Լուկաշենկոն կթուլանա, կդառնա ավելի ռեակցիոն

Լուկաշենկոն կթուլանա, կդառնա ավելի ռեակցիոն

Հետխորհրդային տարածքի երկրներում, այսպես ասած 90-ականներից եկած ղեկավարներից թերեւս միայն Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարաբեւն էր, որ այսպես ասած «պատվով հեռացավ» երկրի ղեկավարի պաշտոնից, թեեւ դա դեռ մեծ հարց է, թե նա որքանով է հեռացել, որքանով մնացել։ Բելառուսում, որտեղ կիրակի օրը տեղի ունեցան նախագահական ընտրություններ, աննախադեպ դեպքեր են տեղի ունենում։ Բելառուսը, որտեղ դեռ անցյալ տարի այս օրերին անհավանական էր, որ որեւէ հանրային հուզում լինի այն էլ քաղաքական հողի վրա, այսօր դարձել է եռացող կաթսա, եւ արդեն քանի օր է բողոքի ակցիաները չեն դադարում։ Փորձենք հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, եւ ինչ կարող է լինել հետո։ Քաղաքագիտական որոշ շրջանակներ նշում են, որ ներքին իրավիճակը Բելառուսում այսքան չէր շիկանա, եթե չլիներ կորոնավիրուսային համավարակը եւ եթե դրանով պայմանավորված իրենց ողջ ցցունությամբ չհառնեին սոցիալ-տնտեսական բնույթի այն խնդիրները, որոնք այսօր առկա են Բելառուսում։ Բացի այդ, պակաս կարեւոր չէր նաեւ Բելառուս-Ռուսաստան հարաբերությունների վիճակը։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ դրանք լավագույն փուլում չեն։

Ռուսաստանը նվազեցրել է տնտեսական այն բոնուսները, որոնք տալիս էր Բելառուսին։ Դա ակնհայտ նյարդայնացնում էր Բելառուսի նախագահին, որովհետեւ հասկանում է, որ մեծ խնդիրների առաջ է կանգնելու։ Միայն վերջին նախագահական ընտրությունների քարոզարշավը եթե միայն վերլուծենք, ապա այն անցավ հակառուսական հռետորաբանության ներքո։ Բացի այդ, արդեն զուտ ներբելառուսական մակարդակում մարդիկ եւ նաեւ էլիտաները տեղի, հոգնել են Լուկաշենկոյի կիսադիկտատորական ռեժիմից եւ ցանկանում են փոփոխություններ, գոնե մինչեւ Ռուսաստանի վիճակի, եթե չասենք ավելին՝ զուտ եվրոպական իրականությանը համարժեք փոփոխություններ։ Մարդիկ ուզում են փոփոխություններ, մարդիկ իրենց բոլոր խնդիրները կապում են Լուկաշենկոյի վարչակազմի հետ։ Իրավիճակն ինչ խոսք նման էր Հայաստանի՝ այսպես ասած նախահեղափոխական իրավիճակին։ Հայաստանում էլ, Սերժ Սարգսյանի իշխանության վերջին փուլում մարդիկ բոլոր տեսակի դժվարությունները կապում էին Սերժ Սարգսյանի իշխանության հետ, ցանկանում փոփոխություններ եւ կարծում, որ իշխանության փոփոխությունը կլուծի բոլոր խնդիրները։ Այս տրամադրությունները տիրապետում էին նաեւ ընտրությունների ժամանակ։

Մեծ հաշվով Բելառուսում ընտրողները ընդդիմության միասնական թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային ընտրում էին ոչ այն պատճառով, որ հավանում են նրա ծրագիրը, մեծ հաշվով նա ծրագիր չի ներկայացրել նույնիսկ, այլ ընտրում էին Տիխանովսկայային, որ չանցնի հանկարծ Լուկաշենկոն։ Ընտրությունների արդյունքները կարելի էր համարել կանխատեսելի։ Վտանգավորը թերեւս այժմյան վիճակն է։ Լուկաշենկոն վերջին մի քանի օրերին ընդգծված հասկացրեց, որ հետագա պաշտոնավարումն անցնելու է հակաարեւմտյան դրոշի ներքո։ Արեւմուտքն էլ կարելի է ասել՝ հակալուկաշենկոյական տրամադրություններով է պաշարված։ Գերմանիայում նույնիսկ փորձում են վերստին օրակարգ բերել Լուկաշենկոյի հանդեպ նոր սանկցիաներ սահմանելու հարցը։ Բելառուսում հետագան լինելու է բավական ռեակցիոն եւ լիովին դիտկատորական։

Պատկերացնենք մի պահ, որ 2018 ապրիլ-մայիսին Սերժ Սարգսյանը գնար Լուկաշենկոյի ճանապարհով։ Հասկանալի է չէ, թե ինչպիսի բարդ իրավիճակում էր հայտնվելու երկիրը։ Դեռ Բելառուսի դեպքում ռեալ-պոլիտիկի տեսանկյունից դիտարկած, կարելի է, որ Արեւմուտքը կամ Մոսկվան ինչ որ բաներ պոկելով աչք փակի շատ նեգատիվ երեւույթների վրա, իսկ կորզելու ինչ էր մնացել Հայաստանում, եթե ոչ միայն օդն ու քարերը, քանի որ ամեն բան արդեն կորզել վերջացրել էին։ Տիխանովսկայան հիմա վտարանդի է դարձել, հանդես է գալիս ցույցերը դադարեցնելու կոչերով, սակայն նրա կողմնակիցները, չնայած ուժայինների՝ երբեմն մարդկայնության սահմանները հատող ճնշումներին, կարծես թե հակված չեն նահանջելու եւ կարծում են, որ Տիխանովսկայան կոչեր է անում ճնշումների տակ։ Բելառուսն էլ հասկանալի է, ավելի կթուլանա, Լուկաշենկոն էլ կդառնա ավելի ռեակցիոն։