Հայաստանի երեք նախկին վարչապետները «ոչ» են ասել գույքահարկի այս համակարգին

Հայաստանի երեք նախկին վարչապետները «ոչ» են ասել գույքահարկի այս համակարգին

Առնվազն 3 վարչապետների օրոք գործադիրը քննարկել է գույքահարկի բարձրացման օրինագծեր, սակայն ոչ մի կառավարություն չի համարձակվել դրանք ընդունել, չնայած անշարժ գույքի կադաստրային ու շուկայական արժեքների միջեւ տարբերությունը միշտ էլ էական է եղել։ Ինչո՞ւ։ «Բոլոր վարչապետները մի բառ են ասել՝ ժամանակավրեպ է»,- պատասխանում է «Թինկ Թանկ Արմենիա» վերլուծական ՀԿ նախագահ Հակոբ Մարտիրոսյանը, որը 14 տարի Կադաստրի կոմիտեի գրանցման վարչության պետն է եղել, ապա մոտ 3 տարի՝ նույն գերատեսչության մարզերի միավորված ստորաբաժանման ղեկավարը։

Նա ասում է, որ գույքահարկի նոր համակարգի նախագիծը նոր իշխանությունը չի ստեղծել։ «Սա հնից եկած ժառանգություն է՝ սկզբունքներից սկսած, գներով վերջացրած։ Վարչապետները՝ Հովիկ Աբրահամյան, Տիգրան Սարգսյան, նաեւ Կարեն Կարապետյան, սա չընդունեցին, բայց չորրորդին ու նրա ջահելներին դուր եկավ։ Միշտ եղել է երկու կադաստրային արժեք։ Մեկը ծառայել է հողի հարկին ու գույքահարկին, մյուսը՝ դրա օտարման գնին՝ պետական ու համայնքային, որովհետեւ դրանք շուկայական գներ չունեին ու գնահատվում էին մոտարկված գներով։ Այն ժամանակ 60 հազար դրամը, 1 քառակուսու դեպքում, Երեւանի Կենտրոնի համար լուրջ գումար էր։ Այս գինը հողի հարկի ու գույքահարկի հետ, որոնք ֆիսկալ խնդիր էին լուծում, կապ չուներ, այն զուտ օտարման գործարքներում էր կիրառվում։ Հիմա սահմանեցին մի գին, որը 330 հազար է, եւ հող, թե շենք՝ նման տարբերակում էլ չկա։ Կլանման սկզբունքով երկու այս արժեքները, որոնք հաշվարկի տարբեր եղանակներ ունեին, կպցրեցին իրար, սահմանեցին «կադաստրային արժեք» ասվածը, որը հիմա ծառայում է ե՛ւ հողի հարկի, ե՛ւ գույքահարկի, անունն էլ դրեցին՝ «շուկային մոտարկված գին»։
Խնդրեցինք սոցիալական բաղադրիչի վերաբերյալ մի քանի հարցի պատասխանել։ 

- Պարոն Մարտիրոսյան, գույքահարկի գծով տարիներ շարունակ մեծ պարտքեր են կուտակվել։ Մարդիկ կադաստրային արժեքից հաշվարկվող գույքահարկը տարիներով չէին մուծում, հիմա ի՞նչ երաշխիք, որ այս՝ ավելի մեծ գումարները, որոնք Փաշինյանի կառավարությունն է սահմանում, կկարողանան մուծել։

- 2008 թվականից հետո կուտակված գույքահարկի գծով պարտքերը կառավարությունը երկու անգամ համաներմամբ զիջեց։ Կար մայր գումար ու տույժ-տուգանքներ, որոնք ահռելի չափերի էին հասել, ու որոնք մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը, մայր գումարների մասով, ներվեցին։

- Կարծեմ, այն ժամանակ մոտ 6 մլրդ դրամ միայն գույքահարկը ներվեց։

- Այո, գումարը չէր հավաքվում, ու եթե հետեւեինք օրենքին, պետք է մտնեինք դատարան ու մարդկանց ունեզրկեինք՝ գույքի վրա բռնագանձում տարածելով։ Մեծ քանակությամբ մարդիկ եղան, որոնք մարեցին պարտքի մի մասը, բայց էլի մնացին չվճարողներ։ Ես առավել քան համոզված եմ, որ այսօր էլ կա չվճարումների մեծ քանակ։ Կարծում եմ, որ գույքահարկի նոր համակարգի պայմաններում եւս մեծ մասը չի կարողանալու մուծել։ Հիշեք, որ մինչեւ այս օրենքն անցկացնելը իրենք հայտարարում էին, որ վերականգնում են սոցիալական արդարությունը, հարկելով դղյակատերերին, բայց եղավ հակառակը։

- Պարոն Մարտիրոսյան, նախկինում կային կոռուպցիոն սողանցքներ, գույքի կադաստրային արժեքը որոշելիս, երբ նույն գոտիում գտնվող բնակարանների համար անհասկանալիորեն տարբեր արժեքներ էին նշվում։ Հիմա շուկայական մոտավոր գների պայմաններում այս կամայականությունները չե՞ն ավելանա։

- Սողանցք ասվածը հարաբերական է։ Տան գնահատումն իրականացվում է ըստ տարածականացման գոտիների, հաշվի առնելով նաեւ որոշակի այլ գործակիցներ, որոնք նվազեցնում ու բարձրացնում են տան արժեքը։ Իհարկե, երբ որ կադաստրային արժեքը բարձրանում է, Ձեր ասած ռիսկերը գումարային առումով նույնպես բարձրանում են։ Բայց սա հարցի մյուս կողմն է։ Ավելի կարեւոր է այն, որ կադաստրային արժեքի բարձրացումը, ըստ այդմ՝ նաեւ գույքահարկի կտրուկ փոփոխությունը, ժամանակավրեպ է սոցիալական ու տնտեսական լուրջ ճգնաժամի պայմաններում։ Ու Ջանջուղազյանի պնդումը, որ բյուջեի վրա սա չի ազդելու, սա համայնքային բյուջեի վրա է ազդում, սին է, որովհետեւ համայնքի չհավաքագրված բյուջեն դոտացիայով կամ սուբսիդիայով դուք վերականգնում եք։

- Փաստորեն, շուկայական գնից է կախված, թե ես ինչ գույքահարկ կտամ։ Այս հաշվարկի եղանակը որքանո՞վ է արդարացված Հայաստանի համար։

- Բացարձակապես անընդունելի է նման մոտեցմամբ հաշվարկը։ Ամենաճիշտ ձեւն առաջարկեց Ջրբաշյան Տիգրանը՝ Հ1-ով, որ պարտադիր այս հարկերը պետք է կապվեն անձանց եկամուտների հետ։ Եթե ես եկամուտ չունեմ, պետք է հարկ չտամ։ Այդ նույնն անում են Վրաստանում։ Այնտեղ դուք հարկատու եք դառնում, երբ ձեր կամ ձեր ընտանիքի տարեկան եկամուտը գերազանցում է 40 հազար դոլարը։ Իրենց մոտ շուկայական արժեք է։ Մենք Հայաստանում քանի՞ հոգի ունենք, որ ամսական 1000 դոլարից ավելի են ստանում․ նախարարներն են, փոխնախարարները, պատգամավորներ, մարզպետներ, որ իրենց պրեմիաներով հասնում են դրան։ Վրաստանի տրամաբանությամբ, միայն նրանք հարկատու կդառնային, եւ դա ճիշտ է։ Բայց այստեղ ասում են՝ ունես-չունես, պետք է տաս։

- Կամ էլ ժառանգը պետք է տա։

- Այդ կարգավորումը չկա։ Հայտնի չէ, թե այդ մարդու վրա ինչ պարտավորություն կա, տույժ ու տուգանքն էլ հետն է, թե չէ, այսինքն, կարող է մեկ էլ պարզվի, որ ժառանգությունն ընդունելով, մարդը մի 100 հազարի պարտքն էլ հետը վերցնի, այդ դեպքում տունն ի՞նչ է անելու, եթե դա այդքան չարժե։

- Պարոն Մարտիրոսյան, մենք քաղաքներում աղքատների գետտոներ ենք ունենալու, եթե այս օրենքը կիրառեն։ Այդպես չի՞ լինելու։ Աղքատներին քշելու են ծայրամասե՞ր՝ «Բանգլադեշ», Աջափնյակ։

- Մի քանի սեգմենտից են դրա հետեւանքները։ Մեկը, անշուշտ, դա է լինելու։ Հասարակությունն արհեստականորեն տանելու են շերտավորման։ Կենտրոնը դառնալու է Բեւերլի Հիլզ, եւ դեռ հարց է՝ կկարողանա՞ն աղքատները «Բանգլադեշում» տուն առնել։ Այդպես չէ, որ տները «Բանգլադեշում» կամ Դավիթաշենում այնքան էժան են լինելու, որ մարդիկ այնտեղ տուն առնեն։ Երեւանը մեգապոլիս չէ, մեծ քաղաք չէ, որ մտածես՝ ծայրամասի տունը շատ ավելի էժան է, որովհետեւ մի 100 կմ հեռու է կենտրոնից։ Երեւանը Փարիզ կամ Նյու Յորք չէ, սա փոքր, կոմպակտ քաղաք է։ Մեծ գրադացիա կենտրոնի ու ոչ կենտրոնի մեջ չի լինելու։ Հիմա էլ մեծ չէ տարբերությունը։ Բայց տեսեք․ եթե մեկնարկային գինը բարձրացնում են, շուկայականի մոտարկայինը բարձրանալու է, եւ, ասենք, 10 մլն դրամանոց գույքի արժեքը դառնալու է 40 մլն։ Մարզերում նույն վիճակն է լինելու։ Մարդիկ չեն վճարելու ու վերջ։ Սպասելու են, մինչեւ մեկը գա ու ասի՝ եթե ուզում ես գնել, այսքանը կվճարես, ու վերջ, կամ էլ մարդուն ասելու են՝ երբ որ տունդ կծախես, մեր գույքահարկը կբերես, կտաս։ Եթե անձանց, ընտանիքի կամ իրավաբանական անձանց եկամուտների հետ չի կապվում այս համակարգը, այն չի աշխատի։

- Ի դեպ, այն սեփականատերերը, որոնք ունեն հողամասեր, մեծ շինություններ, իրավաբանական անձինք, ի՞նչ են անելու, ու ի՞նչ հետեւանք կունենա գույքահարկի նոր համակարգը նրանց համար։

- Նրանք, ովքեր նման տարածքներում կոմերցիոն գործունեություն են ծավալում, ուզեն, թե չուզեն, շեշտակի ավելացնելու են իրենց ծառայությունների ու ապրանքների գները։ Սրանով լուծում են կյանքը թանկացնելու խնդիրը։