝ ո՞վ է ավելի վատը․ վերադա՞սը, որն իրեն «ցար ի բոգ» է երեւակայում եւ աշխատելը պատկերացնում է ցանկացած մեկին գործից հանելու ու իր ծանոթներին դնելու տեսքով, թե՞ կամայականությունն օրինականացնող այդ ստրուկը, որը հույս ունի հարթել միջադեպը, քծնել ու սողալ։ Եվ իր թշնամին ոչ թե անօրեն շեֆն է, այլ իր իրավունքները պաշտպանել փորձող լրագրողը։

Հաջորդ օրինակը․ Արցախի համար մղված 3 պատերազմի մասնակցած, Ջաբրայիլն ու Ֆիզուլին գրաված ազատամարտիկը համառորեն արդարացնում է Սյունիքից հողեր հանձնելը․ մերը չի, Նիկոլն ի՞նչ անի։ Իրոք՝ Նիկոլն ի՞նչ անի, որ դուք ստրուկ եք ու անհայրենիք։