Էշի խնջույքին պատրաստվելիս

Էշի խնջույքին պատրաստվելիս

Իմ մի հոդվածից  այնպիսի տպավորություն է առաջացել, թե ես նստել ու մտորել եմ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների մասին: Հավանաբար պատճառն այն է, որ հնարավորինս մեղմ արտահայտություններ եմ գործածել այդ ընտրությունների, դրանց կազմակերպիչների և արդեն հայտնի մասնակիցների մասին: Իսկ ինչ վերաբերում է «Ապրելու երկիր» կուսակցությանն ու նրա ղեկավար Մանե Թանդիլյանի շուրջ իմ «մտորումներին», ապա դրանք այնքան ջերմ էին թվացել նշված քաղաքական ուժի կողմնակիցներին, որ որոշել էին մի քիչ էլ իրենք մտորել «Ապրելու երկրի» և Մանե Թանդիլյանի հնարավոր հաղթանակի մասին: Մտորեք, սիրելի ապրելուերկիրականներ, մտորեք, մտորելը երբեք էլ առողջությանը վնաս չէ:

Իսկ հիմա մի քանի խոսք այն մասին, թե ինչ եմ մտածում Երևանի ընտրությունների մասին, որ հնարավոր է տեղի ունենան առաջիկա սեպտեմբերի երկրորդ կեսին: Նախևառաջ նշեմ, որ դա ոչ թե ընտրություն է, այլ էշի հարսանիք, որի նպատակը Նիկոլի սասանված հեղինակության փոքրիշատե վերականգնումն է: Երևանում Նիկոլի պարտությունը կազդարարի ճամպրուկները հավաքելու գործընթացի սկիզբը, մինչդեռ Նիկոլը սարսափում է «մեկ կանեցով» ուղևորություններից և ամեն ինչ կանի, որ Երևանում իր թիմի «հաղթանակը» ծառայեցնի վարչապետի երերացող աթոռը պահելուն: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Երևանի «սանձերն» իր ձեռքում պահելու համար նա արդեն երկու քաղաքապետ է փոխել, նշանակել է երրորդին և արդեն մեկ տարի է, ինչ քարոզարշավի մեջ է: Հետևություններն արեք ինքներդ:

Եվ ուրեմն, Նիկոլի կազմակերպած այս էշի հարսանիքը թույլ չտալու համար, պետք է երկու բան: Առաջին՝ ս... անել Նիկոլին և երկրորդ՝ ՔՊ-ին արգելել մասնակցել Երևանի ընտրություններին՝ երբ էլ դրանք տեղի ունենան: Նիկոլի հետ այս ընտրություններին գնալը նույնն է, թե մասնակցես նրա կազմակերպած էշի հարսանիքին: Այստեղ կուզենայի ձեզ հիշեցնել հարսանիքի մասին՝ երջանկահիշատակ Գալուստ Սահակյանի ասույթներից մեկը: Գրիգորիչն ասում էր՝ հարսանիքը հարսանքավորներով է գեղեցիկ: Բան չունեմ ավելացնելու՝ գնացեք և մասնակցեք Նիկոլի էշի հարսանիքին: Իսկ թե ինչպե՞ս իշխանությունից վռնդել Նիկոլին այս կարճ ժամկետում, դա արդեն բուն, իսկական, ծայրահեղ, արմատական, ինստիտուցիոնալ (ինչպես ուզում եք) ընդդիմության և նրա ընտրազանգվածի պրոբլեմն է:

Իմ հոդվածում գրել էի, որ խորհրդարանական ընդդիմությունը հապաղում է հայտարարել իր մասնակցության ձևաչափի մասին: Գրել էի՝ դեռ մտածում են. թեկնածո՞ւ առաջադրեն, թե՞ թեկնածուներ, ավելի քաղաքականացնե՞ն այս էշի հարսանիքը, թե՞ թողնեն, որ հարսանքավորները մի լավ պարեն: Ես բուն ընդդիմության խոհանոցում այնքան հաճախ չեմ լինում, որ ձեզ 100 տոկոսով ասեմ, թե ինչ կանեն ընդդիմադիրները, բայց, կարծում եմ, հաստատ այնպիսի բան չեն անի, որից օգտվեն Նիկոլի շուրջ ընդդիմադիր ձևացող պատեհապաշտները: Իսկ «Ապրելու երկիրին» ու Մանե Թանդիլյանին էլ խորհուրդ կտայի պարն սկսել ոչ թե հարսանիքից առաջ, այլ առնվազն հարսանիքի ժամանակ, երբ կենացները կսկսեն քաղցրանալ: Այլապես առանց այն էլ պատեհապաշտների պակաս հրավիրյալների մեջ չկա, և նրանց հետ խառնվելու վանգը մեծ է:

«Հրապարակի» իմ գրչակից բարեկամ Վախթանգ Սիրադեղյանը, շարունակելով Երևանի ընտրությունների մասին իմ «մտորումները», բավականին ոգևորվել է դրանցից ու Մանե Թանդիլյանի գովքն արել՝ չմոռանալով նշել «Ապրելու երկիր» կուսակցությանն առաջ մղող ուժին՝ «միջազգային մակարդակի գործարար և սոցիալական ներդնող» Ռուբեն Վարդանյանին և նրա գործերը: Ներնագիրն էլ դրել է («Ինչո՞ւ հենց Ապրելու երկիրը»), որ քիչ է մնում գնաս ու, հարսանիքը չսկսված, քվեարկես այդ կուսակցության օգտին: Բա «Ապրելու երկիրի» հաջողություններն ու ծրագրերը… Ոչ ուտես, ոչ խմես՝ Ալավերդիում տարած հաղթանակով ու Երևանում կառուցվելիք ճոպանուղիների ցանցով հիանաս: Այս ամենը դեռ ոչինչ, մի կերպ կարելի է տանել, բայց ի՞նչ անել, երբ Վախթանգ Սիրադեղյանը Խորհրդարանական ընդդիմությանն առաջարկում է համախմբվել Մանե Թանդիլյանի շուրջ: Ընդդիմությանն ասում է՝ դուք շանս չունեք, Ավինյանը մի քանի դրական բան անի՝ ձեզ կկրի: Դուք, ասում է՝ Նիկոլի հրաժարականն եք պահանջում, իսկ Մանե Թանդիլյանը նման բան չի ասում և ընդամենն ուզում է ստանձնել Երևանի կառավարման ղեկը: 

Ես ակամա հիշեցի Էդմոն Մարուքյանին: 2020թ. աշնան վերջին, թե ձմռանը, երբ առաջարկ եղավ ընդդիմության մեկ թեկնածուով հրաժարական պարտադրել Նիկոլին և խորհրդարանով նոր վարչապետ ընտրել, Էդմոնն իսկույն առաջ թռավ ու հայտարարեց, թե իշխանական պատգամավորներն ավելի շուտ իրեն ձայն կտան, քան որևէ արմատական ընդդիմադիր թեկնածուի: Վախթանգ Սիրադեղյանն, ըստ էության, հենց այդ մոտեցումն է թմբկահարում՝ Նիկոլը Երևանի ավագանիում ավելի շուտ Մանե Թանդիլյանին տեղ կտա, քան արմատական ընդդիմության որևէ թեկնածուի: Չեմ վիճում, Նիկոլը հենց այդպես էլ կվարվի, իսկ հետո, ինչպես Էդմոնի դեպքում եղավ, մի լավ պաշտոն Մանե Թանդիլյանին, մի լավ պաշտոն, ընդհուպ փոխվարչապետի Ռուբեն Վարդանյանին, «Ապրելու երկիր» կուսակցության վերջնական «լուսավորում» և… Finita la Commedia, ախպերս որ դու ես:

Հ.Գ. Շարունակելով մտորել Երևանի ընտրությունների մասին՝ առաջարկում եմ՝ թույլ չտալ 2021թ. ԱԺ արտահերթ և անփառունակ ընտրությունների կրկնությունը Երևանում: Ի վերջո ինչքա՞ն կարելի է պարել կապիտուլյանտ Նիկոլի կազմակերպած էշի հարսանիքներում: Պետք է ընդամենը 5 օր պինդ կանգնել փողոցում, ժամանակ տալ նրան՝ ճամպրուկները հավաքի ու ստերիլ եղանակով ս-ն քաշի Հայաստանից: